Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի 13 ընտանիքների 3 բնակարանի գումարը արդեն հավաքվել է

Փետրվար 28,2016 22:24

Հյուսիսային պողոտայի սկզբնամասում այսօր ժամը 17:00-ից «Երեւանը Գյումրիի կողքին» նախաձեռնությունը կազմակերպել էր «Գյումրին ունի մեր կարիքը» խորագիրն ունեցող դրամահավաք: Նախաձեռնությանը միացում էին տարբեր պարային խմբեր, որոնք իրենց պարով ոգեւորում էին անցորդներին: «Տանն էի, որ լսեցի երաժշտության ձայնը՝ եկա: Հուզվել եմ շատ»,-Aravot.am-ի լրագրողի հետ զրույցում ասաց 67 տարեկան միայնակ թոշակառու Ռոբերտ Հայրապետյանը: Նա նշեց, որ հայ ազգը պետք է միասնական լինի. «Մենք պետք է իրար օգնենք, թե չէ պետության վրա հույս դնելով չի լինի. ապրեն ես երեխեքը»,- հուզմունքը հազիվ զսպելով՝ չշարունակեց այլեւս խոսել:

Գրեթե ոչ մեկն անտարբեր չէր անցնում, յուրաքանչյուրը փորձում էր ինչ-որ ներդրում ունենալ: «Այս երեխեքը տեսնում են՝ իշխանավորները հարցը չեն լուծում, իրենք են տարբերակներ մտածում: Ինչո՞ւ պիտի այդ մարդիկ այսքան տարի նման կացարաններում ապրեն»,-ասաց սփյուռքահայ մի կին, որը չցանկացավ ներկայանալ:

«Հենց սկզբից, երբ պաստառ էինք փակցնում, մարդիկ, տեսնելով պաստառի նկարները, գրությունը, այնքան սրտացավ էին, որ չէին սպասում միջոցառման սկսվելուն՝ մոտենում եւ դրամը արկղի մեջ էին գցում»,-մեր հետ զրույցում նշեց նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը, որը նաեւ հույս հայտնեց, որ գոնե մի բնակարանի գումարով էլ իրենք կօգնեն:скачанные файлы (1) скачанные файлы скачанные файлы dramahavaq1 скачанные файлы

«Երեւի քարե սիրտ պետք է մարդ ունենա, որ այդ ամենի կողքով անտարբեր անցնի: Այս խնդիրը բոլորինս է, եթե մեր իշխանավորները չեն նկատում, չեն ուզում տեսնել ու խոսել, չի նշանակում՝ խնդիր չկա. այդ խնդիրը կա ու մենք՝ մեր ուժերի ներածին չափով փորձում ենք աջակցել այդ նախաձեռնությանը»,-ասաց Մաքսիմ Սարգսյանը:

Գյումրիում՝ «Ֆանտաններ» կոչվող թաղամասում, ծայրահեղ վատ պայմաններում ապրող 13 ընտանիքներին բնակարանով ապահովելու համար կազմակերպում են ամենատարբեր միջոցառումներ, որոնցից մեկը սա էր:

Հիշեցնենք, որ երեկ էլ այդ թաղամասում տեղի ունեցավ աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանի բացօթյա բարեգործական համերգը: Երաժիշտը միացել էր գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի նախաձեռնությանը: Վերջինս իր լուսանկարներով ի ցույց էր հանել այդ ընտանիքների սոցիալական վիճակը, որից էլ սկիզբ առավ նման միջոցառումների մտահղացումը:

Հիշեցնենք, որ բնակարանների ձեռք բերման համար անհրաժեշտ է 120 000 ֆունտ ստերլինգ, որի մի մասը արդեն հանգանակվել է: Մաքսիմ Սարգսյանն ասաց, թե ուրախալի է, որ արդեն 3 բնակարանի գումար հավաքվել է:

Միջոցառումը նախատեսված ժամից՝ 21:00-ից երկար տեւեց: Նախապես դրված մեկ արկղերի վրա ավելացել էր եւս մեկը. «Մարդիկ հետաքրքրված են, իրենց ներդրումն են ուզում ունենալ եւ չի բացառվում, որ մինչեւ մարտի 20-ը նորից կազմակերպենք դրամահավաք»,-ասաց Մաքսիմ Սարգսյանը:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29