Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը կճանաչվի՞ տուժող

Փետրվար 29,2016 14:00

Ըստ իրավաբանի՝ ընտրական տեղամասերի հանձնաժողովները հանդիսացել են հանցավոր կառույցի կուռ ստորաբաժանումները

Հայաստանում ԵՄ դեսպան, դոկտոր Պյոտր Սվետալսկին, վերջերս ասուլիսում անդրադառնալով դեկտեմբերի 6-ին անցկացված սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԵՄ պատվիրակության հայտնի հայտարարությանը, Հայաստանի կառավարությանը հորդորել է կատարել այդ տնային աշխատանքը: Ռեժիմի պարագլուխները դա որակել են Հայաստանի գործերին միջամտություն եւ ծաղրել դեսպանին. «Կարո՞ղ ա մի հատ էլ երկուս ա դրել, վերաքննություն ա դրել, ստուգարք ա նորից նշանակել» (Հրայր Թովմասյան, սահմանադրական բարեփոխումների կարկառուն հեղինակներից մեկը): Նկատենք, որ ռեժիմը բանի տեղ չի դնում նաեւ հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած կեղծարարությունների առնչությամբ ԱՄՆ դեսպանության խորը մտահոգությունը եւ դեսպան Ռիչարդ Միլսի՝ ՀՀ կառավարությանը հղած կեղծարարությունները լիարժեք հետաքննելու ուղերձը եւ ակնհայտ կոծկում են կեղծարարությունները եւ նրա կազմակերպիչներին: Ստորեւ դիտարկենք հետաքննված մի քանի գործերի դրվագները:

1. Թիվ 10-15 ընտրական տեղամասի հանձնաժողովի անդամ Գոռ Թումանյանը (նշանակված է ԿԸՀ-ի կողմից) ընտրողների գրանցման ցուցակում մի քանի ընտրողների անվան դիմաց գրառել է հորինված անձնագրային տվյալներ եւ քվեարկել նրանց փոխարեն:
2. Թիվ 8-20 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Վարդուշ Աթոյանը ընտրողների գրանցման ցուցակում հանրապետությունից մշտապես բացակայող մի քանի քաղաքացիների անվան դիմաց գրառել է տվյալները եւ քվեարկել նրանց փոխարեն:
3. Թիվ 10-20 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Լուսինե Մնացականյանը «վարժեցված կամ շրջիկ» խմբի անդամներին օժանդակել է քվեարկել ուրիշ ընտրողների փոխարեն:
4. Գյումրիի թիվ 35-37 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Ռ. Ասատրյանը ընտրողների գրանցման ցուցակում ընտրողների անվան դիմաց գրառումներ է կատարել եւ քվեարկել նրանց փոխարեն:
5. Թիվ 28-35 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Հենրիկ Շահբազյանը հանրաքվեի քվեարկության փաստաթղթերը (արձանագրություններ եւ այլ փաստաթղթեր) ոստիկանների ուղեկցությամբ վերադաս հանձնաժողովին հանձնելու ճանապարհին աճպարարությամբ կեղծել է քվեակության արդյունքները՝ հօգուտ «այո»-ի եւ նման բազմաթիվ կեղծարարություններ:

Ինչպես նկատվեց, սահմանադրական հանրաքվեի «այո»-ի տոկոսը բարձրացնելու համար ընտրական տեղամասերի հանձնաժողովի անդամները այսուհետ՝ «հատուկ սուբյեկտները», իրենց տրամադրության տակ գտնվող ընտրողների գրանցման ցուցակներում համատարած ընտրողների, այդ թվում՝ հանրապետությունից բացակայող քաղաքացիների, ովքեր ընդգրկված են եղել ցուցակում, անվան դիմաց անարգել գրառել են անձը հաստատող փաստաթղթի հորինված տվյալներ, ստորագրել, կնիքել եւ քվեարկել նրանց փոխարեն, կամ «հատուկ շրջիկ» խմբերի անդամներին օժանդակել են քվեարկել ուրիշ ընտրողների փոխարեն, ինչպես նաեւ հանրաքվեի ավարտից հետո կեղծել են քվեարկության արդյունքները, նաեւ դրամական պարգեւատրում են առաջարկել այլոց՝ ընտրակեղծիքներին մասնակցելու համար եւ այլն:

Դիտարկված դրվագների համադրումը վկայում է, որ սահմանադրական հանրաքվեի արդյունքների կեղծելը նախօրոք ծրագրված է, իսկ «հատուկ սուբյեկտները» նախապես հրահանգավորված են եղել, թե ինչ եղանակներով են «այո»-ի օգտին քվեներ սարքելու: Այս պարագայում արարքի հատկանիշները համապատասխանում են հանցավոր համագործակցություն ստեղծելը հանցագործության կազմին՝ Քրեական օրենսգրքի 223 հոդվածին: Ըստ այդմ՝ ընտրական տեղամասերի հանձնաժողովները հանդիսացել են այդ համագործակցության կամ հանցավոր կառույցի կուռ ստորաբաժանումները, որոնց անդամները իրականացրել են հանրաքվեն կեղծելու ծրագիրը: Հետեւաբար, ներկայումս մինչ դատական վարույթ իրականացնող մարմինը՝ քննչական կոմիտեն, երբ «հատուկ սուբյեկտների» արարքները որակում է «մեկից ավելի անգամ կամ այլ անձանց փոխարեն քվեարկելը կամ հանրաքվեի քվեարկության արդյունքները կեղծելը» հանցակազմը եւ Քրեական օրենսգրքի 150, 153 հոդված եւ այդ մեղադրանքներով քրեական գործերը հապճեպ, առանձին-առանձին (տրոհված) ճամփում են դատարան, որտեղ էլ արագացված դատաքննությամբ «արժանի» պատիժ են նշանակում տուգանք, ակնհայտ անհամատեղելի է: Այսինքն, քննչական կոմիտեն եւ դատարանը հետաքննում են միայն ընդդիմադիր ուժերի կողմից հայտնաբերած եւ արդեն առերեւույթ կեղծարարության փաստը, իսկ նրանց կատարած այլ կեղծիքները եւ մյուս ընտրական տեղամասերում «հատուկ սուբյեկտների» կատարած անթիվ կեղծարարությունները անթաքույց պարտակում են:

Անդրադառնանք նաեւ հանցանքի դրդապատճառին: Քրեական գործերով բոլոր կեղծարարները ընդունել են մեղքը եւ միաբերան պատճառաբանել, որ կեղծիքը կատարել են «սկզբունքի» համար (բարեփոխումների օգտին): Իսկ երբ հանձնաժողովների անդամները համատեղ կեղծել են քվեարկության արդյունքները, հետաքննությունը դա էլ որակում է մոլորություն: Այս հնարքով էլ կոծկում են կատարված հանցագործության նախապես հանցավոր համաձայնության հատկանիշը եւ հանցավոր նպատակը:
ԱՄՆ դեսպանության խորը մտահոգությունը եւ դեսպանի կոչը սրանց մասին է, որտեղ ասված է՝ «կեղծարարության դեպքերը պետք է լիարժեք հետաքննվեն, համոզելու հայ ժողովրդին, որ հանրաքվեի արդյունքները վստահելի են եւ լեգիտիմ»: Մեր ուզածն էլ հենց այս է, ըստ որում՝ տեղի ունեցավ ծանր հանցագործությունը, ինչը միտված է սահմանադրական ռեֆորմի պատրվակով զավթած ավտորիտար կամ բռնատիրական իշխանությունը պահպանելուն, կարելի է հեշտ ու հանգիստ բացահայտել ամբողջական, եթե.

1. Հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած բոլոր քրեական գործերը (թվով 72) քրեական դատավարության օրենսդրության 28 հոդվածի կարգով համատեղվեն կամ միացվեն մեկ վարույթում, այլ ոչ թե տրոհվեն (այդ հանցագործությունները ոտնձգել են քրեական օրենքով պահպանվող միեւնույն օբյեկտին, իսկ դրդապատճառը եւ նպատակը նույնն է):
2. Քրեական դատավարության օրենսդրության 218 հոդվածի կարգով կեղծարարություններ տեղի ունեցած ընտրական տեղամասերում, ինչպես նաեւ բոլոր տեղամասերում զննվեն ընտրողների գրանցման ցուցակները եւ պարզաբանվեն «հատուկ սուբյեկտների» կողմից ընտրողների անվան դիմաց անձը հաստատող փաստաթղթերի տվյալներ գրառելու եւ նրանց փոխարեն քվեարկելու հանգամանքը:

3. Պատշաճ ստուգվեն սահմանադրական հանրաքվեի քվեարկության փաստաթղթերը (արձանագրություններ եւ այլ փաստաթղթեր) եւ պարզաբանվեն քվեարկության արդյունքները «հատուկ սուբյեկտների» կողմից այլ եղանակով կեղծելու հանգամանքը:
4. Քրեական դատավարության օրենսդրության 58 հոդվածի պահանջներին համապատասխան ընդդիմությանը ճանաչել տուժող, քանզի քրեական օրենքում արգելված արարքով հանրությանը պատճառվել է բարոյական վնաս՝ խախտվել է նրանց ընտրական իրավունքը:

Իմ պատկերացմամբ՝ նոր Ընտրական օրենսգրքի ընդունելը նույնպես խարդավանք է, ծուղակ, որով ռեժիմը ցանկանում է հանրության ուշադրությունը շեղել, մոռացության տալ, անցած համարել հանրաքվեն կեղծելու թեման եւ ազատվել քրեական պատասխանատվությունից: Հետեւաբար, ներկայումս պլատֆորմ պետք է ստեղծել կեղծարարությունը լիարժեք քննելու պահանջով, քանզի եթե դրանք ամբողջությամբ բացահայտվեն, սահմանադրական հանրաքվեն կայացված ճանաչելու հիմքերը՝ ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները դառնում են անարժանահավատ, իսկ հանրաքվեի արդյունքները՝ ոչ լեգիտիմ: Կեղծարարությամբ խախտվել է ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը, ուստի յուրաքանչյուր քաղաքացի, ով կամ նրա հարազատները, եթե չեն մասնակցել հանրաքվեի քվեարկությանը, կարող են դիմել հետաքննության մարմիններին՝ «սկզբունքային եւ մոլորված» հատուկ սուբյեկտների կողմից իրենց փոխարեն քվեարկելու եւ բարոյական վնաս պատճառելու հանգամանքը պարզելու խնդրանքով (ընդդիմությունը կեղծիքները բացահայտել է եւ սսկվել):
Պարզաբանենք, որ Ընտրական օրենսգրքի 11 հոդվածով ամրագրված՝ ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից լուսապատճեններ չեն հանվում եւ այլն, քրեական գործերով հանցագործության հետքը, հանցագործության դեպքը, ինչպես նաեւ գործի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները պարզելու պարագայում, դրանք խոչընդոտ չեն կարող հանդիսանալ: Քննիչը կարող է զննել ընտրողների ստորագրած ցուցակները, հանրաքվեի քվեարկության առնչությամբ բոլոր փաստաթղթերը, լուսանկարահանել ու պատճենահանել, իսկ անհրաժեշտության դեպքում դրանք առգրավել՝ Քրեական դատավարության օրենսգրքի 217, 226 հոդվածների համաձայն:

ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ
իրավաբան, Մոսկվա

 

«Առավոտ» օրաթերթ
27.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29