«Ադրբեջանն աչքի առաջ ունենալով 1915թ. հայերի ողբերգությունը, սկսեց պրպտել պատմությունը` փորձելով գտնել իր «ողբերգական» էջերը: Այդպես մի շարք «ցեղասպանություններ» հայթայթեց, որոնք իբր իրականացրել են հայերը»,-այսօր «Նոյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում, խոսելով Խոջալուի դեպքերի մասին, ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը:
Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմի ընթացքում` 1992 թ. փետրվարին տեղի ունեցած միջադեպի ժամանակ, ըստ ադրբեջանական աղբյուրների, զոհվել են մի քանի հարյուր խաղաղ բնակիչներ: Այլ տվյալներով` զոհերի թիվը մի քանի տասնյակ է: «Խոջալուն գտնվում է Ստեփանակերտի եւ Ասկերանի ճանապարհին: Ասկերանն էլ գտնվում է Խոջալուի եւ Աղդամի մեջտեղում: Այդ բնակավայրերն իրար «բլոկադայի» էին ենթարկել: 2 հայաբնակ բնակավայրերը ռմբակոծվել էին: Երբ իրավիճակը սրացավ եւ «բլոկադան» պատռելու որոշում կայացվեց, առաջինը Խոջալուն էր: Օրեր առաջ հայերն ադրբեջանական կողմին զգուշացրեցին, որ պատրաստվում են գրոհել բնակավայրը եւ կոչ արեցին խաղաղ բնակիչներին դուրս բերել տարածքից: Գրոհից հետո` հաջորդ օրը Աղդամի մատույցներում մի քանի տասնյակ դիեր են հայտնաբերվում: Սա է փաստը: Մնացածը երեւակայություն է: Մարդիկ մոլորվել են եւ ընկել երեք կրակակետերի արանքում: Մի բարձունքում հայկական կողմն է նստած եղել, մնացած երկուսում` ադրբեջանական: Մի մասը զոհվել է ցրտից, որովհետեւ մոլորվել է սարերում: Յուրաքանչյուրը սեփական կերպ է մեկնաբանում, բայց այս դեպքի հարցում լուրջ միջազգային հետաքննության կարիք կա»,-նշեց Արմինե Ադիբեկյանը:
Նա փաստեց, որ Ադրբեջանը Խոջալուի դեպքերը փորձում է ներկայացնել որպես հայերի կողմից իրականացված ցեղասպանություն. «Նպատակը` ունենալ սեփական «ցեղասպանություն» եւ աղմուկ ստեղծել` քողարկելու համար Սումգայիթի դեպքերը: Բացի այդ, հայերին ցանկանում են վարկաբեկել, որովհետեւ ներկայիս աշխարհում ցեղասպանություն գործողը պատժի է ենթակա»: Բանախոսի փոխանցմամբ` Ադրբեջանն այս տարի փետրվարի 26-ին եւս խոստացել էր «Խոջալուի դեպքերի» գործով դիմել միջազգային դատարան, սակայն դա հերթական անգամ տեղի չունեցավ. «Ադրբեջանի գլխավոր դատախազը ելույթ ունեցավ` ասելով, որ չեն կարող դիմել Հաագայի դատարան: Կարծում եմ` չի դիմում, որովհետեւ պատասխանատվության է ենթարկվելու Բաքվի եւ Սումգայիթի դեպքերի համար»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ