Քիչ առաջ «Մալաթիա» տոնավաճառի բողոքող աշխատակիցներին մոտեցավ տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը:
Նա դժգոհ աշխատակիցներին ասաց, որ երեկվա իր պատասխանն անփոփոխ է՝ ավելացնելու ոչինչ չունի:
«Ասում եք՝ հարկային վճարները ես անեմ, չե՞ք մտածում, որ հարկային մուծումը ստաբիլ վճար չէ, ինչքան վաճառում եք, այդքան պետք է ցույց տաք, այդքան վճարեք: Մարդ կա երեք հատ շուբ է վաճառում, ի՞նչ է, տանեմ երեք հարյուր հազար դրամ վճարե՞մ: Ավելացնելու բան չունեմ, վաղը մուծումներ կանենք, իսկ եթե այսօր չենք աշխատում, վաղը չենք կարողանում մուծում անել»,- ասաց տնօրենը: Նա նաեւ հավելեց, որ եթե մարտի մեկից աշխատակիցները որոշեն չաշխատել, ինքը չի տուժի, տարածքը կդարձնի սուպերմարկետ եւ իր բիզնեսը կանի:
Հետո ասաց, որ իրեն հասել են իրենից դժգոհ աշխատակիցների վիրավորական արտահայտությունները. «Ես երեխաներ ունեմ, ու նրանք լսում են՝ ինչեր են ասում իրենց հոր հասցեին: Ես տղամարդ եմ չէ՞, բայց էլի եմ ասում՝ ձեզնից վիրավորված չեմ, նույնիսկ անձնական վիրավորանքներից այդքան վիրավորված չեմ, եթե ուզում ենք աշխատել, աշխատենք, եթե՝ ոչ, ես ձեզ ասացի, որ այսքան պետք է իջնեն վարձավճարները, դրանից այն կողմ չի անցնելու»:
Կարդացեք նաև
Ամիսներ առաջ, երբ տոնավաճառի աշխատակիցները բողոքում էին, տնօրենը որոշ աշխատակիցների համար վարձավճարները քսան հազար դրամով իջեցրել էր, հիմա փաստորեն երեկվա բողոքի ակցիայի արդյունքում նույնքան իջեցրեց նաեւ մյուս մասի վարձավճարները: Ըստ նրա, այժմ հավասար սկզբունքներ են գործում բոլոր առեւտրականների համար:
«Ավելի շատ կխոսենք ընթացքում, որոշեք աշխատում եք, թե՝ ոչ: Եթե չեք ուզում աշխատել, սպասեք ձեր վճարած ժամկետը լրանա, ամսի մեկով էլ չենք աշխատի»,- ասաց տնօրենն ու հեռացավ:
Ի դեպ, այսօր աշխատակիցները պնդում էին, որ կառավարության աշխատակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Ղազարյանին են տեսել տնօրենի սենյակում: Տնօրենն ինքն անձամբ հերքեց. «Ես չեմ տեսել նրան, առաջին անգամ եմ լսում ձեզնից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ