Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտի» դեմ դատական գործընթացների ժամանակացույցը

Փետրվար 29,2016 13:30

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իգնատ Բեգլարյանի անցյալ տարվա դեկտեմբերի 16-ի որոշմամբ՝ Տիգրան Կարապետյանի կողմից ներկայացված հայցադիմումը Վոլոդյա Հովհաննիսյանի եւ երրորդ անձ ճանաչված «Առավոտ» օրաթերթի դեմ՝ դատաքննության փուլ է տեղափոխվել:
Հայցվորը՝ Գորիսի նախկին քաղաքապետը, դիմել է դատարան՝ «Վիրավորանք հասցնելու համար լրատվության նույն միջոցով հրապարակային ներողություն խնդրելու, զրպարտություն համարվող փաստացի տվյալները լրատվության նույն միջոցով հերքելու եւ փոխհատուցում վճարելու մասին» պահանջով: Ըստ հայցվորի, վիճահարույց հրապարակումը «Սուրիկ Խաչատրյանին սպառնում են» հոդվածն է, որը լույս է տեսել www.aravot.am-ում անցյալ տարվա մայիսի 12-ին: Պատասխանողը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդականն է, Արցախյան ազատամարտի պահեստազորի գնդապետ: Սիսիանում դատական նիստը նշանակվել է ապրիլի 5-ին, ժամը 14.30-ին: Դատարանը ծանուցագիր է ուղարկել նաեւ հրապարակման հեղինակին՝ լրագրող Տաթեւ Հարությունյանին, որպես վկա դատակոչելու մասին:

Մեկ այլ ծանուցում էլ ստացվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից, ուր դեռ անցյալ տարվանից ընթանում էին դատապարտյալ Հարություն Սարգսյանի հայցով նախնական դատական նիստերն ընդդեմ «Առավոտ» օրաթերթի, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գրասենյակի, «Պանորամա. ամ»- ի: Անցյալ տարվա հուլիսի 10-ին aravot.am-ում տպագրվել է «Վարդան Ղուկասյանի գրասենյակի հայտարարությունը» խորագրի ներքո դատարանում վիճարկվող հայտարարությունը: Դատական նիստը նշանակվել է մարտի 31-ին, ժամը 14. 20-ին, Գյումրիում:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում «Մ.Գեւորգյան» ՍՊ ընկերությունն ընդդեմ «Առավոտ» օրաթերթի եւ լրագրող Նելլի Բաբայանի՝ «ընկերության գործարար համբավն արատավորող վիրավորանքի եւ զրպարտության դիմաց» փոխհատուցման գումարներ բռնագանձելու մասին գործը: Այս գործով էլ դատարանը նիստը նշանակել է ապրիլի 14-ին, ժամը 15.00-ին, Թբիլիսյան խճուղու վրա գտնվող դատարանում:

Կենտրոնի դատարանում ունենք որդեգրման գաղտնիքին առնչվող եւս մեկ հայցադիմում:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
27.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29