Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եք, Շուշանը պետք է գնար նրա աչքերը հանե՞ր՝ ոչ, այ սա՛ է կարեւորը». Խոսրով Հարությունյան (Տեսանյութ)

Փետրվար 29,2016 14:58

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ էթիկայի հանձնաժողովը որոշել է, որ ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը ընդամենը խրատել է ֆեյսբուքյան օգտատիրոջը՝ ասելով՝ լակոտ, աչքերդ կհանեմ:

Ընդ որում, ինչպես տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, հանձնաժողովի անդամները բոլորը կողմ են քվեարկել դրան, բացառությամբ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի, եղել է 4 կողմ, մեկ ձեռնպահ: Ընդ որում, Խոսրով Հարությունյանի խոսքերով՝ «Հովհաննես Մարգարյանը ոչ թե ձեռնպահ էր, որովհետեւ մերժում էր մեր մոտեցումը, այլ իրենք ընդամենը որոշում էին կայացրել այս կապակցությամբ ձեռնպահ քվեարկելու: Որեւէ մեկը այս հարցում տարակարծություն չի ունեցել, այդ թվում՝ ԲՀԿ պատգամավորը»:

Լրագրողների զարմանքին, որ փաստորեն լակոտ, աչքերդ կհանեմ ասելը, ձեզ համար նորմա՞լ է, ճի՞շտ է, որ պատգամավորն իրեն թույլ է տալիս դա ասել՝ Խոսրով Հարությունյանն արձագանքեց. «Դարձվածքներ կան մեր լեզվամտածողության մեջ: Այսինքն, դուք կարծում եք, որ եթե հանկարծակի Գայանե Շահինյանը շարունակեր խոսել, Շուշանը պետք է գնար նրա աչքերը հանե՞ր՝ ոչ, այ սա՛ է կարեւորը»:

Մեր դիտարկմանը, որ ձեզ փոքր ժամանակ են լակոտ ասել, բայց սոցցանցում չի երեւում օգտատիրոջ տարիքը, որ պատգամավորն իրեն թույլ տար խրատել՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Մենք գտնում ենք, որ այստեղ սպառնալիք չկա, եթե օգտատերը իրեն վիրավորված է գտնում, թող գնա դատարան, այդ հարցը հանձնաժողովի տիրույթից դուրս է»:

Մենք ճշտեցինք ՝իսկ ինչո՞ւ միայն օգտատերը, քաղաքացիները չե՞ն կարող վիրավորվել, որ իր ազգընտիրը՝ ԱԺ պատգամավորը, հանրային տարածքում իրեն թույլ է տալիս այդպիսի արտահայտություն՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Քաղաքացիները կարող են վիրավորվել, բայց վիրավորանքն արդարացնելու ատյանը էթիկայի հարցերի հանձնաժողովը չի: Ես գնահատում եմ, որ էդտեղ էթիկայի կանոնների խախտում չկա: Այդ խոսքերը արտահայտողը հանրության համար ճանաչելի, վաստակ ունեցող անձնավորություն է: Պատկերացրեք, ե՞րբ կլիներ լակոտ արտահայտությունը վիրավորանք եւ սպառնալիք, եթե հանրության համար անհայտ որեւէ մեկը մի հատ վաստակաշատ գիտնականի, տարեց ակադեմիկոսի ասեր՝ լակո՛տ, ա՛յ դա կլիներ իրականում վիրավորանք: Տվյալ դեպքում հանձնաժողովը գնահատում է դա սաստում»:

Մեր դիտարկմանը՝ ստացվում է, որ 131 պատգամավոր են, իրենք աջուձախ բոլորին կարող են ասել «լակոտ, աչքերդ կհանեմ» ու դուք դա կորակեք՝ խրատում է, սաստում է՝ Խոսրով Հարությունյանն այսպես արձագանքեց. «Պետք է ունենալ շատ հիվանդ երեւակայություն, որպեսզի իմ ասածը այդպես մեկնաբանել»:

Մենք շնորհակալություն հայտնեցինք «հաճոյախոսության» համար եւ ճշտեցինք՝ լրագրողին «հիվանդ երեւակայություն» ունեցող արտահայտության համար, եթե դիմենք էթիկայի հանձնաժողով՝ արդար կքննե՞ն: Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Դիմեք, հաճույքով կքննեմ եւ կհիմնավորեմ իմ խոսքերը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Նորից «զոռբայության» հաղթանակ: Ուրիշ կերպ չէր կարող լինել: Բազմաթիվ անգամներ համոզվել ենք, որ կուսակցական շահը իշխանության այսօրվա ներկայացուցի»ների համար վեր է ամէն ինչից: Սա բավական տգեղ դեպք է: Երկու կանայք սխալներ են գործել: Գայանե Շահինյանը շատ տգեղ է արտահայտվել, իմ կարծիքով: Ուրիշների կարծիքով՝ ոչ այդքան: Բայց նա պետական մարդ չէ, ավելին՝ սովորական բարկացած կին է, և վրիպել է: Իսկ Շուշան Պետրոսյանից պահանջներն ավելին են: Նա, որպես պետական կարևոր մարմնի՝ Ազգային ժողովի ներկայացուցիչ, պետք է պահեր տարրական էթիկայի կանոնները: Նա բարի խոսքով կարող էր համոզել Գայանեին, միևնույն ժամանակ բարձրացնելով իր՝ պետական պաշտոնյայի անունը: Աչքերը հանելու սպառնալիքը խիստ վնասեց նրան:
    Նմանապես Խոսրով Հարությունյանն է վնասում իրեն ոչ տրամաբանական այս բացատրություններով:
    Ինչևէ, ես ուզում եմ շնորհավորել Շուշան Պետրոսյանին և Գայանե Շահինյանին մոտեցող Կանանց միջազգային օրվա առթիվ, ցանկանալով նրանց ամենայն բարիք և բարկացած պահերին սոցիալական ցանցերում գրառումներից զգուշություն:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29