Փետրվարի 29-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը մինչ բովանդակային խնդիրներին անդրադառնալը, աշխատակազմին տեղեկացրել է, որ քաղաքաշինության նախարարի գլխավոր խորհրդական է նշանակվել Ռուզան Ալավերդյանը, ով երկար ժամանակ զբաղեցնում էր քաղաքաշինության փոխնախարարի պաշտոնը: Նախարարը ներկայացրել է նաև Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն Անուշ Տեր-Մինասյանին, մաղթելով նրան արգասաբեր գործունեություն:
Անդրադառնալով քաղաքաշինության նախարարության առաջիկա անելիքներին, նա հանձնարարել է նախարարության ոլորտային պատասխանատուներին՝ նախարարի մոտ կազմակերպել խորհրդակցություններ՝ գնագոյացման, պետական փորձաքննության, ինչպես նաև՝ ներդրումային ծրագրերի և աղետի գոտու հիմնահարցերի (ԲԳՎ-ների բաշխում, Ախուրյանի շինարարություն) վերաբերյալ:
Քաղաքաշինության նախարարն անդրադարձել է նաև հանրապետությունում առկա 230 կիսակառույցների (որոնց հաշվառումը և գույքագրումը նախարարությունն իրականացրել է անցյալ տարի) խնդրին, հանձնարարելով դրանց վերաբերյալ համապատասխան առաջարկություններ ներկայացնել:
ՀՀ քաղաքաշինության նախարարություն