Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Մուրադյանն ընդունեց Պիրոժկա Օստլինին, նա փոխանցեց Ժուժաննա Յակաբի ողջույնները

Փետրվար 29,2016 17:21

«Հանրային առողջության նոր մարտահրավերները» խորագրով միջազգային նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով մեր երկիր ժամանած հյուրերից ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն առաջինն ընդունեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի քաղաքականության վարչության ղեկավար Պիրոժկա Օստլինին` կարևորելով ԱՀԿ ներկայացվածությունը։ Պիրոժկա Օստլինն Արմեն Մուրադյանին փոխանցեց ԱՀԿ եվրոպական գրասենյակի տնօրեն Ժուժաննա Յակաբի ողջույններն ու շնորհավորանքները նման կարևոր խնդրի շուրջ տարբեր երկրներին համախմբելու համար։

«Տնօրենը խնդրեց իր մեծ ափսոսանքը փոխանցել համաժողովին մասնակցելու հնարավորություն չունենալու համար։ Նա իր համաձայնությունն է տվել առաջիկայում պաշտոնական այցով Հայաստան գալու առթիվ»,-ասաց Պիրոժկա Օստլինը։

«Հանրային առողջապահական խնդիրները բազմիցս քննարկել ենք Ժուժաննա Յակաբի հետ։ Հուսով ենք, որ Ձեր մասնակցությամբ միջպետական մակարդակով վերլուծությունները հնարավորություն կտան ընդհանրացնելու մեր մոտեցումները»,-ասաց նախարարը` շեշտադրելով, որ չնայած համատեղ ջանքերին` հանրային առողջապահական խնդիրները շարունակում են մնալ խիստ արդիական։

Քննարկման ընթացքում Արմեն Մուրադյանը նշեց, որ Հայաստանում մեծապես կարևորվում է ոչ միայն արհեստավարժությունը, այլև բնակչության շրջանում վարքագծային փոփոխության ապահովումը և այդ նպատակով հանրության տարբեր խմբերի հետ արդյունավետ համագործակցությունը։

Նախարարը նշեց, որ այսօր աշխարհի առջև լուրջ մարտահրավեր է ոչ վարակիչ հիվանդություններով պայմանավորված մահացությունը։

«Ոչ վարակիչ հիվանդությունների հետևանքով աշխարհում տարեկան արձանագրվող 40 մլն մահերի 18 մլն-ը վաղաժամ է»։ Համեմատություններ կատարելով` նա նշեց, որ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներն ավելի քան 10 տարվա ընթացքում շուրջ 100 մլն մարդկային կյանքեր են խլել։ Այնպես է ստացվել, որ ոչ վարակիչ հիվանդությունները ոչ պակաս պատերազմ են հայտարարել մարդկությանը»,-ասաց Արմեն Մուրադյանը` շեշտադրելով համատեղ, համակարգված քայլերի անհրաժեշտությունը։

Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ համաժողովի մասնակից երկրների հետ մոտեցնելով դիրքորոշումները` հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

ԱՀԿ ներկայացուցիչը` բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության այս նախաձեռնությունը` իրենց կազմակերպության կողմից համակողմանի աջակցության պատրաստակամություն հայտնեց։

Նախարարն իր հյուրին ծանոթացրեց մեր երկրում հանրային առողջապահական մի շարք ծրագրեր, մասնավորապես` անդրադարձ կատարելով 2005թ. մեկնարկած «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրով ոչ վարակիչ հիվանդությունների (դիաբետի, հիպերթենզիայի և արգանդի պարանոցի քաղցկեղի) կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգային, ինչպես նաև սոցիալական փաթեթի շահառուների պարտադիր կանխարգելիչ բժշկական հետազոտությունների, այսպես կոչված` «CHECK-UP» ծրագրերը։

«Ունենալով բազմաթիվ խնդիրներ երկրորդային օղակում` մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում առաջնային օղակում, որպեսզի հանրային առողջապահական խնդիրներն ավելի կառավարելի լինեն, որպեսզի խուսափենք առողջապահական դեֆոլտից»,-շեշտեց նախարարը։

Պիրոժկա Օստլինն Արմեն Մուրադյանին ներկայացրեց Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունում մշակվող կրթական և քարոզչական աշխատանքների կազմակերպմանն ուղղված ծրագրերը` հանրային առողջապահական ոլորտում կարևորելով ողջ հասարակության և կառավարությունների ակտիվ մասնակցությունը։

Նա նշեց, որ 2016թ. մայիսին Ժնևում կայանալու է ԱՀԿ հերթական` 69-րդ վեհաժողովը։

«Ժուժաննա Յակաբը ցանկանում է Ձեր թեկնածությունն առաջադրել այդ վեհաժողովում փոխնախագահի պաշտոնում։ Մեզ համար մեծ պատիվ կլինի, եթե Դուք ընդունեք այս առաջարկությունը»,-ասաց ԱՀԿ ներկայացուցիչը` հավելելով, որ առաջարկն ընդունելու դեպքում Արմեն Մուրադյանը վեհաժողովի ընթացքում պետք է նախագահի հետ միասին առանձին պլենար նիստեր վարի։

Նախարարը շնորհակալություն հայտնեց ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավարին` նման պատվաբեր և պատասխանատու առաջարկի համար։

Առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29