Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 1012 քառակուսի մետր մակերեսով ֆուտբոլի խաղադաշտ է կառուցում : Ծրագրի արժեքը 22.5 միլիոն դրամ է: Սակայն աշխատանքները դադարեցված են, գյուղացիների մի խմբի հարուցած արգելքի պատճառով բանվորները գործը թողնելով՝ Մովսեսից հեռացել են: Մովսեսի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանն ասաց, որ խաղադաշտի խնդրի պատճառով ինքն արդեն 20 օր խիստ հուզված վիճակում է: Նրա վկայությամբ՝ տարածքը, ուր պետք է կառուցվի արհեստական խոտածածկով խաղադաշտ, ըստ սեփականության իրավունքի վկայականի՝ պատկանում է դպրոցին, պետական սեփականություն է, ոչ թե` համայնքային: Նրա խոսքերով՝ դպրոցի մարզադահլիճը բավարար չէ ֆիզկուլտուրայի պարապմունքները լիարժեք անցկացնելու համար, ուստի խաղադաշտին կից նախատեսվում է վազքուղի եւ ցատկափոս սարքել: Ռ. Ադամյանի խոսքերով՝ շուրջ 1500 քառակուսի մետր մակերեսով տարածքը անասունների եւ ավտոմեքենաների մուտքից զերծ պահելու համար այն կցանկապատվի, սակայն մշտապես բաց կլինի Մովսեսի բնակիչների համար: Դպրոցի տնօրենն ասաց,որ ֆուտբոլի մեծ, պահանջվող չափանիշներին համապատասխանող, մարզադաշտ այդտեղ հնարավոր չէ կառուցել, քանի որ տարածքն ուղղանկյուն ձեւ չունի, տարածքի երկարությունը մի կողմում 58, մյուս եզրին 48 մ է, միջին լայնությունը՝ 29մ: Դպրոցի կողքին, ճանապարհի եզրին գտնվող տարածքը ներկայումս էլ օգտագործվում է որպես մարզադաշտ:
Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանին հարցրինք ֆուտբոլի խաղադաշտի հետ կապված խնդրի մասին: Նա ասաց,որ մովսեսցիները բնական խոտածածկով խաղադաշտ են ուզում: Նրա վկայությամբ՝ տվյալ տարածքը գյուղի միակ հարթ տարածքն է, այն ունենալու համար 1960-ական թվականներին այնտեղից 4 տների տերերի տեղափոխել են: Գյուղապետի խոսքերով՝ գյուղացիներն ասում են, որ եթե Մովսես քյանդրբազ(լարախաղաց) գա, ճոպանները խաղադաշտի արհեստական ծածկին չեն կարող ամրացնել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ