Գյումրում անցկացվեց սուսերամարտի ՄՊՄԴ-ի պատանիների առաջնությունը, որին մասնակցեցին Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության կենտրոնի 35 սաներ: Նրանք մարզվում են այդ մարզական կրթօջախում: Հաղթողներն ու մրցանակակիրները պարգեւատրվեցին մրցանակներով եւ նվերներով:
ՄՊՄԴ-ի տնօրեն Գոհար Մելիքյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք արդեն 5 տարի է, ինչ սեփական նախաձեռնությամբ պայմանագիր ունեն Կենտրոնի հետ: «Այնտեղ հիմնականում միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխաներն են, որոնք լրացուցիչ ուշադրության կարիք ունեն: Մեզ հաջողվել է սպորտի, մասնավորապես, սուսերամարտի միջոցով նրանց ինտեգրել մեզ մոտ մարզվող դպրոցականներին, շրջակա թաղամասերի իրենց հասակակիցներին՝ առողջ քաղաքացի դարձնելու եւ լավագույն մարզիկներ պատրաստելու բազա ստեղծելով:
Մեր մարզիչների ջանքերի շնորհիվ մարզադպրոցի սաները, թեեւ թվով քիչ, բայց որոշակի հաջողություններ ունենում են հանրապետության պատանիների ու երիտասարդների առաջնություններում, ընդգրկվում իրենց տարիքային խմբերի հավաքականներ», – ասաց ՄԴ տնօրենը: Aravot.am-ի հարցին, թե որտե՞ղ են անցկացնում մարզումները, տիկին Մելիքյանը պատասխանեց. «Քանի որ մենք բազա չունեինք, դիմեցի մարզպետին: Թիվ 4 դպրոցը դարձել էր հիմնական դպրոց եւ շենքի մի թեւը փաստորեն ազատվել էր: Որոշվեց այն անվարձահատույց տալ մարզադպրոցին: Սկսել ենք, կարելի է ասել, զրոյից եւ կարողացել աստիճանաբար նյութատեխնիկական բազա ստեղծել: Այդ հարցում մեզ մշտապես օգնում է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ