Լրահոս
Օրվա լրահոսը

Վերնախավը՝ իր «ճշտով»

Փետրվար 27,2016 10:00

Վերջերս ԱԺ պատգամավորներից մեկը, մյուսի «պատիվը» պաշտպանելով, ասել է, որ իր գործընկերը «ճշտով ապրող տղա է»: Դա ասում է բարձրագույն օրենսդիր մարմնի ներկայացուցիչը՝ պետական այն կառույցի, որը մեզ` քաղաքացիներիս համար պետք է մշակի մեր երկրի հետագա զարգացման հայեցակարգը: Եթե սեւ հումոր անենք, կարող ենք ասել, որ նա այդ առումով կատարում է իր առաքելությունը՝ հասարակությունը հենց այդպես էլ «զարգանում է»: 25 տարում ջրի երես է բարձրացել տիղմը` «իրա ճշտով», եւ ուզենք-չուզենք՝ հենց նա է թելադրում հասարակական վարքի ստանդարտներ: Նրանց «սիրըմ-հարգըմ» են, նրանց նախանձում են, նրանց հարստության մասին բամբասում են, նրանց անիծում են, կարեւոր չէ` հենց նրանք են հասարակական դեգրադացիայի գլխավոր դիրիժորները:

Բնականաբար, հարց է առաջանում՝ ինչից սկսել՝ այս փակուղուց դուրս գալու համար: Ինձ համար պատասխանը պարզ է՝ պետք է սկսել կրթությունից, դաստիարակությունից, լուսավորությունից: Գիտեմ, որ շատերին այս մոտեցումը տարօրինակ եւ «ոչ արմատական» կթվա՝ այ, որ Պողոսի տեղը գահին նստի Պետրոսը, վերջինս ամեն ինչ «կդզի»: Բայց ես վստահ եմ՝ եթե դպրոցի 3-4-րդ դասարանից տիրեն «ճշտով մարդկանց» օրենքները, որտեղ դասատուները ստանձնում են «միլիցու» դերը, եթե բուհը լինի պարզապես երիտասարդների «ազատ ժամանցի» վայր, եթե մտավորականությունը քարոզի «ազգի» եւ «հայրենասիրության» մասին 19-րդ դարի երկրորդ կեսի պատկերացումները, մենք կունենանք այն հիվանդ հասարակությունը, որը չի կարողանում նորմալ պետություն կառուցել: Պաշտոնական մակարդակով` «ազգայինը», իսկ իրական կյանքում` «գողականն» ու «նախրայինը»` ահա պետության դեմ աշխատող երկու գործոնները:

«Ճշտով» ապրելու», քեզնից տարբերվողներին փնովելու եւ վանելու, «շուստրի եւ աչքաբաց» լինելու մշակույթին պետք է փոխարինվի համագործակցելու, օգնելու, կիսվելու, ամեն մեկի անհատականությունը, տեսակետը, ապրելակերպը հարգելու, օրենքի եւ իրավունքի առաջ պատկառելու մշակույթը: Այդպես են մարդիկ դառնում ոչ թե ինչ-որ շինծու կանոնների ենթարկվող «լավ տղերք», այլ անհատներ, որոնք իրարից տարբերվում են ամեն ինչով՝ բացի քաղաքացի լինելուց: Այլ կերպ պետությունը չի կայանում:

…88 թվականից առ այսօր Ազատության հրապարակի հռետորները ասում են՝ ազգը…, ժողովուրդը…, երկիրը…, իշխանությունը…, ընդդիմությունը…, Պողոսը…, Պետրոսը…: Էապես ավելի քիչ եմ լսում՝ անհատը, քաղաքացին, պետությունը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Հայ Ազգին համար, այդքան ալ հեռու չէ «19-րդ դարի երկրորդ կէսը»: Հայոց ժամանակակից Պատմութեան ընթացքին մէջ՝ կարծես հազիւ երէկ ըլլար այդ: Եւ դեռ աւելի մօտ ու անմիջական կը դառնայ հայոց ազգային Զարթօնքի այդ մեկնակէտը, հայու արդի ինքնութեան ակունքը, երբ որ անկէ մինչեւ օրս երկարող ժամանակամիջոցէն հանենք 70 տարիներու փակագիծ մը: Նաեւ, ամենայն յարգանքով, ժամանակի մէջ սառած այդ փակագիծէն սեռած հանրային գործիչները լաւագոյն դիրքի վրայ չեն՝ արդիականութիւն քարոզելու համար այսօր: Վերջապէս, նոյնիսկ այն հայը որ չի կրնար ըմբռնել թէ «19-րդ դարի երկրորդ կէս»ը տակաւին լիովին այժմէական իրականութիւն է հայութեան համար, գոնէ այդ թուականի պատմական արժեւորումը թող յարգէ, որովհետեւ անցեալը անտեսելով, հերքելով կամ ուրանալով չէ որ առաջ պիտի երթանք: Այլ ընդհակառակն, քանզի, Յակոբ Պարոնեանը պատկերաւոր խօսքերով՝ ««Ետեւդ նայէ, որ առջեւդ տեսնես»:

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա

    • Մարգար Մախսուդյան says:

      Հարգելի Հայդուկ, թերևս առաջին անգամն է, որ լիովին համամիտ եմ Ձեզ հետ, սակայն հետաքրքիրն այն է, որ համամիտ եմ նաև Արամի հետ: Անշուշտ, Ձեր՝ «19-րդ դարի երկրորդ կէսի» գնահատականը շատ ավելի խորքային և համապարփակ էր, սակայն համոզված եմ, որ Հեղինակն այստեղ նկատի ուներ ՛՛ճշտի համար մեռնելու պատրաստ՛՛ այն քյառթուներին, որոնք Արցախի ազատագրությանը մասնակցել են միայն որպես ռազմավար տնօրինողներ, սակայն այսօր, հերոսի կեցվածք ընդունելով և պատեհ-անպատեհ հայհոյելով թուրքերին՝ պատրաստ են ճզմել ամեն մի առաջադիմականը, միայն թե իրենց ֆեոդալական իշխանությունը ՛՛անսասան՛՛ մնա:
      Կարծում եմ՝ հոդվածի գլխավոր միտքն այնուամենայնիվ հետսովետական երկրներին բնորոշ ՛՛ճշտի՛՛ հասկացության բացահայտումն է:
      Քանի որ Ձեզ ՛՛բախտ չի վիճակվել՛՛ այդ աշխարհաքաղաքական տարածքում գտնվել, փորձեմ օրինակի միջոցով ներկայացնել այդ՝ այսպես կոչված ՛՛ճշտի փիլիսոփայությունը՛՛.
      1930-ական թվականներին որևէ մի այլախոհ հեղափոխական, լիովին չպատկերացնելով, կամ միգուցե նաև պատկերացնելով գլխին գալիքը, թերթերից մեկում քննադատության է ենթարկում ընկեր Ստալինի դիրքորոշումը, ասենք՝ իքս հարցում:
      Հիմա տեսնենք, թե մի քանի օր անց ընկեր Ստալինը ինչպես է Կենտկոմի Բյուրոյի նիստում ընկեր Այլախոհին իր ՛՛ճշտով՛՛, որն ինչպես հայտնի է՝ միակն է, դեմ տալիս պատին.
      -Ընկեր Կոմունիստներ, մեր նախկին ընկեր Այլախոհը, ընկնելով հեղափոխության թշնամիներ Տրոցկու, Կամենևի և Զինովևի ազդեցության տակ, փորձ է կատարել իմպերիալիստական ցեխ շպրտել ինձ՝ Կենտկոմի Բյուրոյի քարտուղարիս վրա, առանց հաշվի առնելու, որ ես արտահայտում եմ Բյուրոյի կարծիքը, Բյուրոն էլ արտահայտում է Կենտկոմի կարծիքը, դե իսկ Կենտկոմն էլ արտահայտում է Կոմունիստական պարտիայի բազմամիլիոն անդամների կարծիքը, իսկ ընկեր Այլախոհը շատ լավ պիտի իմանա, որ Պարտիան ողջ սովետական ժողովրդի առաջադեմ գվարդիան է:
      -Ի՞նչ է հետևում այստեղից, ընկեր Կոմունիստներ. այս Այլախոհ կոչվածը իրականում սովետական ժողովրդի թշնամի է և իմպերալիստական մի շարք երկրների լրտես, իսկ մեր մոտեցումն այդ դասալիք դավաճանների նկատմամբ միարժեք է՝ գնդակահարություն: Ովքե՞ր են կողմ…
      .

      Ցավալին այն է, որ այդ ՛՛ճշտի՛՛ մեխանիկան, որի կարևորագույն հասկացություններից է ՛՛գործ տվող՛՛ անձը, վերաներդվել է մեր հասարակության մեջ, ինչը հնարավորություն է տալիս հանցամետ ու անկուշտ քաղաքական ղեկավարությունը անձնական հսկայական միջոցներ կուտակել, միաժամանակ կաթվածահար անելով երկրի տնտեսությունը՝ դրանից բխող բոլոր տխուր հետևանքներով…

      • Հ.Շ. says:

        Հետաքրքրական եւ շահեկան բացատրութիւններ են, Մարգար, շնորհակալութիւն:

        Խորհրդային Հայաստանը ես բախտը ունեցել եմ այցելելու մի անգամ միայն, եւ այն ալ հազիւ տասը տարեկանիս (այս պարագային, չակերտներու մէջ չեմ դներ բախտ բառը, որովհետեւ իսկապէս առանձնաշնորհ մըն էր, եւ ծնողներուս կողմէ շատ խոհեմ քայլ մը, նկատի ունենալով որ Սփիւռքի այն շրջանակներուն մաս կը կազմէինք որոնք խզուած էին Խորհրդային Հայաստանի հետ) : Ողորմած մեծ-մայրիկս ալ մեր հետն էր, եւ այն ատեն բազմաթիւ ընտանիքի անդամներ ունէինք այդտեղ, այնպէս որ, վառ յիշատակներ եւ անջնջելի տպաւորութիւններ պահած եմ այդ շատ իմաստալից ուղեւորութենէն: Անոր յաջորդող, ուրիշ երկիրներու մի քանի ճամբորդութիւններէս գրեթէ բան չեմ յիշեր, բայց այդ մէկը խորապէս արձանագրուած է էութեանս մէջ:

        Միշտ արժեքաւոր եւ մանաւանդ՝ օգտակար կը նկատեմ այդ ժամանակներուն վերաբերող վստահելի տեղեկութիւններ, ուղղամիտ լուսաբանութիւններ: Այդ նիւթով, մի քանի անգամ – տարբեր տարիքներու- կարդացել եմ յատկապէս Անդրանիկ Ծառուկեանի «Հին Երազներ, Նոր Ճամբաներ» գիրքը:

        Վերեւ մի քիչ չոր ու կտրուկ կերպով հակազդեցի Խմբագրականի այդ մէկ տարրին միայն, որովհետեւ, անկախաբար թէ այս անգամ ինչ իմաստով կամ նպատակով արտայայտուած է խնդրոյ առարկայ այդ հեգնական ակնարկութիւնը, առաջին անգամը չէ որ հանդիպում եմ անոր, նոյն յարգելի գրիչին տակ:

        Սակայն հեղինակին յանցանքն ալ չէ: Ինչպէս որ ես բաւարար ծանօթ չեմ Խորհրդային ժամանակաշրջանի վերաբերող կարգ մը նիւթերու, այդ ժամանակամիջոցին՝ փոքր տարիքէն Խորհրդային Հայաստանի մէջ ապրած եւ դաստիարակուած որոշ սերունդի մը պակտանող հայեր այսօր շատ դժուարութիւն ունին բաւարար չափով ըմբռնելու 19րդ Դարու սկիզբը (1930-ական թուականներ) ծայր տուած Հայոց Զարթօնքի եւ անոր առընչուող՝ Հայոց Ազգային Ազատագրական Շարժումի գաղաբարականը, եւ մանաւանդ չեն անդրադառնար՝ թէ որքան այժմէական, ի զօրու եւ կենսական են այդ բոլորը, տակաւին այսօր: Օդի վրայ, ունայնութեան վրայ չենք կրնար կերտել Հայութեան Հայրենիքը:

        Նաեւ, կ’ընդունիմ անշուշտ որ այսօր կան անձեր որոնք անվայել ու լկտի կերպով շահագործում են նիւթի առարկայ գաղափարախօսութիւնը, ես ալ վիրաւորւում եւ խորապէս ցաւում եմ այդ զզուելի երեւոյթին դիմաց: Սակայն միտքս եւ զգացումներս աւելի կեդրոնացնում եմ այն անթիւ անձերին վրայ, որոնք ծայրագոյն զոհողութիւններ են կատարել, մինչեւ տակաւին շատ մօտակայ անցեալին, յանուն եւ ի սէր այդ գաղափարներին: Անոնցմէ շատեր տակաւին մինչեւ օրս կրում են անձնական վնասները այդ զոհաբերման: Իսկ դեռ կան շատեր որոնք պատրաստ են նոյնը կատարելու (սակայն այլեւս ոչ, երբեք՝ այլ երկիրներու մէջ, որոնց օրէնքներուն պէտք է ենթարկուիլ, որպէս անոնց օրինապահ քաղաքացիները) :

        Այն ինչ կը վերաբերի վերեւի մեկնաբանութեանս շեշտին, պէտք է ըսել նաեւ որ այստեղ ժամը շատ ուշ էր երբ որ զայն արտայայտեցի: Այդ ալ, երկար շաբթուայ մը աւարտին…

        • Ruben says:

          Հայաստանի «Ռազմական Դոկտրին»:

          Գ.ԷՄԻՆ
          «Զարմանալի հայ»

          Զարմանալի հա՜յ…
          Զարմանալի՛ հայ։
          Պապդ թուրքահայ,
          Հայրդ ռուսահայ,
          Դու ֆրանսահայ,
          …Զարմանալի հա՜յ…

          Սասունում ծնված,
          Բեյրութում ապրած,
          Էջմիածնում մեռած…
          Զարմանալի՜ հայ։

          Տղադ Սևանում,
          Թոռդ Միլանում,
          Ծոռդ Թեհրանում։
          Քո սերմը վաղու՜ց քեզ չի հասկանում…

          Առանց պապ ու տատ,
          Հայրենական հող,
          Մայրենի լեզու՛,
          Առանց հայր ու մայր։

          Զարմանալի հա՜յ…
          Որ որպես հյուր է իր տունը գալիս,
          Որպես տուրիստ իր տան մեջ ման գալիս,
          Եւ ետ գնում տու՛ն,
          Որ Նիս է կոչվում,
          Հալեպ կամ Շանհա՜յ։
          Զարմանալի՜ հայ,
          Զարմանալի հա՜յ…

          • Հ.Շ. says:

            յիշեցնում է Մեսչյանի «Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած…»-ը

          • Ռուբեն says:

            Կեցցես Ruben, շատ դիպուկ մեջբերում արեցիր: Հայի “զարմանալիության” պատճառի բացահայտումը կարելի է համարել մեր ամենակարևոր հարցերից մեկը: Երանի կտայի, որ այս թեմայով գրվեին այնքան հոդվածներ, անցկացվեին այնքան բանավեճեր, մինչև որ մենք հասկանայինք, որ զարմանալի լինելն այնքան էլ պատվաբեր չէ և մեր շատ անհաջողությունների պատճառը հենց այդ “զարմանալիությունն է”:

  2. ԳԱՌՆԻԿ says:

    Պ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԴՈՒՔ ԻՆՉ-ՈՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԶԳՈԻՄ ԷՔ ՄԵՐ ԱԶԳԻ ՄՈՒՏԱՑԻԱԻ ԱՌՈՒՄՈՎ:

  3. Լավատես says:

    Եթե ուզում ես հավերը թողնեն փախնեն հավաբնից, շան փոխարեն աղվեսին նշանակի հավաբնի պաշտպան։ Եթե դու չես ուզում, որ հավերը փախնեն, բայց նրանք միեւնույն է փախնում են, ուրեմն ինչ որ մեկն է շան փոխարեն աղվեսին պաշտոն տվել։ Այստեղ մեր մրցակիցը աղվեսը չի, այլ այդ ինչ որ մեկը, որը մեր շանը իր բնական ծառայությունից զրկել է որ պաշտպաներ հավերին ամեն տեսակ աղվեսներից, իսկ աղվեսին տվել հավաբնի պաշտպանի նրա համար անբնական ծառայությունը։ Եկեք աշխարհով մեկ փնտրենք ու գտնենք մեր իսկական պատգամավորներին եւ նախարարներին, պաշտպանենք նրանց ամեն տեսակ ինչ որ մեկերից, մեր աղվեսներն էլ թող մեր շների զգոնությունը բարձր պահեն։

  4. Ruben says:

    «Ժեզլ»-ի (Ապարան), թղթի ու գրչի (Զանգեզուր), նալի ու խուրջինի (Ղարաբաղ), դանակ-չափաջաղի (Շիրակ) եւ այլ նմանատիպ արմատական արտադրությունները հիմք են հանդիսանում կրթության, դաստիարակության, լուսավորության:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29