Մի քանի ամիս առաջ էր, այլ երկրում լրագրողական մի դասընթացի էի մասնակցում: Դասընթացի հենց առաջին օրն էլ ինձ համար շատ կարեւոր մի մարդու առողջական վիճակի վատթարացման մասին լուրն իմացա. բժիշկները հարազատներին արդեն նախապատրաստել էին վատագույնին: Մահվան լուրը չսպասեցրեց. մի քանի օր հետո հիվանդը մահացավ: Արդեն չորս տարի այդ հիվանդ մարդը իր փոքրիկ մարմնով պայքարում էր առողջանալու համար: Ես արդեն վստահ էի, որ հրաշքը տեղի է ունեցել, երբ մի ամառային արեւոտ օր, օտար մի երկրում հրաշք տեսնելու բոլոր սպասումներս սպանվեցին:
Մինչ այդ դեպքը ինձ միշտ թվացել էր, որ իմ բոլոր շատ կարեւոր ցանկություններն իրականանալու են: Դե գիտեք՝ նման գրքեր կան, որոնք համոզում են իմ նմաններին, որ որքան դու դրական ես տրամադրված բոլորի ու հատկապես քո ցանկության նկատմամբ, այնքան դու հաջողակ ես ու նաեւ դրականով շրջապատված: Բայց դե այդ գրքերից քաղված մտքերը եւ իմ բնականից լավատես լինելը այս պարագայում ոչ հիվանդ մարդուն, ոչ էլ ինձ չօգնեցին: Ու ինձ մնում էր զգալ կորստի ու անզորության ֆիզիկական ցավը՝ մենակ, օտար երկրում, հյուրանոցի կիսամութ սենյակում…
Հաջորդ օրը ընկերներիս հետ պետք է վերադառնայինք Հայաստան: Տասը ժամից ավելի Վիեննայի օդանավակայանում էինք մնալու: Ավելի վաղ մենք ծրագրել էինք՝ պետք է դուրս գանք եւ անպայման Եվրոպայի կենտրոնում ման գանք: Զրո տրամադրություն եւ անցկացրած ծանր գիշեր… բայց դե մտածեցի, որ անգամ չեղած տրամադրությամբ կարելի է այլ քաղաք տեսնել: Ու Վիեննայի Հին քաղաքի մատույցներում հայտնվելու հենց առաջին րոպեներից իմ բոլոր զգացումներն ու զգացմունքները զիջեցին հիացմունքին: Ամեն քայլափոխի ես հիանում էի այս քաղաքի ճարտարապետությամբ, յուրօրինակ գեղեցկությամբ: Աստիճանաբար անցած օրվա ապրումներից կարծես ոչինչ չմնաց…նախորդ օրը թվում էր, թե ցավը, կյանքի անարդարության նկատմամբ իմ հիասթափությունը, մարդկանց, անգամ Աստծո նկատմամբ նոր ծնված չարությունս երբեք չի անցնելու… Արդեն Հայաստանի ճանապարհին՝ ինքնաթիռի մեջ, հիացած ժպիտս նկատելով՝ ամաչեցի, մի պահ մտքովս էլ անցավ՝ փաստորեն ես այդքան էլ չէի ցավում, գուցե իմ զգացմունքները մահացողի նկատմամբ կեղծ էին….
Բայց հիմա այլ կերպ եմ մտածում (գուցե սխալվում եմ). կյանքը հենց նման հակասությունների, ծայրահեղ զգացմունքների, հիասթափության ու հիացմունքի, լացի եւ ուրախության, մթության եւ լուսավորության համագործակցությունն է, ու լավ է, երբ դրանք հավասարակշռված են: Հիմա էլ, երբ հիշում եմ, որ ինձ համար շատ թանկ այդ էակը այլեւս չկա, նորից անչափ տխրում եմ… բայց այդ դեպքը իմ մեջ մի կարեւոր բան է թողել. երբ նորից ցավ եմ ապրում, հիասթափվում եւ չարանում եմ, հիշում եմ օգոստոսյան այդ օրը. ներքին մի ուժ այնուամենայնիվ գտնում եմ եւ ինձ համոզում, որ այդպես չի շարունակվելու, ուժեղ ցավն ու հիասթափությունը անցնելու են, պետք է պատրաստ լինես դրանց հեռացնելուն: Ինչպես անցած անգամ, այնպես էլ հիմա նոր օրը նոր զգացումներ ու ապրումներ է բերելու, հենց վաղը կամ թեկուզ մյուս օրը ես կրկին «Վիեննայում» եմ լինելու:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ