«Իմ կարծիքով՝ լյուստրացիա տեղի ունեցավ»,- փետրվարի 27-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:
Ըստ նրա, համագործակցության համաձայնագիրը ուղերձ էր, որ հաջորդ ընտրություններում կրկնվելու է այն, ինչ-որ տեղի է ունեցել նախորդ ընտրություններում. «Այսինքն՝ ժողովրդի ձայնը, էլեկտորատի ձայնը կարեւոր չէ: Եթե իշխանափոխություն է տեղի ունենալու, տեղի է ունենալու հայկական ձեւով, էլիտան հանձնելու է իշխանությունը՝ մի մասը մյուս մասին, ինչպես եղավ նախորդ անգամ, երբ Հայոց համազգային շարժումը իշխանությունը հանձնեց երկրապահին, երկրապահն էլ դա հանձնեց Հանրապետականին եւ այսպես շարունակվեց: Հիմա կարծում եմ, որ մի փոքր թերություն կա, ակնհայտ թերությունը նա է, որ երեք-չորս նախարարությունը քիչ է: Եթե Հանրապետական կուսակցությունը իշխանությունը սահուն ձեւով փուլ առ փուլ պետք է հանձնի Դաշնակցությանը, երեք-չորս հոգին քիչ են: Այսինքն՝ ճիշտ կլիներ, եթե Հանրապետական կուսակցությունը պահեր ուժայինները, քանի դեռ կա նախագահը: Քանի դեռ կա նախագահի ինստիտուտը, նախագահին են ենթարկվում ուժային կառույցները, իսկ մյուս բոլոր նախարարությունները՝ իշխանության մյուս թեւը, պետք է հանձնվեր Դաշնակցությանը, հետո արդեն 2017, 2018 թվականին Դաշնակցությունը կգար իշխանության»:
Ասուլիսին ներկա էր նաեւ հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանը: Նա նշեց, որ առաջին դեպքը չէ, նման համագործակցություններ արդեն եղել են: Ըստ նրա, շատ կարեւոր ժամանակում է տեղի ունենում այդ համագործակցությունը եւ դրան ինչ է նախորդել. «Նախորդել է շատ լուրջ գործողություն, մենք հանրաքվե ենք անցկացրել, Սահմանադրություն ենք ընդունել, որը մեր քաղաքական ապագայի համար շատ լուրջ է: Մենք կտեսնենք, որ Սահմանադրությունը, հատկապես՝ կառավարման համակարգի փոփոխությունը, ինչքան էլ մարդը կարող է մտածել ապագայի մասին, կարող է մտածել 50 տոկոսի մասին, մնացածը կախված է ապագայից եւ իրողություններից: Ինչքան էլ ասենք, որ այս հանրաքվեն, Սահմանադրությունը, կառավարման համակարգի փոփոխությունը միայն Հանրապետականի ցանկությամբ է, սա լուրջ փոփոխություններ է ենթադրում, ես այդ համատեքստում եմ նայում համագործակցությանը: Եթե ուշադիր եք, սա ո՛չ նախընտրական դաշինք է, ո՛չ կոալիցիա է հետընտրական, սա շարունակական համագործակցություն է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև