Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գասպարին՝ կալանավայրում մի քանի խցեր կատարած իր «շրջագայության» մասին

Փետրվար 29,2016 14:12

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով դատական նիստն այսօր ուղեկցվեց լեզվակռիվներով: Դատավոր Նելլի Բաղդասարյանն ու Գասպարիի փաստաբան Տիգրան Եգորյանն անընդհատ միմյանց իրենց պարտականություններն էին հիշեցնում:

«Ինձ չեք կարող նախագահողի գործողությունների հետ կապված թույլ չտալ առարկություն ներկայացնել, ձեր կոլեգաների հետ խորհրդակցեք կամ վերընթերցեք ձեր վկայակոչած նորմերը, դա դատավարության խախտում է»,- դատավորին դիմելով՝ ասաց փաստաբանը:

«Կոռեկտ եղեք ձեր արտահայտություններում ու դատարանում փաստաբանին պատշաճ վարք դրսեւորեք, դատարանին ցուցումներ մի տվեք»,- հորդորում էր դատավորը:

Այդ ընթացքում փաստաբան Տիգրան Եգորյանը մի քանի անգամ սանկցիաներ ստացավ դատարանի կողմից ու հեգնեց դատավորին. «Դուք այսօր կհեռանաք սանկցիաների զամբյուղով»:

Փաստաբան- դատավոր «հակամարտությունը» սկսվեց Վարդգես Գասպարիի հայտարարությունից, ինչը դատարանը համարեց մեղադրանքի հետ կապ չունեցող:

Այդ հայտարարությամբ Գասպարին դատարանին մեղադրեց քրեական հեղինակությունների հետ համագործակցելու մեջ. «Ձեզ մեղադրում եմ հանցավոր համագործակցության մեջ քրեական ղեկավարության հետ, որ կալանավայրում հանձնեցիք ինձ նրանց տնօրինման տիրույթին: Համար քսան խցում ինձնից պահանջել են կանգնել հաշվառման՝ ով եմ, ինչ եմ, որտեղ եմ ապրում: Դա իմ իրավունքների խախտում է:

Դուք ինձ տեղավորել եք մի խցում, որտեղ ինձ հստակ ասվել է, որ յուրաքանչյուր բարիքից օգտվելու համար տամ հաշիվ, այսպես ասած, ատչյոտ պետք է տամ, լոգարանից, նույնիսկ զուգարանից օգտվելու համար:

Մարդուն բնական կարիքները հոգալու իրավունքից զրկելը մարդու իրավունքների կոպիտ խախտում է:

Չեմ ցանկացել քրեական հարաբերությունների մեջ մտնել քրեական հեղինակությունների հետ, պառկել եմ խցի հատակին, իսկ խցում եղած կալանավորները, իմ համոզմամբ, կալանավայրի ադմինիստրատիվ աշխատակազմի իմացությամբ թույլ են տվել, որ այնտեղ ինձ ծաղր ու ծանակի ենթարկեն, արհեստական կռիվ են սարքել, թե իբր ես իրենց անհանգստացնում եմ: Մեկուսացված բաժին տեղափոխվելու համար հացադուլ ու ջրադուլ եմ սկսել:

Տասներկու ժամ մնացել եմ մի խցում, որը հացադուլի մեջ չէ, լրացուցիչ լարվածություն ստեղծել իմ ու այլ կալանավորների միջեւ, ձեր ներկայացուցիչները չբավարարեցին իմ պահանջը, պարտադրեցին մտնել նույն խուց, հետո իմ նկատմամբ կիրառվեց պատիժ՝ պատժախուց տեղափոխելու մասին: 03 պատժախցում գտնվում էր մեկ անձ, նա նույնպես հացադուլի մեջ չէր, իսկ այստեղ նորից իմ իրավունքների խախտում էր, որ տարան մի խուց, որը հացադուլավորների համար չէ: Բայց այդ խցում ինձ մի քանի րոպե պահելուց հետո տեղափոխել են 09 խուց, որը նույնպես հացադուլավորների համար չէր: Այդտեղ բացի ինձնից եւս չորս հոգի կային՝ երեք երիտասարդ ու մեկ տարեց կալանավոր: Հրահանգ ստանալուց հետո երեք երիտասարդները սկսեցին խոշտանգել ինձ…. Ասում էին՝ ստեղ հացադուլի վայր չէ, դու մեզ անարգում ես, հաց չուտելով, հետո ավելի կոպիտ խոսքեր, այնուհետեւ՝ հայհոյանքներով ուղեկցվող հարվածներ: Նրանք հարվածում էին ծնկներից վերեւ՝ վերջին հայհոյանքներով սառը ջուրը վրաս թափելով….»:

Դատարանը հենց այդ ժամանակ ընդհատեց Գասպարիի հայտարարությունը ու տեղեկացրեց, որ դրանց վերաբերյալ նախապատրաստվում են նյութեր, որոնց կտրվի ընթացք, եւ եթե հանցագործության տարրեր հայտնաբերվեն, կհարուցվի քրեական գործ: Ապա կոչ արեց Գասպարիին խոսել ըստ  էության, ինչից հետո սկսեց կիրառել սանկցիաների փաթեթը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29