Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Գենդերային պոզիտիվ դիսկրիմինացիայի եմ ենթարկել հաղորդման երեք մասնակից տղամարդկանց»

Փետրվար 29,2016 18:30

«Ես չգիտեմ՝ այլ գործիչներից կտրել են, չեն կտրել, ես չեմ կարող ասել՝ իրենց հետ ինչ է տեղի ունեցել, բայց որ կոնկրետ որեւէ բառ անգամ կտրված եւ մոնտաժված չէր, ես կարող եմ միանշանակ պնդել»,- այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ամեն ուրբաթ Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Եռանկյունի» հաղորդաշարի անցած շաբաթվա թողարկմանը մասնակցում էին ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Մեզ հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե հնարավոր է, որ այլոց դեպքում նման հարց եղել է, բայց իր դեպքում վստահաբար չի եղել: «Ես չեմ կարծում, որ այնքան հաճելի խոսքեր էի ասում իշխանությունների հասցեին, որ ականջահաճո էր: Կրկնում եմ, որեւէ բառ կտրված չի եղել»:

Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե հաղորդման ընթացքում Արմեն Աշոտյանն անաչառ չէ եւ խոսելու քիչ ժամանակ է տալիս ընդդիմադիրներին՝ ԲՀԿ նախագահը նշեց, որ. «Որ հաղորդավարը հանրապետական Արմեն Աշոտյանն է եւ, բնականաբար, ունի խիստ ընդգծված հանրապետական կողմնորոշում՝ միանշանակ է: Բայց այն հաղորդումը, որին ես եմ մասնակցել, բոլորից շատ ես եմ խոսել եւ թույլ չեմ տվել Աշոտյանին կամ մյուս մասնակիցներին ինձանից շատ խոսել»:

Հաղորդման վերջում, երբ Արմեն Աշոտյանը եզրափակիչ խոսքն էր ասում՝ Նաիրա Զոհրաբյանն հարցրեց. «Ոնց վերջացա՞վ արդեն: Բայց ես շատ բան ունեի ասելու»: Մեր հարցին, թե փաստորեն ինքը չի կարողացել իր խոսքն ամբողջությամբ ներկայացնել, տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Ես էլի ասելիք ունեի, անկեղծ ասած: Ամեն դեպքում ես կարծում եմ, որ նույնիսկ գերազանցել եմ հավասարությունը, որը պիտի լիներ ու խոսել եմ եւ հաղորդավարից, եւ երկուս մասնակիցներից ավելի շատ: Գենդերային պոզիտիվ դիսկրիմինացիայի եմ ենթարկել հաղորդման երեք մասնակից տղամարդկանց: Հասկանում եմ, որ իրենց դա դուր չեկավ, բայց դե ինչ արած»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ Արմեն Աշոտյանի Ֆեյսբուքի էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29