Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 9 վարչական արձանագրություն: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ապամոնտաժվել է չգործող 5 կրպակ: Հունվար-փետրվար ամիսներին ապամոնտաժվել է չգործող 54 կրպակ: Քաղաքապետը հանձնարարել է ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող միջոցառումների շրջանակում ակտիվացնել քաղաքացիների հետ տարվող բացատրական աշխատանքները՝ նրանց ուղղորդելով առևտրի համար նախատեսված տարածքներ:
«Բացօթյա առևտրով զբաղվող և դրանով օրվա հացի խնդիրը լուծող մեր համաքաղաքացիների հետ պետք է տանել բացատրական աշխատանքներ: Պետք է փորձենք նրանց չնեղացնելով ցույց տալ ճիշտ ուղղությունները, թե որտեղ կարող են իրականացնել իրենց առևտուրը: Մեր վարչական շրջաններում ունենք փակ շուկաներ, կրպակներ: Միանշանակ է, որ Երևանում պետք է բացառենք բացօթյա առևտուրը, բայց դա չի նշանակում, որ մեր աշխատանքները պետք է կազմակերպենք կոպիտ եղանակով: Այդ ամենը պետք է արվի քաղաքացիներին բացատրելով, օգնելով և ուղղորդելով դեպի առևտրի կազմակերպման համար նախատեսված տարածքներ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Աշխատանքային խորհրդակցության շրջանակում քաղաքապետին զեկուցվել է, որ շարունակվում է հսկողությունը «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող աշխատանքների, ինչպես նաև Ավան և Էրեբունի վարչական շրջաններում կատարվող սանիտարական մաքրման աշխատանքների նկատմամբ: Հանձնարարվել է կազմակերպել տեղային շաբաթօրյակներ՝ բակային տարածքներն ու փողոցները ձմռան ընթացքում կուտակված աղբից մաքրելու համար:
Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի հետ կապված զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 40 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետամուտ լինել արձանագրությունների հիմնավոր և պատշաճ կազմմանն ու հետագա ընթացքին:
Կարդացեք նաև
Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 5 դեպք: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ուժեղացված հսկողությունը:
Նախորդ շաբաթ արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը գույքագրել է մայթերին տեղադրված և քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտող գովազդային վահանակները: Արդյունքում ապամոնտաժվել է թվով 16 գովազդային վահանակ, մյուսների մասով տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ դրանք այլ վայրեր տեղափոխելու համար:
Զեկուցվել է, որ հասարակական տրանսպորտի երթևեկության նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում պարզվել է, որ երեկոյան ժամերին և հանգստյան օրերին բնակչության կողմից դժգոհությունները վերաբերում են հատկապես այն երթուղիներին, որոնց սպասարկող ընկերություններում վարորդների պակաս կա: Համաձայն քաղաքապետին ներկայացված զեկույցի՝ ներկայումս մայրաքաղաքի տարբեր երթուղիներում վարորդների շուրջ 200 ազատ աշխատատեղ կա: Քաղաքապետը հանձնարարել է իրազեկման հնարավոր բոլոր միջոցներով տեղեկացնել ինչպես քաղաքապետարանի ենթակայության ձեռնարկություններում, այնպես էլ մասնավոր ընկերություններում վարորդների թափուր աշխատատեղերի վերաբերյալ:
Մայրաքաղաքում կանաչապատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ զեկուցվել է, որ արդեն իսկ սկսված են նախապատրաստական աշխատանքները: Մարտի 1-ից կսկսվի ծառերի սանիտարական էտը:
Զեկուցվել է, որ շաբաթ օրն իրականացված ապօրինի ծառահատումների վերաբերյալ ահազանգի հետ կապված ապօրինի ծառահատում իրականացնելու փաստով կազմվել է համապատասխան ակտ, նաև նախապատրաստվել են գրություններ, որոնք ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության Երևան քաղաքի բնապահպանական պետական տեսչություն, Երևան քաղաքի ոստիկանություն և դատախազություն՝ համապատասխան ընթացք տալու համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն հետամուտ լինել հարցի վերաբերյալ հետագա զարգացումներին՝ նշելով, որ ապօրինի ծառահատումների հարցում քաղաքապետարանի դիրքորոշումը մշտապես եղել ու լինելու է կոշտ:
«Ոմանց համար կարծես այնքան էլ պարզ ու հստակ չէ, որ ապօրինի ծառահատումն անթույլատրելի և դատապարտելի է: Ընդհանրապես ավելի հաճախակի անդրադարձեք նման երևույթների անթույլատրելիությանն ու ամեն անգամ հիշեցրեք այն պատասխանատվության մասին, որ կկրի ծառն ապօրինի հատողը: Այս հարցում որևէ արդարացում չի կարող լինել: Ըստ այդմ ակնկալում եմ կոշտ և հետևողական պայքար նման երևույթների դեմ: Ինչ վերաբերում է արդեն հատված ծառերին, ապա քայլեր ձեռնարկեք նույն տեղերում նոր ծառեր տնկելու ուղղությամբ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հսկողությունը քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, հանրակրթական և մշակութային հաստատությունների ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի նկատմամբ: Շարունակվում են նաև անակնկալ ստուգայցերը քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ամենօրյա խիստ հսկողությունը՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով սննդամթերքի անվտանգության տեսչության հետ:
Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակազմերի «թեժ գծերի» հեռախոսազանգերին` քաղաքապետը հանձնարարել է շարունակել «թեժ գծերի» գործունեության մասին հանրության պարբերաբար իրազեկումը:
«Ամենևին պետք չէ վախենալ «թեժ գծերով» ստացված հեռախոսազանգերի մեծ քանակից: Ճիշտ հակառակը. դրանց ավելացումը խոսում է ձեր նկատմամբ ունեցած վստահության ավելացման մասին»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ դիմելով վարչական շրջանների ղեկավարներին:
Աշխատանքային խորհրդակցության ավարտին քաղաքապետին զեկուցվել է, որ ամբողջովին պատրաստ է Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված տոնական միջոցառումների ցանկը: Կրթության վարչությանը հանձնարարվել է համապատասխան քայլեր ձեռնարկել՝ քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական և հանրակրթական հաստատություններում դրամահավաքության դեպքերը բացառելու ուղղությամբ:
«Մոտենում է մարտի 8-ը՝ իրեն հատուկ դրական տրամադրությամբ, բայց ամեն տարի այս օրերին դրամահավաքության մասին ենք լսում, ինչն ուղղակի անընդունելի է: Անթույլատրելի է, երբ համայնքային բյուջեից սնվող կազմակերպություններում երեխաների ծնողներից գումար է հավաքվում: Դրամահավաքի հետ կապված իմ դիրքորոշումը բոլորիդ է հայտնի. այն որևէ արդարացում չի ունեցել ու չի էլ ունենալու: Դրամահավաքի հնարավոր դեպքերը կանխելու նպատակով խոսեք բոլոր տնօրենների հետ և մեկ անգամ ևս նախազգուշացրեք. ովքեր կփորձեն շրջանցել մեր նախազգուշացումը, խստորեն կպատժվեն՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատում»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն