«Գործի քննություն պետք է լինի, որ գնահատես»,- փետրվարի 29-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Մարտի 1-ի գործին, ասաց ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ գործը, ըստ էության, չի քննվում. «Մարտի 1-ի գործը, ինչքան էլ ամպագոռգոռ հայտարարություններ արեցին, որ վերաբացվում է, նորից տղամարդու խոսք տվեցին, որ պետք է սայլը տեղից շարժեն եւ այլն, եւ այլն, այս բոլորը դատարկություն է: Իրականում, շարունակվում է նույն հին պարտակման քաղաքականությունը, որը մենք ունենք 2008 թվականի մարտի 1-ից ի վեր»:
Վաղը՝ մարտի 1-ին, Հայ Ազգային Կոնգրեսը, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը և «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը համատեղ հավաք-երթ են կազմակերպել. «Սա շատ կարեւոր միջոցառում է նաեւ այն իմաստով, որ իշխանությունները պետք է տեսնեն, որ հայ ժողովուրդը չի հարմարվել այդ իրողության հետ, հայ ժողովուրդը չի հաշտվել այդ ոճրագործության հետ, որ հայ ժողովուրդը պահանջում է եւ շարունակում է պահանջել ոճրագործության բացահայտումը, բոլոր կատարողների եւ կազմակերպիչների պատժումը: Իրականում, մեր այդ ավանդական դարձած երթերը, երթ են կամ ճանապարհ են դեպի արդարադատության վերականգնում, դեպի մարդուն կյանքի իրավունքի, ազատության, ազատասիրության, ժողովրդավարության բոլոր մեր իրավունքների վերականգնման»:
Հարցին, թե Մարտի 1-ի գործը հեշտ բացահայտվող գո՞րծ է, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Բայց երբ որ գործը պետք է բացահայտի նա, ով դա արել է, ի՞նչ եք կարծում, դա հեշտ բացահայտվող գո՞րծ է: Շատ հեշտ բացահայտվող գործ է, ընդամենը պետք է հետազոտել հրամանի շղթան: Այդ մարդիկ հրամաններ են ստացել այդ ոստիկաններից, կրակողներից, ոչ ոք չի գործել առանց հրամանների: Ընդամենը պետք է այդ հրամանների շղթան անցնել մինչեւ վերջ: Եվ հասկանալի է, երբ որ իշխանության են մարդիկ, որոնք կանգնած են այդ հրամանների շղթայի վերջում, նրանք թույլ չեն տա, որ քննությունը գոնե 1 քայլ առաջ կատարի դեպի այդ ոճրագործության բացահայտումը»:
Կարդացեք նաև
Ինչպես հայտնի է, ՀԱԿ-ն առաջարկում է մարտի 1-ը նշել որպես 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության եւ բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր: Անդրադառնալով այդ հանգամանքին՝ Լեւոն Զուրաբյանն ասաց. «Այո՛, մենք սրանով ուզում ենք ասել, որ ժողովուրդը, հասարակությունը, մենք չենք հաշտվում այս իրողության հետ: Մենք մինչեւ վերջ պայքարելու ենք, եւ այո՛, այս օրը ինչպես ունեցել է խորհրդանշական խորը իմաստ, շարունակելու է դա ունենալ անգամ բացահայտումից հետո: Որովհետեւ սա պետք է դառնա հիշեցում մեզ բոլորիս, որ նման հանցագործությունները պատժվում են եւ երբեք չպետք է կրկնվեն: Որովհետեւ սա բացառիկ բան է, առաջին անգամ էր հայոց պատմության մեջ, երբ որ իշխանությունը կրակում է սեփական ժողովրդի վրա մահաբեր զենքով, ոչ մի ժողովուրդ չի կարող սրա հետ հաշտվել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Մարտ 1-ի դէպքերի կապակցութեամբ, նաեւ խայտառակ իրողութիւն է որ Լեւոն Տէր-Պետրոսյան օրինական հետապնդումի չենթարկվեցաւ բնաւ: Ի տարբերութիւն Նիկոլ Փաշինյանի մը, որ գոնէ ստանձնեց այդ դէպքերուն վերաբերեալ իր պատասխանատվութեան տարրական հետեւանքները, Քրէական Օրէնքի հիման վրայ: