Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, որ իշխանությունը կարող է զիջել միայն այն դեպքում, երբ Հայաստանում ձեւավորվի միասնական պլատֆորմ, որը պետք է առաջնորդեն հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակությունը եւ քաղաքական ուժերը նրանց միանան: Եվ առաջարկել էր ստեղծել նման պլատֆորմ:
Փետրվարի 29-ին լրագրողները ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանին խնդրեցին անդրադառնալ այդ առաջարկությանը: Նա ասաց, որ իսկապես, այս պահին պետք է միանալ, եւ ոչ միայն ընդդիմությունը, այլ ամբողջ քաղաքական դաշտը. «Ուղղակի մինչեւ Լեւոն Զուրաբյանի առաջարկությանը մի քանի առաջարկություններ եղել էին, ու վատ է, որ նրանք չէին միացել այդ առաջարկությանը: Բայց դա խնդիր չէ, ուղղակի ես կուզեմ, որ իսկապես անկեղծ լինեն մոտեցումները, որովհետեւ կրկնում եմ, իրենից առաջ արդեն մի քանի հոգի առաջարկել էին այդ գաղափարը, բայց իրենց կողմից որեւէ արձագանք չեղավ: Ինչու եմ դա շեշտում, որովհետեւ միշտ ինչն է պառակտել ընդդիմադիր դաշտը եւ ինչը թույլ չի տվել միավորվել, որ յուրաքանչյուրը մտածել է, որ իր շուրջ եւ իր առաջարկության շուրջը պետք է համախմբվեն: Ես կարծում եմ՝ այս պահին քաղաքական ուժերն իսկապես կունենան այդ իմաստությունը, համարժեք քայլ կանեն: Եթե ընդդիմությունը կարողացավ միասնական տարբերակով ներկայանալ քննարկման ժամանակ, դա բավականին կշիռ կունենա, եւ չեմ կարծում, որ իշխանությունը հաշվի չնստի ընդդիմության հետ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ