Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյանին արդարացրին. «Քիչ չեն եղել, որ մեծերն ինձ ասել են՝ ականջներդ կկտրեմ, ա՛յ լակոտ» (Տեսանյութ)

Փետրվար 29,2016 14:53

Այսօր ԱԺ էթիկայի հանձնաժողովը Շուշան Պետրոսյանի հարցով որոշել է, որ երգչուհի պատգամավորը ընդամենը խրատել է ֆեյսբուքյան օգտատիրոջը:

Հիշեցնենք, որ օգտատեր Գայանե Շահինյանը սահմանի միջադեպի արդյունքում զոհված մի զինվորի հուղարկավորության առիթով քննադատել էր իշխանություններին ու ՊՆ-ին, որին ի պատասխան՝ ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանն արձագանքել էր՝ «Լակոտ, աչքերդ կհանեմ»:

Այսօր հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն ասաց, որ խոսել են այդ աղջկա՝ Գայանեի հետ. «Ասաց՝ ես բողոք չունեմ: Ես ընդունել եմ այն, ինչ ասվել է, նույնիսկ զարմանք էր հայտնել, թե ինչու են իր փոխարեն ուրիշները բողոքում: Նախ, այդ երկխոսությունը Շուշան Պետրոսյանի հետ եղել է սոցիալական ցանցում, որտեղ ձեւավորվում են բացառապես միջանձնային հարաբերություններ: Թեպետ դրանք իրենց էությամբ հրապարակային են, բայց, այդուհանդերձ՝ միջանձնային են: Մենք կոնսուլտացիա ենք արել հեղինակավոր իրավաբանների հետ՝ հասկանալու համար, թե որ դեպքում աչքերդ կհանեմ, լակոտ արտահայտությունները կարող են դիտվել որպես սպառնալիք: Բոլոր փաստաբանները հիմնականում փաստում էին, որ տվյալ պարագայում, հաշվի առնելով Շուշան Պետրոսյանի էությունը, որ ԱԺ պատգամավորից բացի, մշակույթի գործիչ է, նրա խոսքերը չի կարելի որեւէ կերպ որակել որպես սպառնալիք: Շուշանն էր ասում եւ մենք նույնպես ընդունում ենք, որ դա արվել է նման արտահայտությունները կտրուկ սաստելու փորձի համար»:

Ուշագրավ է Խոսրով Հարությունյանի հիմնավորումը, թե ինչու լակոտ, աչքերդ կհանեմ արտահայտության համար չի կարելի Շուշան Պետրոսյանին նկատողություն անել. «Չգիտեմ ձեզ ինչպես, բայց ինձ իմ պատանի տարիքում քիչ չեն եղել, որ մեծերն ասել են՝ ականջներդ կկտրեմ, ա՛յ լակոտ: Դրանից չի հետեւում, որ նրանք ակնհայտորեն գալու են իմ ականջները կտրեն, նրանք խրատում են ինձ, սաստում են: Մենք համոզված ենք, որ Շուշան Պետրոսյանի նպատակը չի եղել սպառնալ, վիրավորել, նպատակ է եղել սաստել համացանցում նման մոտեցումների հետագա տարածումը: Ելնելով այդ ամենից՝ հանձնաժողովը գտել է, որ Շ. Պետրոսյանի արած արտահայտությունները չեն հակասում օրենքին, էթիկայի կանոններին: Դրա հիման վրա մենք կարճում ենք գործի վարույթը»:

Նրա բացատրելով՝ եթե օգտատերը գտնում է, որ ինքը վիրավորված է, կարող է դիմել դատարան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Ես քեզ հիմա էլ կասեի, Խոսրով:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29