Հայկ Կոջոյանի, Ռաֆայել Հարոյանի, Տիգրան Հովհաննիսյանի եւ Կարեն Վարդանյանի գործով, որն անցյալ տարվա դեկտեմբերի 17-ից հայտնի է «Բանդա 2-ի գործից անջատված մաս» անվամբ, երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան չբերվեց ամբաստանյալ Տիգրան Հովհաննիսյանը:
Էդիտա Ամիրխանյանի, Մադլեն Մուրադյանի, Մնացական Սարգսյանի եւ այլոց դեմ քրեական գործով դատավոր Արշակ Վարդանյանի դատավճռի հրապարակման ժամանակ, նույն Տիգրան Հովհաննիսյանը բերվել էր դատարան: Փորձ էր արվել նրա ուղղությամբ շշեր նետել, նետվել էին… լրագրողների ուղղությամբ:
Անջատված մասով ամբաստանյալները մեղադրվում են կազմակերպված խմբի՝ բանդայի կազմում տարադրամի փոխանակման կետերի վրա ավազակային հարձակումներ կատարելու, չենջի աշխատակիցներից Հ. Մկրտչյանին սպանելու, կազմակերպված զինված խումբ ստեղծելու համար: Կա մի դրվագ էլ, երբ չենջի աշխատակցին՝ Հակոբ Մկրտչյանին սպանելուց հետո ամբաստանյալ Կարեն Վարդանյանը հրազենից վնասվածք է պատճառել Հայկ Կոջոյանին:
Հայկ Կոջոյանի պաշտպան Արմեն Ֆերոյանի միջնորդությամբ դատարան էր հրավիրվել դատաբժիշկ փորձագետ Արտաշես Խաչատրյանը: Նա իր եզրակացության մեջ հնարավոր է համարել հրազենային վնասվածքը Հայկի մարմնի վրա, մինչդեռ պաշտպանական կողմը պնդում է, որ դրանք առաջացել են վաղուց, այլ իրի, առարկայի գործադրմամբ, կապ չունի տվյալ գործի հետ:
Այս փորձագետն իր եզրակացությունը տվել էր դեպքից 2-3 ամիս հետո, աշխատանքային ստաժն այն ժամանակ եղել է 2 տարվա: Ընդհանուր ուներ 5 տարվա աշխատանքային ստաժ: Երբ նա վերջացրեց հարցերին պատասխանելը, փաստաբան Արմեն Ֆերոյանը կասկածի տակ դրեց նրա փորձագետ լինելու հանգամանքը, փորձագետը ներկայացրեց իր վկայագիրը:
Կարդացեք նաև
Պաշտպան Արմեն Ֆերոյանին հետաքրքրում էր, թե ի՞նչ առանձնահատկություններ կան հրազենային վնասվածքը թափանցիկից տարբերելու համար, ի՞նչ մարմնական վնասվածքներ է ունեցել Հայկ Կոջոյանը, ինչո՞ւ է արվել ռենտգեն, երբ անզեն աչքով հնարավոր էր տարբերել հրազենային վնասվածքը, ի՞նչ սպիներ են եղել Հայկի վրա, ի՞նչ է նկատվել ռենտգեն հետազոտությունից հետո:
Ըստ փորձագետի, սպին բնորոշ էր հրազենային վնասվածք ստացածին, մի քանի հանգամանքների համադրմամբ է նա հանգել նման եզրակացության: Կոնկրետ այս դեպքում ռենտգենը պարտադիր է եղել: Ըստ ռենտգեն հետազոտության, ոսկրային փոփոխություններ չեն հայտնաբերվել:
Փորձագետն ասաց, որ կարող է տարբերել վնասվածքը ուղղությունից, գույնից, արտաքին տեսքից, հրազենային է, թե ոչ, նաեւ ուժից: Հարցին՝ բացառո՞ւմ եք, որ հրազենային կարող էր չլինել վնասվածքը, փորձագետը հակադարձեց. «Ենթադրյալ հարցերին չեմ պատասխանի»:
Ռաֆայել Հարոյանը մի քանի անգամ տեղից փորձեց միջամտել, ինչի կապակցությամբ դատավորը նախազգուշացրեց, իսկ նրա պաշտպանն էլ՝ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը թեւը ցուցադրելով, փորձում էր իր հարցերի պատասխանը ստանալ փորձագետից:
Մասնավորապես, «հին վաղեմություն» ասելով՝ փորձագետը ո՞ր ժամանակաշրջանը նկատի ունի, վնասվածքի միջանցիկ լինելը կապ ունի՞ վաղեմության հետ, հնարավո՞ր է ոսկորի վրա տեսնեք այլ բան:
Անկեղծ ասած, ինձ թվում էր, թե ազատամարտիկ փաստաբանն իր թեւը մեկնելով՝ կստուգի փորձագետին, թե ինչ վնասվածք ունի ինքը, սակայն փորձագետը հասկացրեց, որ իր եզրակացությունը հիմնվել է կոնկրետ այս դեպքի, առկա փաստերի վրա. «Աստված չանի, Ձեր վրա լինի վնասվածքը, կորոշենք՝ անհրաժեշտության դեպքում»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
նկարները՝ հեղինակի
«Առավոտ» օրաթերթ
26.02.2016