Լրահոս
Օրվա լրահոսը

«էլեկտրիկ Երևան»-ի լուսանկարչական և վիդեո նկարահանումները՝ մեկ ցուցահանդեսում

Փետրվար 29,2016 23:58

Նախորդ տարվա ամռանն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված հասարակական բողոքը պատկերող լուսանկարներից շատերը փետրվարի 29-ից մինչև մարտի 30-ը կարելի է տեսնել «Ակումբ 11»-ում (Բաղրամյան 17, Ճարտարապետների միություն):

Ներգրավելով տեղի ունեցած դեպքերի, ի հայտ եկած ժեստերի, գրավոր ու բանավոր խոսքերի լուսանկարչական և վիդեո նկարահանումները՝ արվեստագետ Գրիգոր Խաչատրյանն ուսումնասիրել է Բաղրամյան փողոցը մի քանի շաբաթ փակած նստացույցի մասնակիցների և ոստիկանության հարաբերության խնդիրը։

Աղբամաններից կառուցված փխրուն բարիկադը փակել է Բաղրամյան փողոցը։ Դրա մի կողմում ոստիկանությունն է, որն օրենքով նախատեսված իր գործառույթների շրջանակում կարող է դիմել ուժի, մյուս կողմում՝ զայրացած քաղաքացիները:

Գրիգոր Խաչատրյանի համար խնդրահարույցը այդ բաժանումն է։ Նա իր նախագծով հարց է բարձրացնում՝ կարո՞ղ է արդյոք սերը դառնալ հանրային դիմադրության ու պայքարի միջոց՝ ընդդեմ ոստիկանական բռնության։

«Մենք փորձում ենք այս ցուցահանդեսի միջոցով ասել, որ կարող ենք ինչ-որ բանի հասնել, երբ կարողանում ենք իրար սիրել, հետևաբար նաև՝ հասկանալ: Երբ չենք կարողանում իրար սիրել ու հասկանալ, բայց ուզում ենք միմյանց նկատմամբ դիրքավորվել ուժի դիրքերից, մենք իրադրություն ենք ստեղծում մի կողմից բռնության, մյուս կողմից՝ հայհոյանքի (ուժեղի կողմից՝ բռնության, թույլի կողմից՝ հայհոյանքի): Ցուցահանդեսում ներկայացված լուսանկարչական և վիդեո նկարահանումներում կարելի է տեսնել և´բռնության, սպառնալիքի ցուցադրություններ, հայհոյանք, և´ սիրո, քնքշանքի, գորովանքի դրսևորումներ: Այսինքն՝ այն ամենը, ինչ մենք տեսել ենք բարիկադի երկու կողմերում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ցուցահանդեսի համադրող, արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանը:

Ցուցահանդեսում ներկայացված են նաև Hetq.am-ի ֆոտալրագրող Նարեկ Ալեքսանյանի լուսանկարած մի քանի լուսանկարներ. «Գրիգոր Խաչատրյանը խնդրեց «էլեկտրիկ Երևան»-ից այնպիսի լուսանկարներ տալ ցուցադրության, որոնցում սեր կա: Հիշում ենք, որ այդ ընթացքում մի կողմից բռնության վտանգն էր, որ ամեն վայրկյան ոստիկանները կարող են ցրել մարդկանց, իսկ մյուս կողմում կյանքն էր՝ իր բոլոր, այդ թվում նաև սիրո դրսևորումներով»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց ֆոտոլրագրողը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29