Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը ողջ տղամարդուն մահացած է ճանաչել եւ «վերակենդանացրել»

Փետրվար 29,2016 11:13

Դիլիջան քաղաքի բնակչուհի Նարինե Ալիխանյանը 2015թ. մայիսի 21-ին դիմել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան իր ամուսնուն՝ 1956թ. ծնված Գագիկ Մարտիրոսյանին մահացած ճանաչելու պահանջով: Նրա դիմումն ընդունվել է դատավոր Աշոտ Խաչիկյանի վարույթ:

2015թ. մայիսի 25-ին դատարանը որոշում է կայացրել Գ. Մարտիրոսյանին մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին Նարինե Ալիխանյանի հաշվին մամուլում հաղորդագրություն հրապարակել: Այդ հաղորդագրությունը տպագրվել է «Հայաստանի հանրապետություն» օրաթերթի 2015թ. հունիսի 10-ի համարում, որից հետո Գ. Մարտիրոսյանի գտնվելու վայրի մասին դատարան տեղեկություն չի ստացվել:

Դիլիջանի քաղաքապետարանից դատարան ստացված գրության համաձայն` Դիլիջան քաղաքի Մանթաշյան փողոցի թիվ 2 բ տան բնակիչ Գագիկ Մարտիրոսյանը շուրջ 8 տարի բացակայում է Դիլիջանից, քաղաքապետարանը նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի:

Ըստ «Դատալեքս » դատական տեղեկատվական համակարգի՝ 2015թ. հուլիսի 23-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանը որոշել է հայցը բավարարել եւ Գ. Մարտիրոսյանին ճանաչել մահացած:

Գագիկ Մարտիրոսյանի քույրը՝ Երեւան քաղաքի բնակչուհի Նելլի Գաբրիելյանը Գ. Մարտիրոսյանին մահացած ճանաչելու վճիռը վերացնելու պահանջով 2015թ. նոյեմբերի 28-ին դիմել է Տավուշի մարզի դատարան: Նա դատարանին հայտնել է, որ իր եղբայր Գ.Մարտիրոսյանը նախկին կնոջից ամուսնալուծվելուց հետո երկրորդ անգամ ամուսնացել է Դիլիջանի բնակչուհի Նարինե Ալիխանյանի հետ,որը նրանից փոքր է 16 տարով: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում նրանք բնակվել են այդ ընթացքում ձեռք բերված Մանթաշյան 2բ հասցեում գտնվող տանը: 1999թ. ծնվել է նրանց որդին:

Ընտանեկան անախորժությունների պատճառով` 2006թ. Գ. Մարտիրոսյանը հեռացել է տնից եւ բնակություն հաստատել Երեւանում, քրոջը՝ Ն. Գաբրիելյանին պատկանող բնակարանում: 2007թ. Գ. Մարտիրոսյանը սրտի կաթված է ստացել, անդամալույծ դարձել եւ մինչ օրս անկողնային վիճակում է:

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2012թ. նոյեմբերի 23-ի վճռով հաստատվել է Նելլի Մարտիրոսյանի խնամակալության տակ Գ, Մարտիրոսյանի գտնվելու փաստը: Ն. Գաբրիելյանը եղբոր անձնագիրը փոխելու համար դիմել է անձնագրային բաժին եւ իմացել, որ Տավուշի մարզի դատարանի կողմից Գ. Մարտիրոսյանը մահացած է ճանաչվել:

2016թ. փետրվարի 5-ին Դիլիջան քաղաքում դատավոր Աշոտ Խաչիկյանը վճռել է Ն. Գաբրիելյանի դիմումը բավարարել, եւ վերացնել Գագիկ Մարտիրոսյանին մահացած ճանաչելու մասին 2015թ. հուլիսի 23-ին իր կայացրած վճիռը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29