Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինվեստ Արմենիա» 2-րդ բիզնես ֆորումում «Քարֆուր»-ին կառաջարկեն հայկական ապրանքները վաճառել արտերկրի իր ցանցում

Փետրվար 27,2016 11:00

«Իրանական ապրանքները կարող են Հայաստանում
փաթեթավորվել եւ արտահանվել ԵՏՄ երկրներ»

Հայաստանում ներդրումները խթանելու, ներդրումային դաշտի ոլորտները եւ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո բացված հեռանկարները ճիշտ ներկայացնելու նպատակով ապրիլի 22-ին Հայաստանում կկազմակերպվի «Ինվեստ Արմենիա» 2-րդ բիզնես ֆորումը, որն այս անգամ կանցկացվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ինվեստ Արմենիա» ծրագրի համակարգող, «Բի Փի Էյ» ընկերության նախագահ Վրույր Փենեսյանը:

Գործարար համաժողովը կազմակերպել է «Բի Փի Էյ» ընկերությունը՝ Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության հետ համատեղ, որն արդեն ամենամյա բնույթ է կրում: Վրույր Փենեսյանի խոսքերով՝ համաժողովի հիմնական թեմաներն են Հայաստան-Իրան-Եվրասիական տնտեսական միություն համագործակցության ծրագրերն ու հեռանկարները: Թեմայի շուրջ քննարկմանը հրավիրված են նաեւ նշյալ երկրներից պատվիրակություններ:

«Հյուրեր կունենանք ԵՏՄ երկրներից՝ Ռուսաստանից, Ղազախստանից, ինչպես նաեւ մասնակցության մեծ հետաքրքրություն կա իրանական կողմից: Մեր նպատակն է Հայաստանում խթանել ներդրումները, ճիշտ ներկայացնել ներդրումային դաշտը, ոլորտները եւ բոլոր այն հեռանկարները, որոնք կբացվեն ԵՏՄ-ին անդամակցելուց հետո: Կքննարկենք նաեւ, թե իրանական կողմի պատժամիջոցների վերացումից հետո Հայաստանի համար ինչպիսի բարենպաստ պայմաններ են ստեղծվել, որոնց ուղղությամբ կարող ենք փոխգործակցել»,- ասում է պարոն Փենեսյանը:

Նախորդ տարի կազմակերպված ֆորումին Իրանը, ի դեմս Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանի, հյուրի կարգավիճակով է մասնակցել, այս տարի, ինչպես Վրույր Փենեսյանն ասաց, գործարար համայնքից էլ ներկայացուցիչներ կլինեն. «Իրանական կողմն առաջարկներ ունի գյուղատնտեսական ոլորտում, ինչպես նաեւ կարող ենք Հայաստանը դիտել տարանցիկ երկիր, որտեղ իրանական ապրանքները կարող են փաթեթավորվել եւ արտահանվել ԵՏՄ երկրներ, նաեւ, ինչու չէ, կարող ենք օտարերկրյա ներդրողների համար Հայաստանն օգտագործել, այսպես ասած, որպես ժամանակավոր բնակվելու տեղ, այսինքն՝ այն օտարերկրյա ներդրողները, որոնք կցանկանան բիզնես իրականացնել Իրանում, նրանց ընտանիքները կարող են ապրել Հայաստանում, քանի որ Իրանն այստեղից ավելի մոտ է գտնվում, իսկ Հայաստանն ավելի եվրոպականացված երկիր է համարվում, եւ Երեւանն ամեն ինչ ունի, որպեսզի եվրոպացի քմահաճ գործարարին կարողանա բավարարել»:

Ըստ պարոն Փենեսյանի՝ բիզնես ֆորումի հիմնական կետերից է նաեւ տնտեսական կանխատեսումները 2016-2018 թվականների համար. «Մենք կարճաժամկետ կանխատեսումներ կանենք, կլինեն վերլուծություն, զեկույցներ առաջադեմ մասնագետների կողմից: Երրորդ կարեւոր կետը լինելու է միջազգային խոշոր առեւտրային ցանցերում հայկական արտադրանքի վաճառքի հնարավորությունների հարցը: Այսինքն՝ մենք պետք է հասկանանք՝ ինչն է խնդիրը, եթե մենք արդեն ունենք Հայաստանում միջազգային ցանցի խոշոր ներկայացուցիչ՝ «Քարֆուրը», ինչ պայմաններ կան, որպեսզի հայկական արտադրանքը վաճառվի «Քարֆուր» սուպերմարկետների արտերկրի ամբողջ ցանցում: Գլխավոր տնօրենը կմասնակցի եւ այդ հարցին կպատասխանի: Մենք ակնկալում ենք այս բնագավառից մասնագետներ արտերկրից, որոնք իրենց վճռորոշ եւ կարեւոր խոսքը կասեն այս ամբողջ համագործակցության վերաբերյալ»:

Գործարար համաժողովը կեզրափակվի հաջողված ներդրումային պատմությունների ներկայացմամբ:

«Առավոտի» հարցին, թե առաջին բիզնես ֆորումից հետո ինչպիսի՞ ձեռքբերումներ են եղել, ներդրումներ «եկե՞լ» են մեր երկիր, պարոն Փենեսյանն ասաց, որ ունեցել են գործարար կապեր օտարերկրյա առեւտրաարդյունաբերական պալատների հետ, եւ այդ կապերն ամրապնդվել են, որոնց շուրջ էլ ներկայումս կատարվում են քննարկումներ. «Դեռեւս չի կարելի արդյունքների մասին խոսել, բայց համագործակցության նախնական փուլերը դրված են»:

Վրույր Փենեսյանն ասաց, որ հատուկ տաղավարում կներկայացնեն ներդրումային փաթեթներ. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում կան ընկերություններ, որոնք ունեն ֆինանսական խնդիրներ, եւ նրանցից ոմանք կամ փակվել են, կամ փակման եզրին են, նրանց հնարավորություն կտրվի լրացուցիչ ներդրումներ ներգրավել: Այդ ընկերությունները կարող են ամբողջը կամ մասնաբաժինը վաճառել օտարերկրյա ներդրողներին, եւ այս փաթեթը մենք պետք է գեղեցիկ ներկայացնենք, որպեսզի ոչ միայն ֆորումը սահմանափակվի քննարկումներով, այլեւ գործարարներն իրենց ձեռքի տակ ունենան պատրաստի փաթեթներ ներդրումների համար»:

Մեր զրուցակիցն ասաց, որ առաջիկա ամիսներին ծրագրել են նաեւ կազմակերպել եւս երկու մասնագիտական գործարար համաժողովներ՝ զբոսաշրջության եւ քաղաքաշինության թեմաներով:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
26.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29