Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա դիվանագիտական երեսպաշտություն է դառնում»

Փետրվար 27,2016 15:30

Ըստ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի՝ Ադրբեջանի հայտարարությունները չեն փոխի հայ-ռուսական հարաբերությունները

«Այն, որ ադրբեջանցիներն իրենց ԱԳՆ-ն օգտագործում են մեր դեմ ուղղված գործողություններ վարելու համար, ինձ թվում է՝ ոչ ոքի չի զարմացնում: Ռազմական պրակտիկայում ընդունված է ամեն ինչ օգտագործելը՝ ծանր քարերից սկսած, թղթե տեքստերով վերջացրած: Այնպես որ՝ ադրբեջանցիներն օգտագործում են այն, ինչ ձեռքի տակ ունեն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը: Նրա հետ զրուցել ենք Ադրբեջանի ԱԳՆ-ի ՝ Ռուսաստանին ուղղված բողոքի նոտայի մասին: Ադրբեջանական իշխանություններին մտահոգել է, որ Ռուսաստանը Հայաստանին 200 միլիոն դոլարի վարկ է տրամադրել զենքի վաճառքի համար: Բաքուն նաեւ Մոսկվայից պաշտոնական երաշխիքներ է պահանջել, որ այդ զենքը Հայաստանի կողմից չի տեղակայվելու «ադրբեջանական օկուպացված տարածքներում» եւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ «Հայաստանին զենքի եւ ռազմամթերքի փոխանցումը՝ հատկապես հարձակողական բնույթի, չի նպաստում հակամարտության կարգավորմանը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը:
«Համոզված եմ՝ այս հայտարարությունը չի ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա»,- ասում է ռազմագետ Կարեն Վրթանեսյանը՝ նշելով, որ նմանատիպ հայտարարությունը Ադրբեջանի կողմից պարզապես ծիծաղելի է. «Որովհետեւ Ադրբեջանը վերջին չորս տարում փաստացի Եվրոպայում ամենաշատ սպառազինություններ ներկրած երկիրն է, դա դիվանագիտական երեսպաշտություն է դառնում, քաղաքական երեսպաշտություն է»,- ասում է Կարեն Վրթանեսյանը:

Մեր դիտարկմանն ի պատասխան, որ տարիներ շարունակ Ադրբեջանն է Ռուսաստանից զենք գնում եւ մեր դեմ օգտագործում, սակայն մենք պաշտոնական պատասխաններ Ռուսաստանից չենք պահանջում, պարոն Վրթանեսյանը հիշեցնում է նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ հնչած մտահոգությունները, որ հայ զինվորը սահմանին զոհվում է Ադրբեջանի կողմից կիրառվող ռուսական զենքից. «Նախագահի հայտարարությունը հանրային վայրում ոչ պակաս պաշտոնական էր»,- ասում է պարոն Վրթանեսյանը:

Ռազմական փորձագետը համարում է, որ ձեռք բերվող զինտեխնիկան բավականին լուրջ մատակարարում է՝ «շատ ուղղություններով է, ահագին մեզ ուժեղացնում է»: «Շատերը քննադատում էին, թե սա ի՞նչ է, շարժիչներ են եւ այլն, բայց նույնիսկ շարժիչը հնարավորություն է տալիս մեզ մոտ ունեցած տանկի կամ հետեւակի մարտական մեքենայի կյանքը 10-15 տարով երկարացնել, ինչը նշանակում է, որ համեմատաբար քիչ ծախսերով տեխնիկան բավականին թարմացնում ենք»:

Զինտեխնիկայի ձեռք բերման հետ կապված Ադրբեջանի այս ջղաձգումները պարոն Վրթանեսյանը չի կապում տարածաշրջանում առաջացած կոնֆլիկտների, մասնավորապես՝ ռուս-թուրքական հարաբերությունների սրացման հետ. «Ռուսաստանի՝ Հայաստանին վարկ տրամադրելու հարցը քննարկվել է շատ ավելի վաղ, անգամ մինչեւ Սիրիայի կոնֆլիկտում Ռուսաստանի ներգրավվելը,- ասում է պարոն Վրթանեսյանը եւ նշում, որ Ադրբեջանին ինչ-որ հատուկ բան պետք չէ սահմանին իրավիճակը հերթական անգամ սրելու:- Իրենք իրենց ներքին հարցերն են սահմանում իրավիճակը սրելով լուծում, ու դա չի նշանակում, որ մենք պետք է վախենանք շնչել, ինչ է թե՝ Ադրբեջանը կարող է զայրանալ: Բնականաբար, Հայաստանում ոչ ոք այդպես չի մտածում, եւ ոչ ոք չի փորձում իր ազգային անվտանգության հարցերը լուծել՝ կախված Ադրբեջանի արձագանքից: Ադրբեջանի որեւէ արձագանք Հայաստանի նկատմամբ դրական լինել չի կարող»:

Անդրադառնալով՝ Թուրքիայի կողմից անընդհատ հրահրվող քաղաքականությանը՝ պարոն Վրթանեսյանն ասում է. «Թուրքիան այնքան էլ ադեկվատ գործընկեր կամ հարեւան չէ որեւէ մեկ համար: Թուրքիան բազմիցս իրեն դրսեւորել է խիստ ապակայունացնող մի բան տարածաշրջանում: Ըստ այդմ՝ մենք պետք է մտածենք ոչ թե այն մասին, թե ինչ արձագանք կլինի Թուրքիայից, այլ մենք պետք է ունենանք համապատասխան սպառազինություն, որ նույն Թուրքիայի մտքով էլ հանկարծ ինչ-որ բան չանցնի»:
Նշենք, որ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է Բաքվի վերը նշված բողոքի նոտային: «Մենք ադրբեջանական կողմին դիվանագիտական ուղիներով արդեն հայտնել ենք համապատասխան տեղեկատվությունը, որ Ռուսաստանը Հայաստանի հետ կապված է դաշնակցային հարաբերություններով եւ զարգացնում է նաեւ նրա հետ ռազմատեխնիկական համագործակցություն: Համարում ենք, որ սա հանրահայտ փաստ է, եւ բացի այդ, մենք այդ հարաբերությունները վարում ենք չթաքցնելով, թափանցիկ եւ բաց»,- նշել է նա՝ ավելացնելով, որ դրան Ադրբեջանը պետք է ըմբռնումով մոտենա: Մարիա Զախարովան նաեւ պատասխանի մեջ շեշտել է. «Ռազմամթերքի մատակարարումն ինչպես Հայաստանի, այնպես էլ բարեկամ Ադրբեջանի դեպքում իրականացվում է՝ հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանումը»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29