Գյումրու «Ֆանտաններ» կոչվող թաղամասի ամենավերջին տնակում՝ ամայի դաշտերի հարեւանությամբ բնակվող 72-ամյա Գեղեցիկ Գեւորգյանը, որի բակում այսօր տեղի ունեցավ հանրահայտ ջազ դաշնակահար, գյումրեցի Տիգրան Համասյանի բարեգործական համերգը, մեզ հետ զրույցում ասաց, որ իր մոտ այնպիսի տպավորություն է, թե հեքիաթի մեջ է, հեքիաթն այցելել է իրեն: 72-ամյա Գեղեցիկ տատիկը թեեւ 5 օր է՝ անկողնային ծանր հիվանդ է, պառկած է ու չի կարողանում տնակից դուրս գալ, բայց լսելով իր տնակի մոտ հավաքված բազմության ձայնը՝ շոգի մեջ է, որ այդքան մարդ է ամայի այս տարածք այցելել:
Հիշեցնենք, որ Aravot.am-ի հետ ունեցած զրույցներից մեկում տարեց այս կինը իր տնակ էր հրավիրել երկրի նախագահին ու վարչապետին՝ դժգոհելով. «Ախր դաշտի մեջ մենակ իմ տնակս է դրած, անգամ մարդկանց կարոտ ենք, մեն-մենակ մկների հետ ենք լեզու թրջում…այ քեզ երկիր»: Նա իր որբացած երկու թոռների հետ բնակվում է տեղումներից կաթկթող, այլեւս բնակության համար ոչ պիտանի մեկսենյականոց տնակում: Դժգոհ է, որ առնետները հանգիստ չեն տալիս, չեն թողնում ապրելու:
Ապրում են ծայրահեղ վատ պայմաններում, տան միակ աշխատողն այս տատիկն է, որը սպասում է օրերը տաքանան, գնա դաշտ, կարտոֆիլ հավաքի ու մահացած որդու երկու երեխաներին պահի: Նրա երկու թոռնիկները, որոնց մանկությունն անցնում է այս դաժան պայմաններում, ունեն իրենց երազանքը, փոքրիկ տղան՝ Կարենը, ուզում է ֆուտբոլիստ դառնալ, աղջիկը՝ բժշկուհի, սակայն փոքրիկների ամենամեծ երազանքը տուն ունենալն է: Նրանց օրվա հաց չհասցնող Գեղեցիկ տատիկի մտածմունքը շատ մեծ է. 33 տարեկան հասակում մահացել է նրա որդիներից մեկը՝ ծանր հիվանդանալով, անգամ չեն կարողացել դեղերը գնել, երկրաշարժից հետո վախից մյուս տղայի հոգեկանն է խանգարվել, երրորդ տղան էլ մեկնել է Ռուսաստան, որ աշխատի, գա, ծեր մորն ու եղբոր որբերին պահի, արդեն 12 տարի է` դատապարտված է: 72-ամյա կինն ասում է՝ իր առողջական ծանր վիճակը ոչ միան տնակային պայմաններից է, այլ մտածմունքից:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ