Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա տեխնոլոգիական թռիչքաձև առաջընթաց է». Սամվել Թադևոսյան

Փետրվար 27,2016 15:49

Գիտությանը, նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը և հեռանկարային լուծումներին աջակցող «Նոյյան տապան» հիմնադրամն այսօր համանուն լրատվական գործակալությունում կազմակերպել էր «Գյուտարարների ակումբի» հերթական քննարկումը։

«Բոլորին հայտնի են այն ջրատաքացուցիչները, որոնք կարող են ապահովել ջրի՝ մինչև 95 աստիճան տաքացում և համապատասխան ջերմային էներգիայի կուտակում: Այդ դաշտը, սակայն, աշխարհում հիմա փակ է, այսինքն՝ այդ ուղղությամբ նորարարություն հնարավոր չէ կատարել, պետք է անցնել նոր որակի, նոր սերնդի սարքավորումների ստեղծման»,- ասաց տեխնիկական գիտությունների թեկնածու Սամվել Թադևոսյանը:

Մասնավորապես, ըստ նրա, պետք է կարողանալ ջերմային էներգիան օգտագործել բարձր ջերմաստիճանի տիրույթներում՝ 300 և ավելի. «Սկզբնական շրջանում մենք այսպիսի համեստ թվերի մասին ենք խոսում, բայց զարգացումները կհասցնեն նրան, որ մեր կուտակիչներն արդեն կաշխատեն բարձր ջերմաստիճաններում՝ 1000-1200: Այդ դեպքում կիրականանա ակադեմիկոս Հերունու՝ արևային էլեկտրակայան ստեղծելու գաղափարը: Քանի որ մենք նրա աշակերտներն ենք, ապա մի փոքր առաջ ենք անցել և այսօրվա տեխնիկական հնարավորություններն օգտագործելով՝ մշակելու ենք արևային էլեկտրակայանի ձևով միկրոտուրբիններ: Այսինքն՝ էլեկտրակայանը կլինի ոչ թե ահռելի մի զանգված, մի ամբողջ շենք, այլ կլինի միկրոտուրբինների տեսքով, որոնց գումարային արդյունքը կլինի հզոր էլեկտրակայանի ստեղծման բազա:

Մեր խնդիրը հետևյալն է. ստեղծել այնպիսի նյութեր (մեր ինժեներական խմբին հաջողվել է ստանալ դրանք հինգ տարվա աշխատանքի արդյունքում), որոնք կունենան բարձր ջերմունակություն, և դրա հաշվին փոքր ծավալներում ունենալ բարձր պոտենցիալային ջերմունակություն: Սա նշանակում է, որ ջրի կամ մեկ այլ ջերմային էներգիայի կուտակիչի համեմատ, մենք կունենանք մոտավորապես տասն անգամ ավելի մեծ ջերմունակություն»,- ասաց Ս. Թադևոսյանը:

Նրա ձևակերպմամբ՝ սա տեխնոլոգիական թռիչքաձև առաջընթաց է, և իրենց ինժեներական խումբը պատրաստ է ներդրումային նոր ծրագրեր մշակել ու տրամադրել դրանցով հետաքրքրվողներին, որպեսզի վերջիններս այդ ուղղությամբ ներդրումներ անեն:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29