Այսօր ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, արդարացնելով ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանի՝ «լակոտ, աչքերդ կհանեմ» արտահայտությունը, ասաց, որ իրեն էլ փոքր ժամանակ, պատանի տարիքում մեծերը քիչ չեն ասել՝ լակո՛տ ականջներդ կկտրեմ: Նա նույնիսկ հարցրեց լրագրողներին՝ եթե ձեր հայրը ասեր՝ լակոտ, աչքերդ կհանեմ, դա սպառնալիք կդիտեի՞ք:
Մենք նույն հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ դուք, օրինակ, ձեր երեխաներին ասո՞ւմ եք՝ լակոտ, աչքերդ կհանեմ: Նա պատասխանեց. «Ես աղջիկներիս դժվար այդպիսի բառ ասեմ, տղայիս էլ, հուսով եմ, այլ բառապաշար կօգտագործեմ: Դա կոմունիստական ժամանակներում էր, այն ժամանակ երեխայի իրավունքների մասին շատերը չէին խոսում, հիմա շատ բան է փոխվել: Հիմա ուսուցիչը պետք է երեխայի հետ զգույշ լինի, ծնողները պետք է զգույշ լինեն: Ժամանակի ընթացքում պետք է փոփոխություն լինի»:
Հարցին՝ Դուք ֆեյսբուքում Ձեզ թույլ կտա՞ք Շուշան Պետրոսյանի այդ նույն արտահայտություններով սաստել որեւէ մեկին՝ Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Ֆեյսբուքում եղած իմ գրառումները նայեք եւ կտեսնեք: Մարդիկ կան, ամբողջ օրը ֆեյսբուքում երազում են՝ ոնց գործընկերոջը պիտակավորեն, վիրավորեն, տեղի-անտեղի մի պիտակ վերցնեն ու կպցնեն՝ սկսած դավաճանից: Մարդ կա՝ կարող է դավաճան բառից ավելի շատ վիրավորվի, քան այդ գրածով: Մենք պետք է գիտակցենք, որ ֆեյսբուքյան գրառումները դառնում են հանրային մեկնաբանության առարկա, կարող է 15-ը ասեն՝ շատ լավ ասեց, 15-ը ասեն՝ շատ վատ ասեց: Երբ քաղաքական գործիչ ես, պետք է առավելագույնը ջանաս այնպես խոսես, որ թույլ չտա երկակի մեկնաբանություն: Եթե տենց նայենք՝ որպես քաղաքական գործիչ՝ իրավունք ունենք տեսակետ հայտնել, կարծիք հայտնել՝ որպես քաղաքացի: Ընդամենը ասեցի կոչով դիմեմ, որ ժամանակն է աղջիկների պարտադիր ծառայության խնդիրը քննարկել՝ 3 ամիս կլինի, 6 ամիս կլինի: Մի հատ տեսնեիք ինձ ինչ էին գրել: Ե՞ս ում դիմեմ, ինչի՞ համար: Մարդիկ ազատ են իրենց կարծիքն արտահայտելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ