Նեւրոզները լուրջ ապտակ են սեռական առողջությանը: Այսօր «Զարկերակ» ակումբում ասաց բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Կարծիքը, թե գարնանը սեռական ակտիվությունն ավելանում է, այնքան էլ այդպես չէ, քանի որ ձմռանից հետո հորմոնային փոփոխություններ են տեղի ունենում, իմունիտետն ընկնում է: Ըստ բժշկի, հատկապես փետրվար, մարտ ամիսներին պետք է հետեւել սննդակարգին. «Բանջարեղեն շատ կերեք, մոռացեք պահածոները, մսի հարցում պետք է բծախնդիր լինել, այն կարծիքը, որ միսը սեռական ակտիվացում է առաջացնում, այդպես չէ: Պետք է խուսափել հատկապես սառեցված մսից, կարեւոր է նաեւ մսի պատրաստման եղանակը»:
Բժիշկ Շահրամանյանը նաեւ ասաց, որ պետք է կարգավորել նյարդային համակարգը, սակավաշարժությունը, մուրաբաների օգտագործումը հանգեցնում է ավելորդ քաշի, ինչը սեռական առողջության առումով վտանգավոր է:
Ասուլիսին ներկա ընտանեկան բժիշկ Զառա Սահրադյանի խոսքերով՝ «Մենք այն ենք, ինչ ուտում ենք», ասացվածքը անտեղի չէ ասված, քանի որ ճիշտ սննդակարգից է կախված մարդու առողջությունը: Ըստ նրա, գարնան սկզբում մարդն այս կամ այն վիտամինների պակասորդ է ունենում, ուստի այս սեզոնին կարեւոր է սառեցված մրգերի, բանջարեղենի օգտագործումը, քանի որ սառեցված մրգերը, հատապտուղները, ի տարբերություն խանութներում պահպանվող բանջարեղենների, թույլ է տալիս ավելի լավ պահպանել վիտամինների եւ հանքանյութերի քանակը: Զառա Սահրադյանը խորհուրդ տվեց ֆիզիկապես ակտիվ լինել, շատ շարժվել ու լինել լավատես:
Սեռապես առողջ լինելու համար էլ Վրեժ Շահրամանյանն ասաց, որ պետք է սննդակարգից բացառել կծու, թթու սնունդը, արագ պատրաստվող կերակուրները՝ «ֆաստ ֆուդը», խուսափել գազավորված ըմպելիքները չարաշահելուց, խավարտների փոխարեն սնունդը համալրել բանջարեղենով, այցելել լողավազան:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ