Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիգրան Համասյանի արածը հրավեր է բոլոր գլամուրային ու ոչ գլամուրային աստղերուն». լիբանանահայ գրող (Տեսանյութ)

Փետրվար 28,2016 18:34

Փետրվարի 27-ին  Գյումրու «Ֆանտաններ» կոչվող թաղամասի տնակներից մեկի բակում աշխարհահռչակ ջազմեն Տիգրան Համասյանի՝ Գյումրու անօթեւանության դեմ պայքարին նվիրված բարեգործական համերգին իր ընտանիքով մասնակցելու էր եկել նաեւ լիբանանահայ գրող, Թուրքիայում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի թղթակից Սաքո Արյանը:  Aravot.am –ի հետ զրույցում նա ասաց, որ Տիգրան Համասյանի՝ իր ծննդավայրում համերգ տալու մասին ընթերցել է Ստամբուլում:

«Գիտեք, Գյումրին ինձի համար հոգեհարազատ բան մը ունի. Գյումրին հատկանշանակորեն Հայաստանի վերջին քաղաքն է նախքան Արեւմտյան Հայաստան մուտք գործելը: Ես այդ պրիզմայով կնայիմ Գյումրիին, այստեղի ժողովուրդի լեզուն ալ իմ արեւմտահայ լեզվի հետ շատ մերձ է, իմ լեզվի շարունակությունն է կամ էության մի բաժինն է: Ես այդ հայացքով կդիտեմ, ինձի համար, երբ Գյումրի կըսենք, կհիշեմ փակ սահմանները՝ անկախ նրանեն, որ Գյումրին ունի այն մեծ վերքը, որը երկրաշարժի վերքն է, որը մինչեւ հիմա մոռացված չէ, ադոր համար  է՝ մենք էստեղ են: Շատ մեծ գործ կընե պարոն Համասյանը, եւ այս մեկը հրավեր է մեր բոլոր գլամուրային ու ոչ գլամուրային աստղերուն, որ այսօր ամեն տեղ կշրջին, որ երբեմն հիշեն այս քաղաքը եւ այս ժողովուրդը, փորձեն իր տխրութենեն բան մը հանել եւ նոր կյանքի հույս մը տալ», -ասաց մեր զրուցակիցը:

Լիբանանահայ գրողը վստահ է, որ համատեղ ուժերով խնդիրը հաղթահարել հնարավոր է, քանի որ, ըստ նրա՝ շենացրել ենք այնպիսի քաղաքներ, որոնք ժամանակին  եղել են ցեխոտ, անմարդաբնակ վայրեր, անապատներ: «Այսօր մենք կարիքը ունինք մեր ներքին ուժը հավաքելու ու Գյումրին ոտքի հանելու: Մենք ամեն օր պետք է մտածենք այդ մասին եւ կկարծեմ, որ միջոցներն ալ ունինք՝ ե՛ւ նյութական, ե՛ւ բարոյական, մեզի կպակսի կամքը, որ միայն քաղաքական չէ, այլ նաեւ մարդկային կամքը, որոշումը, մեր խորքեն եկող որոշումը, որպեսզի կարողանանք նստինք ազգովին ու կշռենք այս 25 տարին այդ ցավեն ետք, կամ ավել քանի մը տարիներ, սխալ ըսի, այդ ցավի կշռաքարերը հավաքենք եւ տեսնենք՝ ինչ ըրինք, ինչ չըրինք եւ ինչ կրնայինք ընել, եւ ինչ չենք ըրած եւ ինչ կրնանք ընել վաղը»,- ասաց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում.

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29