Հանրապետականը Դաշնակցության՝ հաջորդ իշխանություն լինելու հնարավորությունը խլեց: Այս մասին փետրվարի 27-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:
Ըստ նրա, ՀՀԿ-ն խաբել է Դաշնակցությանը եւ իր հետ տանելու է քաղաքականությունից, այսինքն՝ Դաշնակցությունը խորտակվող նավ է նստում: Ի պատասխան նրա՝ ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը կուսակցությունների միացում չէ: Նա նշեց, որ կա ծրագիր, որը հստակ շարադրված է հուշագրում:
«Ի՞նչ ծրագիր է, մի հատ ասեք՝ ի՞նչ ծրագիր է: Մաքսային միություն մտանք, Եվրասիական տնտեսական միություն մտանք, հիմա Դուք ընդունում եք, որ կան ուժեր, որ դեմ են Մաքսային միությանը, Եվրասիական տնտեսական միությանը: Այսինքն՝ դուք նրանց տեղ չեք տալի՞ս»,- հետաքրքրվեց Ազատ Արշակյանը:
«Իսկ ո՞ր ուժն է եկել ուզում»,- պատասխանեց Լեռնիկ Ալեքսանյանը:
Կարդացեք նաև
Ազատ Արշակյանը շարունակեց. «Մեր խնդիրների խնդիրը մնում է Հայաստանի ինքնիշխանության հարցը: Մենք վճիռ չենք կարողանում իրականացնել, նույնիսկ Պերմյակովի դատը գնում է: Տեսե՛ք, տարրական հարց է, եւ շատ մանր հարց է, բայց այդտեղ մենք իրավունք չունեք: Դուք կարծո՞ւմ եք՝ տնտեսության մեջ մենք ազատություն ունե՞նք, արտաքին քաղաքականության մեջ ունե՞նք: Փոխարինող ձեզ ո՞վ է գալու, թե՞ դուք միշտ մնալու եք»:
Լեռնիկ Ալեքսանյանի հարցին, թե «մենք ո՞վ ենք», Ազատ Արշակյանը պատասխանեց՝ եվրասիացիներդ: «Եվրասիացիներ չկան»-, պատասխանեց Ալեքսանյանը, «Ձեր պետության անունը Եվրասիա է»,- պնդեց Արշակյանը:
«Այսօր բացարձակ անկախ պետություն, եթե Դուք կճարեք … Կա՛ Եվրամիություն, կա՛ Եվրասիական տնտեսական միություն»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:
«Բացարձակ չէ, սահմանները ո՞ւմ ենք հանձնել, զինված անվտանգությունը ո՞ւմ ենք հանձնել, տնտեսական անվտանգությունը ո՞ւմ ենք հանձնել: Ես ասում եմ ՆԱՏՕ կա, Եվրամիություն կա, այնտեղ էլ ազատ չեն, Բելգիան ազատ չէ»,- ասաց Արշակյանը:
«Մինչեւ Եվրասիական տնտեսական միությունը, մենք մեր սահմանները չէինք հանձնե՞լ»,- հետաքրքրվեց Ալեքսանյանը:
«Հանձնել էինք, հարկավոր էր հետ վերցնել»,- պատասխանեց Արշակյանը:
«Ո՞նց հետ վերցնել: Դու կարո՞ղ ես պահել այդ սահմանները»,- հարցրեց Ալեքսանյանը:
«Բայց ինչո՞ւ եմ ես պահում, անվտանգության համակարգ կա»,- պատասխանեց Արշակյանը եւ շարունակեց. «Իսկ լեզուն չեք փոխելո՞ւ, իսկ կիրիլիցան ավելի լավ շրիֆտ չի՞, հերթը դրանն է: Ես կարծում եմ ձեր չակերտավոր հայրենասիրությունը կբերի նրան, որ լեզուն ենք փոխելու, տառերն ենք փոխելու, Հայաստանի անունն ենք փոխելու: Բան չմնաց՝ սահմանները տվել եք, բանակը տվել եք, էներգետիկան տվել եք, ամեն ինչ տվել եք, մնացել է լեզուն»:
Լեռնիկ Ալեքսանյանը համաձայն չէր Ազատ Արշակյանի հետ, վերջինս շարունակեց. «Հիմա դուք ուզո՞ւմ եք, որ նրանք, ովքեր դեմ են Հայաստանի գաղութացմանը, ովքեր դեմ են Աժդահակին, առասպել ասեմ՝ Տիգրանը գալո՞ւ է, թե՞ չէ, թե՞ դուք մնալու եք միշտ Աժդահակ: Հայաստանը Աժդահակի կալվա՞ծքն է: Ինչի՞ հանձնեցիք Հայաստանը, ինչի՞ գնացիք Եվրասիա, ինչի՞ եք երկիրը կործանում»:
Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց, որ հանրությունն էր ցանկանում անդամագրվել Եվրասիական տնտեսական միությանը: Ազատ Արշակյանը հետաքրքրվեց. «Հարցրե՞լ եք դուք, գիշերով գնացել ստորագրել եկել եք: Գիշերը, մութ տեղը, ես գիտեմ, որ մութ էլ է եղել, լույսն անջատել են, ասել են՝ ստորագրեք»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ