15 տարի է` Հայաստանում ստեղծվող կոալիցիաները կողոպտելու «առաքելություն» ունեն: Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում նման համոզմունք հայտնեց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Նրա խոսքով` ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան եւս կողոպտիչ է. «Մարդը ստեղծում է կոալիցիաներ` մյուսներին կողոպտելու համար: Իրականությունը կախված չէ կուսակցությունների միավորումից: Հիմքում այլ հարցեր են, որոնք մի կողմ են դնում եւ մոլորեցնում արհեստական բաներով: Չենք հասկանում` ինչ ենք խոսում եւ ուզում: Հարյուր տարի առաջ մենք էլի սխալ կողմնորոշվեցինք, թե աշխարհում ինչ է կատարվում: Այդ ժամանակ Հայաստանի դաշնակցական կառավարությունը դաշինք կնքեց Անգլիայի հետ, որովհետեւ փորձում էր հզորի վրա հենվել: Բայց Ռուսական կայսրության տարածքում սկսված գործընթացը հետեւյալն էր` աշխարհի աշխատավորները փորձում էին տապալել բռնացող համակարգերը: Հենց դա էլ որոշեց` ինչ է լինելու աշխարհում, եւ մեր կապն Անգլիայի հետ բերեց նրան, որ Հայաստանը մեծապես տուժեց»:
Անդրադառնալով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը` Մանուչարյանը նշեց, որ ԵՏՄ-ն ի սկզբանե չի ստեղծվել որպես զուտ տնտեսական համակարգ. «Դա համակարգ է, որն այլ քաղաքակրթական մոդել է ստեղծելու: Այսօր ԵՏՄ-ն համեստ տնտեսական քայլեր է անում: Արժեր, որ Հայաստանն առաջարկեր քաղաքակրթական մոդելներ, որոնք կբերեին իրավիճակի փոփոխության: Եթե մի տարածքում մարդիկ իրենց արտադրածը բոլորին բաժանեն, բոլորը կլինեն կուշտ: Բայց մարդիկ չեն ուզում այդպես ապրել: Նրանց գլուխները մտցրել են, որ դիմացինից պետք է խլել եւ ստանալ հաճույք: Արդյունքում ունենք հարստամոլությամբ տառապողներ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ