Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կերեն գյուղն էլեկտրաֆիկացվում է

Փետրվար 28,2016 14:00

Արցախի  Քաշաթաղի շրջանում գրեթե բոլոր բնակավայրերն արդեն էլեկտրաֆիկացվել են՝ բացառությամբ Ողջիի ավազանի Կերենի գյուղական համայնքի, որի կազմում են նաև Գրհամ և Սպիտակաշեն գյուղերը:DSCN5201

Կերեն գյուղը, որն ունի հազարամյակների պատմություն, ազատագրվել է 1993 թ. աշնանը, վերաբնակեցվել է 18 տարի առաջ: Որոշ ժամանակ մտնում էր Կովսականի քաղաքային համայնքի մեջ, իսկ արդեն 4-րդ տարին է՝ առանձնացել է: Միջնակարգ դպրոցը, որտեղ սովորում են 20 աշակերտ, աշխատում 8 ուսուցիչ, նույնպես 4 տարվա պատմություն ունի: Փետրվարի 9-ին դպրոցում կայացավ համայնքի ղեկավար Վրեժ Հարությունյանի հաշվետվությունը՝ 2015 թ. համայնքապետարանի կատարած աշխատանքների վերաբերյալ: Տեղեկացրեց, որ Կերենում կա 18 ընտանիք և փաստացի բնակվող 42 բնակիչ, Գրհամում՝ 21 ընտանիք՝ 64 բնակիչ, իսկ Սպիտակաշենում՝ 11 ընտանիք՝ 28 բնակիչ: Բնակչության հիմնական խնդիրներից, պահանջներից(խմելու, ոռոգման ջրի մատակարարման կարգավորում, բնակարանաշինություն, հասանելիք հողատարածքների չափագրում, հատկացում և այլն) ամենակարևորը 3 բնակավայրերի էլեկտրաֆիկացումն էր:

Փետրվարի 26-ին շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանի, քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի վարիչ Հովհաննես Հակոբյանի, շրջվարչակազմի ղեկավարի խորհրդական Վաչե Ստեփանյանի հետ այցելեցինք Կերեն՝ ծանոթանալու գյուղի էլեկտրաֆիկացման արդեն ընթացող աշխատանքներին: ԼՂՀ կառավարության հատկացումներով սկսվել է համայնքի առայժմ Կերեն գյուղի էլեկտրաֆիկացումը (լուծվել է նաև հողատարածքների չափագրումը, յուրաքանչյուր ընտանիք ստացել է իր հասանելիք հողատարածքը):

«Արցախէներգո» ՓԲԸ Քաշաթաղի շրջանային կառույցի 7 աշխատակիցներն 10 օրից ավելի  է՝ այստեղ աշխատում են: Աշխղեկ Արտո Հակոբյանը տեղեկացրեց, որ այս օրերի ընթացքում հասցրել են տնկել, բետոնով ամրացնել 80 հենասյուն՝ նախատեսված 10 կ/վատտ բարձր լարման հոսանքալարեր անցկացնելու համար: Մի մասի վրա ամրացվել են մեկուսիչները: Շուտով կտեղակայվի ենթակայանը, որն արդեն բերել են և կսկսեն գյուղամիջյան՝ արդեն ցածր լարման հոսանքագծի հենասյունների տնկումը և հոսանքալարերի անցկացումը: Նշեց նաև, որ հոսանքալարերը նույնպես գտնվում են գյուղում, և որևէ խանգարող հանգամանք չկա, որ մոտ 1 ամիս անց Կերենում վառվեն էլեկտրական լամպերը: Հենասյուների մատակարարումը կատարվում է Կերենի հարևան Կովսական քաղաքից: Այստեղ գործող մեխանիկական արտադրամասում սիրիահայ վարպետ Նիկոլ Սարգսյանը, ով արդեն 3 տարի է, ինչ Կամիշլիից բնակություն է հաստատել Կովսականում, մետաղյա խողովակներից հենասյուներ է պատրաստում: Հոսանքագիծն ունի մոտ 8կմ երկարություն, սկիզբ է առնում Կովսականի քաղաքային համայնքում գործող «Սպիտակ քար»  կրաքարի հանքից: Այս հոսանքագիծը հնարավորություն կտա էլեկտրաֆիկացնել գյուղի  բնակարանները, դպրոցը և խթան կհանդիսանա բնակավայրի հետագա զարգացման համար: Առայժմ էլեկտրաֆիկացման ծրագրից դուրս են մնում Գրհամ և Սպիտակաջուր գյուղերը:

Դպրոցում զրուցեցի ուսուցիչների, տնօրեն Վալերի Թումասյանի հետ: Նշեցին, որ էլեկտրաֆիկացումից հետո նոր ընտանիքներ կգան այստեղ բնակվելու: Դպրոցի տնօրենը, ով Կերենի հիմնադիրներից է, ասաց՝ էլեկտրաֆիկացումը մեծ դրական ազդեցություն կունենա նաև կրթօջախի համար; Գոհ էր շինարարների աշխատանքից, ովքեր ժամանակավոր հաստատվել են դպրոցի ազատ սենյակներից մեկում: Ուրախ էին նաև աշակերտները, որ վերջապես կունենան հեռուստացույց, կկարողանան օգտվել համակարգիչներից, համացանցից, կլիցքավորեն հեռախոսները: Կերենից դեպի  Կովսական ձգվող ճանապարհաեզրին և Ողջիի ափին արդեն կանգուն են մետաղյա հենասյունները, որոնք էլ երաշխիք են՝ ապրիլին գիշերները Կերենի տներում այլևս մոմ ու նավթի լամպ չի վառվի:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29