Հարցազրույց քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ հետ
-Ձեր կարծիքով, ՀՀԿ-ՀՅԴ դաշինքը հավակնո՞ւմ է լինել երկարակյաց:
-Եթե հայաստանյան քաղաքական դաշտում ունենանք ծրագրային ընդհանրություններ ունեցող քաղաքական կուսակցություններ, ապա նրանց ստեղծած դաշինքներն էլ կարող են երկարատեւ կյանք ունենալ: Այդ առումով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը հավակնում է լինել երկարակյաց:
ՀՀԿ-ՀՅԴ դաշինքը կարելի է համարել հաջողված քաղաքական միավորում, չնայած քաղաքագիտորեն վերլուծելիս տեսնում ես որոշ անհասկանալի պահեր: Հենց մեկն այն է, որ ՀՀԿ-ն, որպես քաղաքական մեծամասնություն, մեծ ռեսուրս ունեցող ուժ, կարիք չուներ մեկ այլ կուսակցության հետ դաշինք կազմելու:
Մյուսը. կոալիցիաները ձեւավորվում են կա՛մ նախընտրական փուլում` միասնական ցուցակներով ընտրություններին մասնակցելու համար, կա՛մ ընտրություններից հետո, եթե նրանցից մեկը չի կարողանում խորհրդարանում մեծամասնություն կազմել:
Բայց եթե անգամ նորաստեղծ կոալիցիան այս չափանիշներից «շեղվում» է, հակված չեմ այն բացասաբար ընդունել ու քննադատել: Ինչո՞ւ. որովհետեւ ՀՀԿ-ՀՅԴ համաձայնությունը ձեւավորվեց շատ լուրջ խնդրի շուրջ, ինչը պակաս կարեւոր չէ, քան ընտրություններն են, եւ դա նոր սահմանադրությունն է ու նրա իրականացումը: Հենց սրանով էլ ՀՀԿ-ՀՅԴ դաշինքի ձեւավորումը դառնում է ընդունելի, հասկանալի եւ արդարացված:
-Ի՞նչ կտա այս կոալիցիան քաղաքական դաշտին, պետական կառավարման համակարգին, օգտակար կլինի՞ երկրին, մեր ժողովրդին։
-Համաձայնագրում շարադրված են ազնիվ գաղափարներ, ճիշտ դրույթներ կան, նաեւ կա կողմերի լուրջ պատասխանատվություն նոր սահմանադրության իրականացման հարցում:
Բայց դժվար է հենվել համաձայնագրի կետերի վրա եւ ասել, թե միավորումն ինչ ընթացք կարող է ունենալ: Ի՞նչ կտա, ի՞նչ չի տա կոալիցիան՝ այս հարցերին կարող ենք պատասխանել ոչ հիմա:
Գնահատական տալու համար հարկավոր է սպասել, տեսնել արդյունքները, կոնկրետ գործերը: Սպասենք մեկ, երկու տարի, տեսնենք, թե, նախ, նախքան 2017-ի ընտրություններն ինչ ձեռքբերումներով հանդես կգա կոալիցիան, իսկ ընտրություններից հետո ինչ խնդիրներ կդնի ու կլուծի:
Կարդացեք նաև
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: