Հաճախ խոսակցությունների առիթ է դառնում, թե նշանավոր արվեստագետների ո՞ր տարեդարձներն են համարվում հոբելյանական, օրինակ՝ 0-ով վերջացող տարեթվերի հետ մեկտեղ 5-ով վերջացողներն է՞լ են արժանի հանդիսավոր նշվելու: Գոյություն ունեցող կարգի համաձայն, անվանի մարդկանց հոբելյանները կառավարական մակարդակով մինչեւ 100-ամյակը նշվում է տասը տարին մեկ, իսկ 100-ից սկսած՝ 25 տարին մեկ:
Օրերս «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Թ. Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլի տնօրեն Աշոտ Տիգրանյանը փաստելով, թե ինչպես հաճախ իրավական փաստաթղթերում են լինում բացառություններ, այնպես էլ դրանք նույնիսկ անհրաժեշտ են մեծանուն արվեստագետների դեպքում:
Կարդացեք նաև
«Թաթուլ Ալթունյանը 1938թ. հիմնադրեց մեր անսամբլը, որն առանձնացավ իր յուրահատուկ ազգային երգի-պարի ժանրով՝ չունենալով նախատիպը ոչ միայն Հայաստանում, այլեւ խորհրդային պետության ողջ տարածքում: Սա իսկապես նորույթ էր իր առջեւ դրված կոնկրետ նպատակներով: ԽՍՀՄ ժողովրդական արտիստն ու պրոֆեսորը իրականացնում էր այդ նպատակը, Հայաստանի տարբեր շրջաններից հավաքագրելով ժողովրդական երգը, հարկ եղած դեպքում դրանք մաքրելով, օտարամուտ տարրերից ազատելով: Հղկում էր, բազմաձայնում ու նոր համերգային ու բեմական կյանք պարգեւում, վերադարձնելով սկզբնաղբյուրին՝ ժողովրդին»,- ասաց պարոն Տիգրանյանն ու հարցով դիմեց՝ նման արվեստագետի հոբելյանը նշելու համար արդյոք կարեւո՞ր է, թե ծննդյան տարեթիվը վերջանում է 0-ով, 5-ով, կամ… Հավաստիացրեց նաեւ, որ Երգի-պարի անսամբլը իր հիմնադրի ծննդյան օրվան, եւ ոչ միայն, անդրադառնում է ամենատարբեր առիթներով:
Աշոտ Տիգրանյանը տեղեկացրեց, որ այս տարի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանի 90-ամյակն է, որին կանդրադառնան առանձին համերգով. «1974-77թթ. Ավետիսյանն անսամբլի գեղարվեստական ղեկավարն էր: Նա ծրագիրը հարստացրեց հեղինակային, սակայն ժողովրդական ոգով գրված բազմաթիվ ստեղծագործություններով»: Շեշտեց, թե անսամբլի բախտը ի սկզբանե բերել է, Ալթունյանին փոխարինել է Էդգար Հովհաննիսյանը, հետո՝ Ավետիսյանը, ապա՝ Էմմա Ծատուրյանը, որոշ ժամանակ անց՝ Ալթունյանի որդին՝ կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանը եւ այլն, հիշեցնելով, որ 2004-ից անսամբլի գեղարվեստական ղեկավարն է դարձյալ Ալթունյանի որդին՝ դիրիժոր, խմբավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանը:
Մեր զրուցակիցը, անդրադառնալով հոբելյաններին, չբացելով որոշ փակագծեր, հայտնեց, որ լրջորեն նախապատրաստվում են Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներին: Հաստատելով մեզ հասած լուրը, թե գարնանը անսամբլին սպասվում են հյուրախաղեր Իտալիայում, փոքր-ինչ մանրամասնեց. «Իտալիայի 5 քաղաքներում կկայանան անսամբլի համերգները: Ի դեպ, ինչպես միշտ, այս համերգաշրջանի սկզբում էլ մեր գլխավոր աջակիցը եղել եւ մնում է մշակույթի նախարարությունը, ու առանց չափազանցնելու կարող եմ հայտարարել, որ գերատեսչության շնորհիվ էր անսամբլի ընթացիկ համերգաշրջանի սկզբում՝ սեպտեմբերին մեր ելույթները Տավուշի մարզում՝ Բերդ, Դիլիջան քաղաքներում եւ իհարկե՝ զորամասում: Հիմա, երբ նախապատրաստվում ենք Իտալիա կայանալիք շրջագայությանը, արտիստները հաճախ գլխավոր բալետմայստերին՝ Հովհաննես Խաչիկյանին կամ Ժիրայր Ալթունյանին խնդրում են այս կամ այն համարն էլ ընդգրկել հյուրախաղային ծրագրում, փաստելով մեր զինվորների ու սպայական կազմի բուռն արձագանքը դրանց»:
Հետաքրքրվեցինք նաեւ անսամբլի ծրագրի «թարմացմամբ»: Աշոտ Տիգրանյանի ձեւակերպմամբ՝ Թաթուլ Ալթունյանի անունը կրող ամուր ազգային հիմքով ստեղծված 78-ամյա անսամբլը մշտապես գերազանց «մարզավիճակում» է ու դեռ ստեղծագործական վերելքի նոր բարձունքներ է հաղթահարելու:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.02.2016