Վերջին շրջանում ակտիվացել են խոսակցությունները էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնելու հնարավորության վերաբերյալ։
Նման ակնկալիքների համար անշուշտ որոշակի հիմքեր կան, սակայն վերջնական եզրակացություններ անելը դեռ վաղ է։ Սակագնային տարվա ավարտին դեռ հինգ ամիս ժամանակ կա եւ դժվար է ասել, թե ինչ փոփոխություններ կարող են լինել։
Մյուս կողմից՝ սակագների վրա ազդող գործոնները բազմազան են։ Այս պահին դրանք ինչպես դրական, այնպես էլ բացասական են։
Նախորդ տարվա գործունեության արդյունքներով էներգետիկ համակարգում դրական փոփոխություններն ակնհայտ են։ Համակարգը ոչ միայն դուրս է գալիս կուտակված փոխադարձ պարտքերի շղթայից, այլեւ բարելավվում է ֆինանսական դրությունը։
Իրականացված միջոցառումները բարենպաստ պայմաններ են ստեղծել հասարակությանը հուզող ամենակարեւոր խնդրի՝ սակագնի վրա ճնշումը թուլացնելու համար։
Կարդացեք նաև
Ի տարբերություն նախորդ մի քանի տարիների, անհամեմատ բարելավվել է էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքը։ Մասնավորապես նկատելի է էժան հոսանքի արտադրության ծավալների ավելացում։
2015թ. ցուցանիշներով աճ արձանագրվեց ինչպես ատոմակայանի, այնպես էլ հիդրոէներգետիկայի ոլորտում արտադրված էլեկտրաէներգիայի առումով. առաջինում արտադրության ծավալներն ավելացան 13,1, երկրորդում՝ 10,7 տոկոսով։
Ընդ որում, համակարգում նվազեցին ջէկերի մատակարարումները։ Ջերմային կայանների արտադրած հոսանքը, որը, ինչպես հայտնի է, անհամեմատ թանկ է, կրճատվել է գրեթե 15 տոկոսով։ Չնայած դեռ չեն հրապարակվել այս տարեսկզբի էներգաարտադրության ցուցանիշները, այնուհանդերձ բոլոր հիմքերը կան ասելու, որ միտումները հիմնականում պահպանվել են նաեւ հունվար-փետրվարին։ Ըստ էության, դրան խանգարող գործոններ չեն եղել։
Ն. ՍԱՐԳՍՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: