Անշուշտ, մարդը մենակ է ծնվում եւ մեռնում է դարձյալ մենակ: Ու մարդու ապրածն ընդամենը կյանք-մահ կարճատեւ ճանապարհն է, որն ըստ էության փախուստ է մենությունից, այսինքն թե` մահվանից, որի դեմ ամեն ոք մենակ է յուրովի: Եվ եթե այդ ճանապարհին ձեւակերպվել, հաստատվել է ապրողի եսը, կամ եթե չի հաստատվել ու մնացել է աննկատ, միեւնույն է՝ վերջաբանը նույնն է, սակայն բառերի մեջ ձեւակերպումներն են տարբեր…
Մանկությանս տարիներին` արեւոտ անձրեւից հետո, կիսաքանդ աստիճաններով բարձրանում էի տանիք, որի կանաչ անվերջությունը ձգվում, հասնում էր մինչեւ հորիզոն, ուր կապույտի մեջ ծփում էին հեռո՜ւ, անտառապատ լեռները, իսկ ամենավերջում` գրեթե սարերին քսվող, փոքրիկ սեղանն էր, որի շուրջ նստած իմ դասընկեր Գրիգորի հաշմանդամ քույրերը բոված գարուց սուրճ էին խմում:
Ես վազում էի, չգիտեմ՝ դեպի նրա՞նց, թե՞ կապույտ լեռները. հիշում եմ միայն, որ ինձ թվում էր, թե ուր որ է՝ թեւեր կառնեմ ու կթռչեմ նրանց վրայով դեպի կապույտ սարերը:
Ինձ թվում էր…
Բայց այդպես էլ չթռա, այլ մնացի նրանց հետ` շարունակելով, սակայն, թռչել երազներիս մեջ: Եվ մի օր, չգիտեմ՝ թռիչքի ահագնությունն էր մեղավոր, թե ես վրիպեցի, ու ընկա կիսախավար մի փոս, ուր ինձ մոտեցավ մեկը, որի դեմքը անտեսանելի էր, բայց ձեռքերը` տեսանելի:
Եվ փողի դիմաց ինձ ոսկե դրամներ առաջարկեց ու մաշված, խունացած քսակից հանեց եւ ինձ ցույց տվեց Մակեդոնացու ոսկեդրամը, հետո ինձ անհայտ եւս չորս թագավորների դրամներ ցույց տվեց, վերջում` մի տարօրինակ ոսկյա առարկա, հարցրի` սա է՞լ է դրամ, ասաց` ոչ, դա Դարեհ թագավորի խալաթի ոսկե կոճակն է: Ես տվեցի նրան ինձ մոտ եղած փողը՝ խորհրդային մեկ ռուբլիանոցը եւ, չգիտեմ ինչու, զարմացած էի, որ Տիգրան Մեծի դրամը չկար:
Կարդացեք նաև
Հետո արդեն` հրաժեշտից առաջ, նորից հնչեց նրա ձայնը.
– Մի՛ մոռացիր արքային հաղորդել, որ զգույշ լինի ներքեւից դեպի վերեւ իրեն նայողներից եւ զգուշանա պնակալեզներից…
Հնչեց հեռախոսի զանգը, ու ես արթնացա, քնաթաթախ դուրս նայեցի պատուհանից եւ տեսա, որ ուր որ է՝ ծիրանենին կծաղկի:
Տե՜ր Աստված, ինչ լավ է, որ նորից գարուն է, իսկ ես դեռեւս թռչում եմ երազներիս մեջ…
Բայց աջ ձեռքս փակ էր, եւ սառնություն էի զգում: Անհանգստացած բացեցի եւ գարնանամուտ առավոտվա լույսի մեջ զարմանքով տեսա Արտաշես Մեծ արքայի շքեղ ոսկեդրամը, իսկ Դարեհի կոճակը չկար…
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.02.2016
Այո, Խորհրդային մեկ ռուբլին անգլիացուն հանձնողներից մեկն էլ դուք էիք, ու ոչ մի Արտաշեսի ոսկեդրամ էլ չկա: Ինքնախաբեությամբ մի զբաղվեք ու մի արդարացրեք ձեզ: