Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ ամենակարեւոր հանդիսատեսը իմ ընտանիքն է»

Փետրվար 27,2016 10:30

Ըստ Վալերի Սահարյանի՝ մեր հայկական մշակույթը շատ ուժեղ է,
մի օր այդ ամենը ի հայտ կգա եւ կոչնչացնի էժանագին երաժշտությունը

«Ես հասկանում եմ, որ չեմ կարող գոհացնել բոլորին, բայց եթե կարող եմ տարածել լավ երաժշտություն, որն իմ ուժերի սահմանում է՝ ես այն կանեմ»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» պրոդյուսերական կենտրոնի գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանը: Նա Մոսկվայում կազմակերպվող «Armenia Music Awards» երաժշտական մրցանակաբաշխության հիմնադիրն է: Այս մրցանակաբաշխությունն արդեն 10 տարի է՝ Սփյուռքում ներկայացնում է հայկական երաժշտությունը` ինչպես էստրադային կատարողների, այնպես էլ Տիգրան Մանսուրյանի, Օֆելյա Համբարձումյանի, Ռուբեն Մաթեւոսյանի, Ռուբեն Հախվերդյանի, Ռոզի Արմենի եւ այլ հայտնիների մասնակցությամբ:

Այսօր Մոսկվայի Կրեմլի Մեծ դահլիճում տեղի է ունենալու «Armenia Music Awards» հոբելյանական՝ 10-րդ մրցանակաբաշխությունը: «Armenia Music Awards»-ի 10-ամյակը պետք է անցյալ տարի նշվեր, սակայն Վալերի Սահարյանը հարգելով եւ կարեւորելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը՝ հրաժարվեց միջոցառման հոբելյանական համերգ-մրցանակաբաշխությունից՝ տեղափոխելով այս տարի:
Այս մրցանակաբաշխությունն, ինչպես ասաց Սահարյանը, որպեսզի տարբերվի նմանատիպ միջոցառումներից, ամենայն պատասխանատվությամբ են մոտենում գործին: «Ամեն տարի աշխատում ենք նոր բան մտածել, որպեսզի մրցանակաբաշխությունից հետո տպավորություն չլինի, որ հանդիսատեսին խաբել ենք»,- ասաց Սահարյանը:

valeri-saharyan-4-1-2

Ամեն համերգի ժամանակ Սահարյանի ընտանիքի անդամները՝ կինն ու երեխաները, առաջին շարքում են նստում. «Եթե վատ, անորակ կատարողների հրավիրեմ եւ բարձրացնեմ բեմ, առաջին հերթին կխաբեմ իմ ընտանիքին, հետո՝ մյուս հանդիսատեսներին: Իմ ամենակարեւոր հանդիսատեսը իմ ընտանիքն է»:
Թե այս տարվա ընթացքում իր իսկ կազմակերպած համերգ-մրցանակաբաշխություններից ո՞րն է ավելի շատ տպավորվել եւ արժեքավոր եղել, Սահարյանը նշեց՝ 2014-ինը, որի միջոցառումը համարեց իդեալական. «Այդ տարի մասնակցում էին բացառապես լեգենդներ: Երբեք ես ժամանակ չեմ ունենում դահլիճում գտնվել: Բայց այդ համերգի ժամանակ մի պահ որոշեցի մտնել դահլիճ եւ հանդիսատեսի աչքերով նայել այդ ամենին: Հետեւի շարքում նստած մի կնոջ հարցրեցի՝ եւ ի՞նչ, ձեզ դո՞ւր է գալիս միջոցառումը: Նա շատ չոր պատասխանեց՝ ոչ, ավելացնելով՝ կարծես թաղում եկած լինենք, մի հատ շախով-շուխով պարային երգ չկա: Ես հասկացա, որ սխալ մարդու սխալ հարց եմ տվել եւ արագ դուրս եկա այդտեղից»:
«Armenia Music Awards» մրցանակաբաշխությանը բազմաթիվ երգիչներ, երաժիշտներ են մասնակցել, եւ ինչպես նշեց Սահարյանը՝ ընդամենը 1-2-ն են եղել ռաբիս ոճի կատարողներ. «Մեր հայկական մշակույթը շատ ուժեղ է, մի օր այդ ամենը ի հայտ կգա եւ կոչնչացնի էժանագին երաժշտությունը»:

Անդրադառնալով հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներին՝ Սահարյանն ասաց՝ անհասկանալի է, թե ինչու են բոլորը սկսել երգել ռեստորանային եւ փոփ երգեր, որը ժողովրդի մեջ ընդունված է որպես ռաբիս երաժշտություն. «Նայում ես՝ այդ մարդը ունի հրաշալի երաժշտական տվյալներ, օպերային ձայն, որը թույլ կտա նրան այնպիսի բեմերում ելույթ ունենալ, ինչպիսին Վիեննայի օպերային բեմն է, որի մասին երազել կարելի է: Բայց սոցիալական հարցերի պատճառով նախընտրում է մնալ այստեղ եւ կատարել այդ ռեստորանային երաժշտությունը»: Սակայն, ըստ Սահարյանի, կան այնպիսի բացառություններ, որոնք անգամ ֆինանսական խնդիրներ ունենալով՝ միշտ մնում են իրենց բարձր դիրքերում եւ անգամ մեծ հոնորարների դեպքում էլ չեն գնում ռեստորաններում երգելու. «Կան այնպիսի արտիստներ, կատարողներ, որոնք որոշակի խնդիրներ լուծելու համար այդպես էլ չփոխեցին իրենց ոճը՝ Ֆորշը, Ռուբեն Հախվերդյանը, Արամոն եւ շատ այլ երգիչներ: Չեմ կարծում, որ Ֆորշը ֆինանսապես այնքան ապահովված է, որի պատճառով էլ չի դավաճանել իր երաժշտությանը եւ ձեռագրին: Բոլորի համար էլ ֆինանսական առումով դժվար է, ուղղակի դա կախված է մարդու սկզբունքայնությունից՝ որքանով է նա տեր կանգնում դրանց եւ ինչ-որ նպատակների հասնելու համար փոխում իր աշխարհայացքը: Եթե անձը ի վիճակի լինի լողալ ջրի ուղղությանը հակառակ, ապա անպայման կմնա պատմության մեջ, կհիշվի, եւ նրա մասին կխոսեն մեծ հարգանքով:

Սոցիալական վիճակի պատճառաբանությունն ընդամենը մանկական արդարացում է»:
Վալերի Սահարյանն ասաց, որ ամեն ինչ անում է, որպեսզի իր երեխաները միշտ կապված լինեն Հայաստանին, սիրեն Հայաստանն ու հայ մշակույթն այնպես, ինչպես ինքը, եւ ստեղծագործեն մեր երկրում, օգուտ բերեն հայերին, որտեղ էլ որ նրանք գտնվեն. «Փորձում եմ այնպես դաստիարակել, որպեսզի հետո հպարտանամ նրանց գործերով: Ուզում եմ յուրաքանչյուր օրվա մեջ դնել մի այնպիսի դրական բան, որպեսզի տարիներ հետո հետ նայելով՝ չամաչեմ: Սա, իմ կարծիքով, պետք է լինի յուրաքանչյուր մարդու հիմնական նպատակը, որը պետք է հետապնդի նրան ողջ կյանքի ընթացքում»,- ասաց Վալերի Սահարյանը:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարում` Վալերի Սահարյանը դստեր՝ Եվայի հետ:

«Առավոտ»

27.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29