Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյան. «Նոր Ջուղան միջգաղթավայրային կարեւոր նշանակություն է ունեցել» (Տեսանյութ)

Փետրվար 29,2016 13:23

ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ընթանում է «Նոր Ջուղա» խորագրով գիտաժողովը: Մասնագետները ներկայացնում են Նոր Ջուղայի հայկական եկեղեցիների, տեղանունների եւ պատմական տների մասին ուսումնասիրություններ: Նոր Ջուղան ներկայում թաղամաս է Իրանի Սպահան քաղաքում, որը հիմնվել է 1606թ.-ին, երբ պարսից Շահ Աբաս Մեծը Արեւելյան Հայաստանից ու հարակից տարածքներից մոտ 300.000 հայ տեղահանեց: Նրանք գաղթեցին դեպի Իրանի խորքերը` հիմնելով Նոր Ջուղան:

FILE7571

Գիտաժողովի զեկույցներից մեկը Նոր Ջուղայի գերեզմանատների տապանագրերում առկա տեղանունների մասին է: «Տապանագրերը հետաքրքիր եւ հարուստ տեղեկություններ են պարունակում: Տեղանունների մի մասը նշվել է իբրեւ ծննդավայր, մի մասն էլ գաղթավայրերի պատմությունն է ներկայացնում: Դրանք ցույց են տալիս, որ Նոր Ջուղան միջգաղթավայրային կարեւոր նշանակություն է ունեցել: Անատոլիայից մինչեւ Հնդկաստան եւ Միջագետ. այդ վայրերում ծնված հայերն ամփոփվել են Նոր Ջուղայի գերեզմանոցում: Կյանքի եւ գործունեության բերումով նրանք կապված են եղել Նոր Ջուղայի հետ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

FILE7567

Նա տեղեկացրեց, որ առավել հետաքրքրական են Հայաստանի տարբեր բնակավայրերի անունները ներկայացնող տապանագրերը. «Արժեքավոր են այն տապանագրերը, որոնց տեղանունները վերաբերում են առաջին սերնդի հանգուցյալների ծննդավայրին: Առաջին սերնդի ներկայացուցիչները կարեւորել են իրենց ծննդավայրը: Նրանց մի մասի տապանաքարերին տեղանունը կա: Նոր Ջուղայի հասարակական գերեզմանատանը 17-18դդ. 12.000-ից ավելի տապանաքար կա, որոնցից մոտ 250-ն ունեն տեղանուններ»:

FILE7560

Գիտաժողովի մասնակիցներից Ահմադ Մոնթազերն ուսումնասիրել է Նոր Ջուղայի և հարակից շրջանների հայկական վտանգված հուշարձանները, լուսանկարել եւ չափագրել դրանք: Հայ մասնագետները կծանոթանան նրա աշխատանքին` Նոր Ջուղային նվիրված իրենց ուսումնասիրություններն ամբողջացնելու նպատակով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29