Լրահոս
Օրվա լրահոսը

Ատելության խոսքի «արտանետումը»

Մարտ 01,2016 10:00

Արդեն 8-րդ տարին է, որ մենք Հայաստանում չենք կարողանում լիաթոք ուրախանալ գարնան առաջին օրով, որովհետեւ այն մեր գիտակցության մեջ մխրճվել է որպես «մարտի 1»: Պարզ է, որ 10 անմեղ մարդկանց սպանությունը հոգեբանական բեռ է մնալու այնքան ժամանակ, մինչեւ նրանց սպանածները եւ սպանելու հրաման տվածները չկանգնեն դատարանի առաջ: Դա վրեժխնդրության ծարավ չէ, պարզապես քիչ թե շատ ապահով զգալու ցանկություն: Վստահ եմ, որ գերմարդկային ճիգեր պետք չեն այդ հանցագործությունը բացահայտելու համար, պետք է պարզապես քաղաքական կամք, որն առայժմ չկա: Եթե այդ կամքը դրսեւորի հաջորդ իշխանությունը, ապա, վախենամ, թացն ու չորն իրար խառնվեն եւ քաղաքական կամքը վերածվի քաղաքական հաշվեհարդարի:

Այդպես եղավ 1998 թվականի փետրվարից հետո, երբ համեմատաբար նոր իշխանությունը, հավանաբար, ինչ-ինչ բարդույթներից ելնելով, գայթակղություն ունեցավ վրեժ լուծելու «նախորդ հանցավոր ռեժիմի» ներկայացուցիչներից: Արդարադատություն պետք է իրականացվի հիմա, երկու տարուց դա այլեւս արդարադատություն չի լինի:

«Մարտի 1-ը» բացահայտելու անհրաժեշտության մասին խոսվել է եւ այսօր շատ կխոսվի: Ինձ այս առիթով ավելի շատ հուզում է մեկ այլ իրադարձություն, որը կարծես թե այդ սպանդի հետ կապ չունի` ԱԺ էթիկայի հանձնաժողովի որոշումը` չդատապարտել պատգամավորներից մեկի արտահայտվելու ագրեսիվ ոճը: Մեկն ականջ կտրելու հեռանկարով է «սաստում» հակառակ կարծիք ունեցողին, մյուսը` բռնաբարության սպառնալիքով: Սակայն դա նորմալ, բնականոն գործընթաց է համարվում` չի կարեւորվում խոսքի արժեքը:

Այնինչ եթե մեկն ասում է, օրինակ, «սրանց պետք ա գյուլլել»` դրանք պարզապես օդի մեջ ասված բառեր չեն: Դրանք տատանումներ են, որոնք միանալով այլ տատանումների հետ՝ ի վերջո բերում են պայթյունի: «Հոկտեմբերի 27»-ը եւ «մարտի 1-ը» նման պայթյուններ են, որոնք հետ են գցել մեր պետությունը մի քանի տարով, գուցե տասնամյակով: Հիշենք, թե ինչ բառապաշար էին օգտագործում «հակամարտող կողմերը» 2008 թվականի ընտրություններից առաջ, ընդ որում՝ իշխանությունն իր «հայլուրատիպ» խոսափողերով 10 անգամ ավելի ագրեսիվ էր:

Երբ «ֆայլա-բազարի» բեռնակիրն է «մթնոլորտ նետում» «ականջ կտրելու» եւ «բռնաբարելու» սպառնալիքներ, դա ծխախոտի ծխի նման փոքրիկ ամպիկ է, երբ դա անում է պատգամավորը կամ լրագրողը, դա նման է մեծ գործարանի թունավոր արտադրամասի հզոր արտանետման: Մարտի 1-ի մեղավորները պետք է պատժվեն՝ դրա մասին խոսք չկա: Բայց դա անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է, որ նման հանցագործություններ այլեւս չկրկնվեն:

…Ի դեպ, ո՛չ տանը, ո՛չ էլ որեւէ այլ վայրում, ո՛չ իրական, ո՛չ էլ վիրտուալ տարածքում ինձ ոչ ոք երբեւէ չի սպառնացել ականջներս կտրել: Ոչ էլ, բնականաբար, ես եմ սպառնացել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Ով ականջ ունի, թող լսի»:

    (Մատթեոս 13:9)

    • liza says:

      “….ինձ ոչ ոք երբեւէ չի սպառնացել ականջներս կտրել…” Արամ ջան լզգույշ եղիր ականջ կտրող պատգամավորն արդեն carte blanche ստացավ: Еще не вечер……..

  2. Աբո says:

    Գիտեք ո՞նց են վարձու մարդասպանները աշխատում: Առաջին կրակոցից հետո անպայման գլխին են մի հատ էլ կրակում «контрольный», որ էլ փրկության հնարավորություն չլինի: Հոկտեմբերի 27- ը դա սպանության կրակոցն էր, իսկ մարտի 1- ը «контрольный» կրակոցն էր:

  3. Կարո Մելիքյան says:

    ….Կոմունիստների օրոք,ԳՈՒԼԱԳ,բռնադատություններ,քաղաքական տեռոր ու գնդակահարություներ,ընտրություն-չնտրություններ…,որոնց արդյունքում,երկիրը կանգնեցրին կրախի առջեւ,հիմա էլ սրանք՝նախկին կոմսոմոլ ժառանգորդները,(ծառի տերեւը, հո ծառից հեռու չի՞ ընկնում) շարունակում էն նույն ոգով,ինչ իրենց հայրերն ու պապերն էն արել,մինչեւ երբ՞ ( հոկտ.27,մարտի 1),թող լավ գիտակցեն,որ ԿՐԱԽԸ նրանց էլ է դիպչելու, ուշ թե շուտ,այնպես որ,պատմությունը կրկնվելու հատկություն ունի,ուշքի եկեք…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031