Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն Արցախը ՀՀ կազմում ներառելու ճանապա՞րհ են հարթում

Փետրվար 27,2016 15:00

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի կարծիքով՝ նախօրեին երկու կուսակցությունների միջեւ ստորագրված համագործակցության հուշագիրը հակասում է ՀՀ գործող Սահմանադրությանը:

– Նախօրեին վերջապես ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագիրը: Մինչ հուշագրի հրապարակումը կողմերն ասում էին` կտեսնեք, թե ինչ կետեր են լինելու: Տեսա՞ք, ի՞նչ աշխարհացունց կետեր կային այնտեղ, որոնք մինչ օրս եղած հուշագրերում չէին ամրագրվել, եւ, որ ամենակարեւորն է, տեսա՞ք մեխանիզմներ, որոնցով կիրառվելու են հուշագրում ամրագրված դրույթները, մանավանդ որ՝ խոսք կա նաեւ պատասխանատվության բեռը կիսելու մասին:

– Ձեր հարցում ես, կարծես, հեգնական թեթեւ շեշտադրումներ նշմարեցի, ինչը կատարված իրադարձությանը փոքր-ինչ անլուրջ վերաբերվելու նախատրամադրվածություն կարող է առաջացնել ընթերցողի մոտ, մինչդեռ ինքս գտնում եմ, որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագրի ստորագրումը եւ դրանից բխող մասնակից կողմերի հետագա գործողությունները լուրջ ազդեցություն են ունենալու Հայաստանից դեռեւս չհեռացած յուրաքանչյուր քաղաքացու հետագա ճակատագրի վրա: Անշուշտ, այդ հուշագիրը հռչակագրային բնույթ ունի եւ ինչ-որ առումով հանդիսանում է ՀՀ նորացված Սահմանադրության մի շարք դրույթների պարզ կրկնություն: Միակ կետը, որն իմաստային առումով հարաբերականորեն կոնկրետ էր, վերաբերվում էր ՀՀ վարչատարածքային ներկայիս բաժանումը վերանայելու նպատակադրմանը: Ճիշտ է, այնուամենայնիվ, պարզ չէ, թե ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ինչու են որոշել այս խնդրի առաջնահերթ լինելն արտացոլել հուշագրում, եւ կարելի է միայն ենթադրել, որ նրանք գուցե նախապատրաստվում են ինչ-որ կերպ ճանապարհ հարթել Արցախը Հայաստանի Հանրապետության կազմում պաշտոնապես ներառելու համար:

Բայց հուշագրի մասով ամբողջ խնդիրն այն է, որ, իմ համոզմամբ, այդ փաստաթուղթը կոչված է օրինական ուժ հաղորդել պարոն Սերժ Սարգսյանի եւ ՀՅԴ կուսակցական վերնախավի միջեւ՝ Դաշնակցությանը երեք նախարարական եւ երկու մարզպետական աթոռներ տրամադրելու շուրջ կայացած գործարքին եւ հանրության համար այն ընդունելի դարձնել, հակառակ այն բանի, որ նման գործելաոճը հակասում է ՀՀ գործող Սահմանադրության ինչպես ոգուն, այնպես էլ տառին: Բանն այն է, որ ՀՀ հիմնական օրենքի երկրորդ հոդվածով սահմանված է, որ «Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ վերջինս էլ այդ իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնական անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»: Եթե հավատալու լինենք ՀՀ ԿԸՀ պաշտոնական տվյալներին, մեր երկրում ԱԺ ընտրություններին մասնակցած քաղաքացիների (այսինքն՝ Սահմանադրության մեջ հիշատակվող ժողովուրդը) մեծամասնության հստակ կամարտահայտության համաձայն՝ ՀՀԿ-ն ստացավ կառավարություն ձեւավորելու մենաշնորհ, որից սեփական ցանկությամբ կամ քմահաճույքով հօգուտ որեւէ այլ քաղաքական ուժի անգամ մասնակիորեն հրաժարվելու իրավունքը նա չունի: Կրկին, եթե հավատալու լինենք ՀՀ ԿԸՀ պաշտոնական տվյալներին, կարող ենք հստակ ասել, որ ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցած մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունը չի վստահել Դաշնակցությանը եւ չի ցանկացել, որպեսզի վերջինս որոշիչ դերակատարում ունենա Հայաստանի ներքաղաքական կյանքում, այնպես որ՝ այդ կուսակցությունը հազիվ կարողացել է հաղթահարել սահմանված հինգ տոկոսանոց շեմը: Եթե խնդրին մոտենանք ըստ էության, ապա հուշագրի ստորագրումով եւ դաշնակցական նախարարների ու մարզպետների նշանակումով կատարվել է իշխանության բռնազավթում, որն օրենքով խստագույնս պատժելի արարք է:

Ինքս կուսակցական չեմ եւ կուսակցական նախասիրություններ չունեմ, այդ առումով շահագրգռված եմ, որպեսզի պատասխանատվություն ստանձնելուն պատրաստ եւ համարժեք կադրային, նյութական ու բարոյական ներուժ ունեցող կուսակցությունները ակտիվ գործելու լիարժեք հնարավորություն ունենան, բայց դա չի կարելի անել ընտրողի թիկունքում կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարք կնքելու ճանապարհով: Անգամ լավագույն մտադրություններով պայմանավորված այսօրինակ գործելակերպն աղետաբեր հետեւանքներ է բերելու մեր պետականությանը: Գտնում եմ, որ առնվազն ՀՀ Սահմանադրական դատարանը պարտավոր է այս հարցի կապակցությամբ գոնե պատշաճ իրավական պարզաբանումները տալ:

– ՀՀԿ-ՀՅԴ հուշագրի առկայությունը թույլ տալի՞ս է իրական պատկերացումներ կազմել այն մասին, թե ինչի էր այժմ անհրաժեշտ այս համագործակցությունը: Ո՞րն է դա:

– Ես ավելի հակված եմ այն տեսակետին, որ ՀՅԴ կրկնական մուտքը գործադիր իշխանության ոլորտ ավելի շատ պայմանավորված է արտաքին հանգամանքներով՝ մասնավորապես ռուս-թուրքական միջպետական հարաբերությունների ողջ տիրույթում առաջացած եւ խորացող ռազմաքաղաքական ճգնաժամի առկայությամբ: Հայաստանի գործադիր իշխանության կազմում հստակ ու կոշտ նախապայմաններ պարունակող հակաթուրքական դիրքորոշում ունեցող քաղաքական ուժի՝ ՀՅԴ-ի առկայությունը կարող է այս համատեքստում պահանջված եւ խիստ օգտակար լինել Մոսկվայի համար: Չմոռանանք, որ ցեղակրոն ՀՀԿ-ի առաջնորդի նախաձեռնությամբ սկիզբ առավ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության փուլը, որն այժմ՝ աշխարհաքաղաքական նոր իրողությունների ձեւավորման ակտիվ շրջանում, կարծես թե, անհրաժեշտ է դարձել մոռացության գիրկն ուղարկել: Դաշնակցությունն այն ժամանակ սկզբունքորեն մերժեց ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում ծնված հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման նպատակահարմարությունն ու դուրս եկավ իշխող կոալիցիայից, եւ ՀՅԴ այսօրվա վերադարձն ինչ-որ առումով նաեւ պետք է ընկալել որպես նրա այն դիրքորոշման իրավացիության անուղղակի ճանաչում Սերժ Սարգսյանի կողմից:

– Մի առիթով Դուք ակնարկեցիք, որ ԼՂ հարցի կարգավորման գործընթացում հերթական ակտիվ փուլն է ակնկալվում, որտեղ առաջին պլան է մղվելու փախստականների հարցը: Ո՞ր աշխարհաքաղաքական կենտրոններն են կանգնած այդ ծրագրի ետեւում, ի՞նչ նպատակով:

– Ես հիմքեր ունեմ կարծելու, որ այդ հարցի, ավելի ստույգ՝ Ադրբեջանից բռնի տեղահանված հարյուր հազարավոր հայերի ճակատագրի հանդեպ հետաքրքրություն է սկսել դրսեւորել ամերիկյան կողմը: Որոշակի ակտիվություն է նկատվում նաեւ ռուսական քաղաքական-դիվանագիտական մոտեցումների մշակման եւ իրականացման համար պատասխանատու շրջանակներում: Միշտ վստահ եմ եղել, որ առանց հայ փախստականների հիմնախնդիրը խաղաղ բանակցային գործընթացի համատեքստում լուրջ եւ համակողմանի քննարկման առարկա դարձնելու անհնար կլինի գտնել տեւական կայուն խաղաղության բանաձեւը: Մեծ հաշվով, համոզված եմ, որ հենց այդ խնդրի շահագրգիռ քննարկումն է տալու բանակցություններում առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ եւ տարիներ ի վեր սպասված խթանը: Պաշտոնական Երեւանը եւ Ստեփանակերտը ժամ առաջ պետք է սկսեն այս հարցի քննարկումներին լիարժեք կերպով եւ արդյունավետորեն մասնակցելու համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները քաղաքական, իրավական եւ դիվանագիտական բոլոր հարթակներում:

– Հայկական կողմերը ունե՞ն անհրաժեշտ պոտենցիալ՝ մեզ համար նախընտրելի տարբերակներով փախստականների հարցն առաջ մղելու եւ ավելի քան 500 հազար մարդու գործոնն ի նպաստ այդ մարդկանց եւ հայկական պետությունների օգտագործելու:

– Դրա համար անհրաժեշտ նախադրյալները կան՝ տարիների ընթացքում խնդրի հետ կապված լուրջ մասնագիտական մշակումներ են իրականացվել, որոնք մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքների բերումով պահանջված չեն եղել ՀՀ պաշտոնական քաղաքականությունը մշակող եւ իրականացնող պետական կառույցների կողմից: Այսօր գլոբալ աշխարհաքաղաքական միջավայրի արմատական փոխակերպման գործընթացի համատեքստում ձեւավորվող նոր իրողությունները ստիպելու են վերանայել այս խնդրի հանդեպ նախկինում ձեւավորված մերժողական-անտարբեր վերաբերմունքը: Կարող եմ ասել միայն, որ քաղաքական անլրջության դրսեւորում էր խնդրի անտեսումը, սակայն լավ է գոնե այն, որ դրա հետ կապված լուրջ աշխատանք է վարվել հասարակական կառույցների ու մասնագետների մակարդակով. դրա շնորհիվ անհրաժեշտ պահին հայկական կողմերն ամեն ինչ զրոյից սկսելու տխուր հեռանկարից ապահովագրված կլինեն:

– Քանի որ պատմությունն ապացուցել է` Հայաստանի համար բոլոր դժվարին պահերին ՀՅԴ-ն իշխանության է եղել, վերոնշյալ խնդիրների առաջ գալը որեւէ կապ ունի՞ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հետ:

– Դաշնակցության վերաբերմունքն այս խնդրին, հավանաբար, շատ շուտով կերեւակվի: Առայսօր ՀՀ պաշտոնական շրջանակները մշտապես խոչընդոտել են հայ փախստականների հիմնախնդիրը բանակցային գործընթացի համատեքստում քննարկելու, այն բանակցային օրակարգի մաս դարձնելու նախաձեռնություններին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հնարավոր էին համարում այն ծառայեցնել խաղաղ կարգավորման գործընթացի ընդհանուր իրավական ու քաղաքական օրակարգից դուրս՝ զուտ քարոզչական նպատակների համար: Առայսօր ադրբեջանահայ փախստականների խնդրի արծարծումը սահմանափակվել է նրանց հանդեպ ադրբեջանական խուժանի եւ պետական մարմինների կողմից իրականացված բռնությունների սահմռկեցուցիչ մանրամասների վերաբերյալ տեղեկատվական-քարոզչական նյութերի տարածումով, ինչ ծառայեցվել է միայն մեկ նպատակի՝ մեր քարոզիչները փորձում են համոզել միջազգային հանրությանը, որ քանզի Ադրբեջանում հայերին մահացու վտանգ է սպառնում (ինչն ապացուցվում է մեր դժբախտ հայրենակիցների վկայությունների եւ տարատեսակ տեսանյութերի միջոցով), ուստի Արցախը չի կարող վերադառնալ Բաքվի վերահսկողության տակ եւ պետք է կամ ճանաչվի որպես անկախ պետություն, կամ մաս կազմի Հայաստանին: Ու ոչ մի խոսք այդ մարդկանց իրավունքների ու շահերի պաշտպանության եւ կրած զրկանքների փոխհատուցման անհրաժեշտության մասին: Սա քաղաքական կարճատեսության դրսեւորում է, ու եթե Դաշնակցությունը հավանության արժանացնի այս մոտեցումն ու աջակցի դրա կենսագործմանը, Սփյուռքում գործող իր կառույցների միջոցով, ապա դա բոլորիս համար տագնապի լուրջ ազդանշան պետք է լինի:

– «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրեց նախկինում ձեր նախընտրական շտաբը ղեկավարած Էլեոնորա Ասատրյանի թեկնածությունը: Կարծում եմ՝ հետեւել եք գործընթացին, ի՞նչ եզրահանգումներ արեցիք կատարվածից:

– Այն, որ քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված թեկնածության առաջադրման մասին խորհրդարանական ուժերը գերադասեցին լռել եւ այդ փաստը ծածկադմփոց անելով ՄԻՊ ընտրության գործընթացը վերածել քաղաքական աճպարարության՝ շատ հստակ կերպով բնութագրում է մեր ողջ քաղաքական համակարգի, վատ իմաստով, «շուկայական» բնույթն ու էությունը: Տիկին Ասատրյանի թեկնածությունը ՄԻՊ ընտրությունների շրջանակներում ներկայացնելու առաջարկի անտեսումը կուսակցական կառավարման համակարգի գործունակությունը ստուգելու միջոց էր, եւ պետք է խոստովանեմ, որ համակարգն անգամ այս պարզ խնդրի լուծման հետ կապված անգործունակ եւ անսկզբունք գտնվեց:

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
26.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29