Այսօր «Ազատության» հրապարակում ժամը 15:00-ից կատարվում էր դրամահավաք: Ըստ «Վարդգես Գասպարիի դրամահավաք» նախաձեռնության անդամ Անի Կաղինյանի՝ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին վերջում է իմացել դրամահավաքի մասին. «Սա մեր մտահղացումն Է, քանի որ Գասպարիին ապօրինի կալանավորեցին, իսկ ընտանիքի միակ աշխատողը ինքն է, որոշեցինք այս կերպ աջակցել նրա ընտանիքին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Անի Կաղինյանը՝ ավելացնելով, որ Գասպարին կալանքից ազատվելուց հետո, իմանալով այս նախաձեռնության մասին, գրել էր, որ ինձնից ավելի կարիքավոր մարդիկ կան եւ որ ավելի լավ է իրենց օգնենք. «Այստեղ էլ Գասպարին ապացուցեց, որ ինքը ավելի մեծատառով մարդ է, քան շատերը մտածում էին»,-ասաց նախաձեռնության անդամը՝ նշելով, որ քանի որ կազմակերպել են դրամահավաքը, հավաքված գումարը կհանձնեն Գասպարիին եւ թող նա որոշի՝ ինչպես տնօրինել այն:
Երեք ժամյա հանգանակության արդյունքը ըստ ցուցակի կազմում էր 84 հազար դրամ եւ 50 եվրո. «Սփյուռքից նույնպես արձագանքներ եղան, արդեն 200 դոլար փոխանցել են: Ես գտնում եմ, որ այսպիսի նախաձեռնություններ պետք է շատ լինեն, ուղղակի շատերի մոտ նաեւ վստահության խնդիր կա: Մեր նախաձեռնության անունից կարող եմ ասել, որ մինչեւ վերջին լուման հասնելու է իր նպատակին»,-ասաց Անի Կաղինյանը:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Կարդացեք նաև