Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիամ Ավագյան. «Իշխանությունն արգելանք է դրել Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների հարցի վրա»

Փետրվար 29,2016 13:56

«Այն, ինչ տեղի ունեցավ Սումգայիթում, բառերով նկարագրել հնարավոր չէ: Նույնը կատարվել է 1915թ.-ին: Քաղաքակիրթ աշխարհը լուռ հետեւում էր, թե ինչպես է թուրքը հոշոտում հայությանը: 1915թ.-ից այն կողմ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի ֆաշիստական վերաբերմունքը հայության հանդեպ չի փոխվել: Սարսանգի ջրամբարի հետ կապված վերջին զեկույցը փաստում է, որ այդ երկրների համար զոհն ու դահիճը հավասար են: Մինչ օրս նաեւ Հայաստանի եւ ԼՂՀ-ի կողմից որակավորում չկա, թե ինչ է եղել Սումգայիթում, Գանձակում, Բաքվում: Դա ցեղասպանություն էր, որը կազմակերպված է եղել»,-այսօր «Նոյան Տապան» լրատվական գործակալությունում, խոսելով 1988թ. փետրվարի 27-ին սկսված Սումգայիթյան ջարդերի մասին, ասաց «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը:

Նա նկատեց, որ սումգայիթյան դեպքերը մինչ օրս «ջարդեր» են որակվում, մինչդեռ կատարվածը ցեղասպանություն է. «Ինչո՞ւ մեր իշխանությունները կատարվածը ջարդեր են կոչում: Այդ ի՞նչ արտաքին ճնշում կա, որ իշխանությունը շրջանցում է փախստականների իրավունքներն այն դեպքում, երբ հակառակորդը շարունակում է կեղծել պատմությունը: Բազմիցս հանդիպել ենք ԱԺ պատգամավորների հետ, ներկայացրել բանաձեւեր, բայց ոչինչ չի փոխվել: Տպավորություն է, որ վերեւից արգելանք կա այս հարցի վրա դրված: Մի՞թե չեն հասկանում, որ նման կերպ վտանգում են մեր երկու պետությունները»:

Բանախոսի տվյալներով` ջարդերի հետեւանքով 660.000 հայ փախստական լքել է Ադրբեջանական ԽՍՀ-ն, նրանցից մոտ 70.000-ն է ներկայում բնակվում Հայաստանում. «Նրանք չունեն համապատասխան սոցիալական կարգավիճակ: Նրանց իրավունքների վերականգնման հարցի վրա արգելանք կա: Հավանաբար, ջարդերի կազմակերպիչները, որոնք հիմա Ադրբեջանում իշխանություն ունեն, Եվրոպայի միջոցով ազդում են մեր իշխանությունների վրա»:

Մարիամ Ավագյանը տեղեկացրեց, որ առաջիկայում եւս պետական ատյաններում բարձրացնելու են փախստականների իրավունքների հարցը` գործակցելով փախստականների խնդիրներով զբաղվող կազմակերպությունների հետ:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29