Գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի հեղինակած Գյումրու անօթեւան 13 ընտանիքներին բնակարան գնելու ծրագրին այսօր միացել է հայտնի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Նա քիչ առաջ անձամբ եկել է Գյումրի՝ իր կողմից նվիրաբերելով հազար դոլար գումար: Այս մասին տեղեկանում ենք Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի ֆեսբուքյան էջում տեղադրված նկարներից, որոնց տակ բազմաթիվ գյումրեցիներ իրենց շնորհակալական խոսքն են գրում ֆոտոլրագրողին: Օգտատերերից մեկը գրում է. «Կարգին Հայկո, Կարգին Շամշյան, էլ կարգին մարդիկ չկա՞ն…»: Մեկ ուրիշն էլ հետաքրքրվում է՝ բա ո՞ւր են նախարարները:
Հիշեցնենք, որ երեկ Գյումրու «Ֆանտաններ» կոչվող թաղամասի տնակներից մեկի բակում աշխարհահռչակ ջազմեն Տիգրան Համասյանի՝ Գյումրու անօթեւան 13 ընտանիքներին բնակարան գնելուն ուղղված բարեգործական համերգից հետո սիրված դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, նույնպես 500 հազար դրամ էր փոխանցել, նույնքան գումար փոխանցել էր Գյումրու քաղաքապետի ընտանիքը, 150.000 դրամ էլ փոխանցվել էր ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանի կողմից: Նշենք, որ այս ծրագիրն իրագործելու համար անհարժեշտ է մինչեւ մարտի 20-ը հանգանակել 120.000 ֆունտ ստերլինգ: Նշված գումարը չհավաքելու դեպքում, կազմակերպիչները ստիպված կլինեն հանգանակված գումարը վերադարձնել տերերին, իսկ գյումրեցի 13 անօթեւաններ կշարունակեն փտած, դարն ապրած տնակներում պայքարել բազմաթիվ հիվանդությունների, մկների, առնետների, քամու ու տեղումների դեմ:
Լուսանկարը՝ Լեւոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև