Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր լրագրությունը վերածվել է ինտրիգագրության. «Ազգ»

Փետրվար 27,2016 10:55

«Միշտ էլ կգտնվեն գործիչն եր, որոնք իրենց հարցերը կփորձեն լուծել ձեր ձեռքերով: Ինքս եղել եմ նման լրատվական ուղղորդումների թիրախ, գիտեմ դա ինչ է:Նման դեպքերում հիշում եմ «Խաղալիք» ֆիլմի հայտնի դրվագն իր հարցով, թե ով է իրականում ավելի մեծ հրեշը` պատվիրատուն, թե՞ կատարողը»: Սա գրել է արդեն նախկին նախարար Արմեն Աշոտյանը ` անդրադառնալով խորհրդարանում այս շաբաթ եփված Թոխմախի Մհեր-լրագրողներ «Ո՞վ է նախիրը» սուպին: Աշոտյանին չտեղեկացված մարդ չես համարի: Չնայած տեղեկությունների ֆիլտրման արդարացի մոտեցմանը նրան միշտ խանգարում է մինչեւ վերջին բջիջը կուսակցականացված լինելը:

Լրագրության հնաբնակներից մեկը` Վասակ Դարբինյանը եւս բազմանշանակ հարցադրում է արել ՖԲ-ում.«Եկեք բացահայտենք, թե մեր գործընկերներից առաջինն ով ծախվեց, ովքեր հետեւեցին սրա օրինակին, թքեցին իմացած ու չիմացած սրբությունների վրա… Ովքեր ստորադասեցին ու ծառայեցրին լրագրությունը ստահակների, տականքների, պարզապես տգետների շահերին: Եկեք նախ հասկանանք ու հստակեցնենք, թե ինտելեկտուալից, հարգանք վայելողից, համեստ կենցաղավարությամբ ապրողից լրագրողը ինչպես դարձավ «Չէին սպասում» ցածրակարգ հաղորդաշարի բարձրաշխարհիկ հերոս… Հարցնենք ինքներս մեզ ու գտնենք պատասխանը, թե ինչպես եղավ, որ օրապակաս փողատերերը կամ բարդույթավորված քաղաքական գործիչները լրագրողներին համարում են իրենց սպասավորներն ու պատվեր կատարողները…»:

Մամուլի համերաշխության կարգախոսով խորհրդարանում հավատարմագրված լրագրողների` շաբաթասկզբին, լրագրողի խոսքով` լրագրողներին «նախիր» անվանած ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանի կամ Թոխմախի Մհերի դեմ սկսված բողոքի գործողությունը շաբաթակեսին արդեն տգեղ երանգներ ընդունեց, վերածվեց միմյանց դեմ լրագրողների վիրավորանքների, գոտկատեղից ներքեւ հարվածների եւ դիմակազերծումների: Ես, իհարկե, պատրանքներ չունեմ մեր լրատվական դաշտի վերաբերյալ, սակայն, այնուամենայնիվ, լրագրողական համերաշխությունից ելնելով կուզեի այդքան ակնառու չդառնար, որ լրագրողական տարածքը մեր քաղաքական դաշտի ուղիղ մանրակերտն է եւ մեկը մեկին կրկնում է բոլոր այն այլակերպումները, որ կան քաղաքական դաշտում, ընդհուպ քավոր-սանիկական, «ես քեզ-դու` ինձ» սխեմաների գործարկում, միմյանց մեծ ու փոքր ծառայություններ մատուցելու մակարդակ: Թե ո՞վ է ում «նախիր» անվանել, ով է դրան ընդդիմացել` առանձին պատմություն է, դա շատ մանրամասն լուսաբանվեց ԶԼՄ-ներում, չկրկնվենք, ուղղակի մի բանում լրագրողներս միմյանց հետ համաձայն ենք` վաղուց ժամանակն է տեղը դնել իրենց պատգամավորական էթիկայի մեջ տեղավորել չկարողացող «պատգամավորներին»: Սակայն այս հերթական միջադեպը խորհրդարանում նաեւ առիթ դարձավ, որ շատ լրագրողների ու լրատվամիջոցների լավ թաքցվող աչառությունը ջրի երես ելնի: Իմացողը գիտե, բայց լայն հանրությունը նոր առիթ ստացավ տեսնելու, թե որ լրատվամիջոցն ո՞ւմ հետ կապ ունի, կամ եթե մի շարք «խմբագիրների» եւ լրագրողների հասարակ շարադրություն հանձնարարվի գրելու` տառասխալների ու մտքի սխալների մի ստվար կույտի կհանդիպես, այնու` նրանք չեն խորշում բոլոր միջոցներով հայտնի դառնալու եւ վարկանիշ ապահովելու (ներկա եւ ապագա հացի երաշխիք) իրենց եւ իրենց լրատվամիջոցի համար: Ու էդ այլակերպված դաշտում դժվար է ասել, թե ինչ բան է լրագրողական համերաշխությունը, օրինակ` ոնց կարող է լրագրողը ակնհայտորեն այս կամ այն կողմի շահերը սպասարկող այս ու այն ակցիայի մասնակիցը դառնալ, իր գործառույթ-լուսաբանման սահմանից վերածվելով կողմի: Այնուամենայնիվ` անձամբ ես ստորագրում եմ Մհեր Սեդրակյանի հարցը էթիկայի հանձնաժողովում քննելու լրագրողական ձեւաթերթը էգ հրապարակմամբ, եթե դրա համար բավարար ապացույցներ կան, քանի որ բազմիցս գրել եմ այն մասին, որ պետք է չէ հայոց խորհրդարանը համալրել այդ կարգի «պատգամավորներով»: Եւ դա հավասարապես պետք է վերաբերի խորհրդարանի մեկ երրորդից ավելիին, որի բաղադրատարրերը ոչ մի բանով չեն տարբերվում Մհեր Սեդրակյանից:
Իսկ լրագրողական դաշտին «կողմ» չտեսնելու ելքերի մասին արժե մտածել, քանի որ անկախ ֆինանսական աղբյուրներ փնտրելու ու ԶԼՄ-ներին զանազան «կողմնային» ինտրիգներից ազատ տեսնելու խնդիրը հենց հասարակությանը եւ, ինչու չէ` պետությանը պետք է վերաբերի, նրա՛նց պետք է հետաքրքրի, թե ինչու են լրագրողները իբր «ինտրիգային» հարցեր ուղղում իբր «ինտրիգային» պատգամավորների, եւ նրանց բարբաջանքները տեղադրելով սնկի նման բազմացած գրպանային կայքերում` վարկանիշ հավաքում: Կամ` ինչո՞ւ չեն լուսաբանում նույն այդ բողոքի ցույցին զուգահեռ ժամանակում ինչ- որ մենաշնորհյալ մեկի համար ԱԺ-ում քննարկվող եւ հարյուր անգամ զրոյացվող հարկով օբսիդիանի արդյունահանման հարցը, ինչու չեն գնում պարզելու` ում են նվիրում օբսիդիանի հանքերը, որոնք այստեղ միգուցե պահանջարկ չունեն, բայց օրինակ ԱՄՆ-ում օբսիդիանե առարկաները տասնյակ անգամ թանկ արժեն, մենաշնորհյալը վաղը զրոյական հարկ վճարելով մեր պետությանը` մեր ընդերքի հաշվին գերշահույթ է ստանալու: Թե՞ դրա համար ժամանակ, նյարդեր ու խելք է պետք, իսկ կիսագրագետ օլիգարխին մի թեթեւ սադրող հարց տալով, նրա բարբաջանքը կայքում տեղադրելով` ռեյտինգ ապահովելն ավելի հեշտ է: Մյուս կողմից` կարելի է գետինը մտնել տվյալ օլիգարխների հղումներից, թե լրագրողները ֆինանսական խնդիր են լուծում, եւ դրա մեջ անշուշտ ճշմարտության բաժին կա: Սա էլ պետության խնդիրն է: Նորմալ մամուլ ունենալու համար նախ նորմալ քաղաքական դաշտ պետք է ձեւավորել, մականունավորներին չտանել խորհրդարան, որոնք պարզ է, որ վճարելու են միմյանց դեմ ուղղվող տեղեկատվական պատերազմը, հետո նոր պահանջել լրագրողներից: Թե չէ` ազդեցություն-հակազդեցություն երեւույթը արդեն ֆիզիկա է, ճոճանակ, բումերանգ, ինչ ուզում եք:

Պետք է սկսել գլխից առողջացնել քաղաքական դաշտը, մաքրել քրեական անցյալ եւ առօրյա ունեցողներից, փողով պաշտոններ եւ լրագրողներ առնողներից, իսկ լրագրողական դաշտը պարզապես այս բոլորից հետո կինքնամաքրվի: Թե չէ` լրագրողներն էլ արդարացում ունեն, ասում են` տգետներին եւ մականունավորներին որ բերել են խորհրդարան, մենք էլ նրանց տգիտությունն ի ցույց դնելով ենք ուզում մաքրել պետությունը աղբից:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29