ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի վարույթում քննվող գործով պարզվել են Գեղամասար գյուղի բնակչուհի, 1943թ. ծնված Շ.Գյուլումյանի մահվան հանգամանքները։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ կնոջ մահը հետևանք է ոչ թե դժբախտ պատահարի, այլ՝ կիրառված բռնության։
Փետրվարի 23-ին ահազանգ էր ստացվել, որ Գեղամասար գյուղի բնակչուհի Շուշանիկ Գյուլումյանը (ծնված՝ 1943 թ.) տանիքից վայր ընկնելու հետևանքով մահացել է։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ փորձագետների հետ միասին։
Դիակի զննությամբ՝ տուժողի գլխի և պարանոցի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ. մահվան մասին թիվ 17 բժշկական վկայականի համաձայն՝ Շ. Գյուլումյանի մահվան անմիջական պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը:
73-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում փետրվարի 26-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 117-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հատկանիշներով:
Կարդացեք նաև
Կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ դեպքի օրը կնոջն են այցելել համագյուղացի երկու երիտասարդ՝ նրա իսկ խնդրանքով վերանորոգելու հեռուստացույցի ալեհավաքի մալուխը։
Երիտասարդները կնոջ հետ բարձրացել են տան տանիքը, սակայն չեն կարողացել վերանորոգել այն, ինչն առաջացրել է տանտիրուհու զայրույթը՝ պատճառ դառնալով վիճաբանության։
Նախնական քննության տվյալներով՝ երիտասարդներից մեկը մետաղյա խողովակով հարվածել է նրա գլխին և մեջքին, ապա մյուս երիտասարդը, սեղմելով պարանոցը, շնչահեղձ է արել նրան։
Նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ երկու երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Կատարվել է քննչական փորձարարություն, մի շարք այլ անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, վերցվել են փորձանմուշներ, և քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ Քննչական կոմիտե