Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերից

Փետրվար 27,2016 13:30
femida

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշ կազմի դատավորներ չեն կիրառում ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշ կազմի դատավորներ դատական ակտ կայացնելիս թույլ են տալիս արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալներ: Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների նպատակը հենց դատավարության բոլոր մասնակիցների համար կանխատեսելի արդարադատության ապահովումն է: ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացվող որոշումները նախադեպային նշանակություն ունեն, այսինքն՝ պարտադիր են ստորադաս դատարանների կողմից նույնանման փաստական հանգամանքներով գործերի քննության ժամանակ: Կանխատեսելի արդարադատության իրականացումն ապահովելու նպատակով Վճռաբեկ դատարանը պետք է հետեւի, որ ստորադաս դատական ատյանների դատական ակտերը լինեն ոչ միայն օրինական, այլ նաեւ իրավական, համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրության եւ Վճռաբեկ դատարանի կողմից նախադեպային որոշումներով հայտնած դիրքորոշումների համաձայն՝ դատական ակտերը պետք է լինեն օրինական եւ հիմնավորված: Քաղաքացիական գործը հարուցվում է միայն համապատասխան հայցի կամ դիմումի հիման վրա, այն քննվում է միայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում, իսկ վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով եւ գործի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը կարող է մասնակիորեն բեկանել եւ փոփոխել ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ: Մինչդեռ, այդ կանոնները կարծես թե ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշ դատավորների համար ընդունելի չեն: Թիվ ԵՇԴ/2464/02/14 քաղաքացիական գործի փաստերի համաձայն՝ սկզբնական հայցով հայցվորի կողմից առաջին ատյանի դատարան ներկայացվել է կայուն դրամական գումարով ալիմենտի բռնագանձման պահանջ, իսկ պատասխանողի կողմից ներկայացվել է հակընդդեմ հայցադիմում՝ երեխաների բնակության վայրը որոշելու պահանջի մասին: Պատասխանողի հակընդդեմ հայցադիմումը վարույթ ընդունվելոււց հետո սկզբնական հայցով հայցվորի կողմից ներկայացվել է հայցի հիմքի եւ առարկայի փոփոխություն կատարելու մասին երկու դիմումներ: Առաջին դիմումով սկզբնական հայցով հայցվորը դատարանից խնդրել էր նաեւ սահմանել երեխայի տեսակցության կարգ, իսկ երկրորդ դիմումով դատարանից խնդրել էր երեխաների բանակության վայրը որոշել իր բնակության վայրը: Սկզբնական հայցվորի կողմից ներկայացված հայցի հիմքի եւ առարկայի փոփոխություն կատարելու դիմումներն առաջին ատյանի դատարանի կողմից քննության է առնվել 2015թ. մարտի 2-ին նշանակված դատական նիստի ժամանակ, որի ընթացքում սկզբնական հայցվորը հրաժարվել է հայցի հիմքը եւ առարկան փոխելու դիմումներից եւ դատարանը որոշել է երեխաների բնակության վայրի որոշման հարցը լուծել պատասխանողի հակընդդեմ հայցի շրջանակներում: Այսինքն՝ սկզբնական հայցով հայցվորի կողմից երեխաների բնակության վայրը որոշելու հայց չի հարուցվել:

Մինչդեռ, առաջ ընկնելով՝ նշեմ, որ վերաքննիչ դատարանը որոշել է առաջին ատյանի դատարանի վճիռը փոփոխել եւ կողմերի երեխաներից մեկի, որի բնակության վայրը առաջին ատյանի դատարանի վճռով որոշվել էր հակընդդեմ հայցվորի բնակության վայրը, որոշել սկզբնական հայցով հայցվորի բնակության վայրը: Այսինքն՝ ստացվում է, որ Վերաքննիչ դատարանը, առանց դրա համար օրենքով նախատեսված հիմքի, փոփոխել է առաջին ատյանի դատարանի վճիռը եւ կողմերի երեխաներից մեկի բնակության վայրը որոշել է սկզբնական հայցով հայցվորի բնակության վայրը, այն դեպքում, երբ վերջինիս կողից դատարան ներկայացված նման պահանջով հայց հարուցված չի եղել: Այդ մասին նշվել է նաեւ վերաքննիչ բողոքի պատասխանում, մինչդեռ վերաքննիչ բողոքի պատասխանով ներկայացված առարկություններին Վերքաննիչ քաղաքացիական դատարանը եւս չի անդրադարձել: Բացի այդ, նշված գործով սկզբնական հայցով հայցվորը կայուն դրամական գումարով ալիմենտի բռնագանձման մասով առաջին ատյանի դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացրած չի եղել, մինչդեռ Վերաքննիչ դատարանն անդրադարձել է նաեւ ալիմենտի բռնագանձման մասով առաջին ատյանի դատարանի վճռին եւ այդ մասով եւս փոփոխել այն, որոշելով առաջին ատյանի դատարանի թիվ ԵՇԴ/2464/02/14 վճիռը մասնակիորեն բեկանել եւ փոփոխել: Պատասխանողից հօգուտ հայցվորի որպես ալիմենտ բռնագանձել պատասխանողի ամսական վաստակի եւ այլ եկամտի մեկ երրորդը: Այսինքն, Վերաքննիչ քաղաքացիական դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերից եւ անդրադարձել է նաեւ երեխաների նկատմամբ կայուն դրամական գումարով ալիմենտ սահմանելու մասով դատարանի վճռի օրինականության հարցին, անտեսելով այն հանգամանքը, որ այդ մասով առաջին ատյանի դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք չի ներկայացվել: Սա մեկ բառով կարելի է որակել խայտառակություն:

Սույն գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի ապօրինություններն այսքանով չեն սահմանափակվել: Գործի փաստերի համաձայն, ինչպես հայցադիմում ներկայացնելու օրվա դրությամբ, այնպես էլ դրանից հետո կողմերի երեխաներից մեկը բնակվել է սկզբնական հայցով հայցվորի, իսկ մյուսը պատասխանողի հետ միասին: Այդ փաստը եղել է անվիճելի, որի վերաբերյալ մի քանի գրավոր ապացույցներ է ներկայացվել նաեւ պատասխանողի կողմից: Բայց Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, հաշվի չառնելով այդ հանգամանքը, ինչպես նաեւ բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ չգնահատելով գործում առկա այդ փաստը հիմնավորող ապացույցները, որոշել է հայցադիմումը ներկայացնելու օրվանից սկսած՝ պատասխանողից ալիմենտ բռնագանձել նաեւ վերջինիս խնամքին գտնվող երեխայի համար:

ՂԵՎՈՆԴ ՊԱՊՈՅԱՆ

փաստաբան

 

«Առավոտ» օրաթերթ
26.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29