Երեկ Գյումրու «Ֆանտաններ» կոչվող թաղամասի տնակներից մեկի բակում աշխարհահռչակ ջազմեն Տիգրան Համասյանի՝ Գյումրու անօթեւան 13 ընտանիքներին բնակարան գնելուն ուղղված բարեգործական համերգին եկել էր մասնակցելու նաեւ սիրված դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն: Իհարկե, կային նաեւ այլ ճանաչված դեմքեր, բայց անցնող-դարձողը հենց նրան էր նկատում՝ ասելով. «Վայ Կարգին Հայկոն էլ է էստեղ»: Վերջինս ոչ միայն եկել էր աշխարհահռչակ գյումրեցու համերգը ունկնդրելու, այլ ի լուր աշխարհի՝ այդ թաղամասի թշվառությունն ու անմարդկային կյանքը ցուցադրելու. նրա ընկերներից մեկը՝ Գյումրու դրամատիկական թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը, իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր դերասանի՝ Գյումրու ցեխերի ֆոնին արված լուսանկարը՝ վերնագրելով՝ Տիգրան Համասյանի համերգին ընդառաջ: Այսօր հայտնի դարձավ, որ Հայկ Մարությանը կես միլիոն դրամ է հանգանակել գյումրեցի 13 անօթեւաններին բնակարան ձեռք բերելու համար իրականացվող ծրագրին:
Այս մասին տեղեկանում ենք Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի ֆեսբուքյան էջում փետրվարի 27-ին Գյումրիում աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի բարեգործական համերգի ընթացքում իրականացված հանգանակության մասին տեղադրված ոչ պաշտոնական հաշվետվությունից: Նշենք, որ համերգից հետո բեմում արկղ տեղադրեցին, որպեսզի համերգի մասնակիցները ցանկության դեպքում հանգանակություն կատարեին: Համերգից հետո հրապարակավ ու առաջին հանգանակություն կատարողը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքն էր, որը փոխանցեց 500 հազար դրամ: Լեւոն Բարսեղյանի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ սիրված դերասան Հայկ Մարությանը ճիշտ այդքան գումար է փոխանցել:
Դերասանն այս թեմայով ֆեյսբուքյան իր էջում գրառում է թողել. «Երեկ Գյումրիում էի: Տիգրան Համասյանը հրաշք համերգ տվեց` բացօթյա` դոմիկների հենց հարևանությամբ: Ընկերներս ուզում են 13 ընտանիք փրկել, որոնք անտանելի պայմաններում են ապրում 1988-ի երկրաշարժից հետո: Պետությունն այս մարդկանց լքել է: Բայց մենք այդ իրավունքը չունենք` ժամանակն է գործել: Այսօր ժամը 16:00-ին Հյուսիսային պողոտայում մեկնարկելու է դրամահավաք՝ Երևանը Գյումրու կողքին խորագրով: Դրամահավաքը շարունակվում է»:
Լեւոն Բարսեղյանը իր ֆեյսբուքյան էջում նշել է հետեւյալը.
Կարդացեք նաև
«Հավաքվել է 546.110 դրամ՝ տուփում 500.000 դրամ՝ Գյումրու քաղաքապետ Բալասանյանի ընտանիքից, ավելի ուշ, իմանալով տուփի պարունակությունը, Բալասանյանների ընտանիքը 46.000 դրամ ավելացրեց իր նվիրատվությանը, փաստացի կրկնապատկելով տուփում հանգանակված գումարը,
500.000 դրամ Հայկ Մարությանից (Կարգին Հայկո)
120.000 դրամ փոխանցվել է բանկային հաշվեհամարներից մեկին՝ տարբեր անձանցից (մանրամասները՝ ավելի ուշ)
150.000 դրամ՝ ՀՀ գյուղնախարար Ս.Կարապետյանից
200$՝ Լարիսա Մինասյանից
1մլն դրամ խոստացել է երկուշաբթի փոխանցել Գյումրու էլցանցի տնօրեն Ֆարզադյանը։
Այլ փոխանցումների մասին պարզ կլինի երկուշաբթի»։
Հանգանակության մանրամասները կազմակերպիչները կհրապարակեն ավելի ուշ։
Հիշեցնեմ, որ այս դրամահավաքը նախաձեռնել են մի խումբ երիտասարդներ՝ գյումրեցի 13 անօթեւան ընտանիքների բնակարանով ապահովելու համար։ Նախատեսվում է մինչեւ մարտի քսանը հանգանակել 120.000 ֆունտ ստերլինգ»։
Լուսանկարը՝ ՏիգրանՎիրաբյանի ֆեյսբուքյան էջից
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ