Օրերս Բեռլինի գրականության տան դահլիճում կայացավ Պարույր Սեւակի ստեղծագործությունների փոքրիկ ժողովածուի շնորհանդեսը: Ներկաների շարքում էին Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը (առաջին լուսանկարում), Գերմանիայի Հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը, հայկական համայնքի բազմաթիվ անդամներ, հայ ուսանողներ, գերմանացի ընթերցասերներ, թուրք մտավորականներ եւ այլ հյուրեր: Und sticht in meine Seele՝ «Ու ծակում հոգիս» վերնագրված եւ 104 էջից բաղկացած գիրքը լույս է տեսել 2015-ին՝ «Հանս Շիլեր» հրատարակչատանը` վերջինիս հովանու ներքո: Նախաձեռնության հեղինակ, Բոխումի գրողների միության նախագահ տիկին Հայդե Ռիկը իր ճամփորդություններից մեկի ժամանակ պատահաբար դիմել է Սեւակ անունով մի հայի:
Զրույցը հատկապես անվան հետ կապված՝ տպավորիչ է եղել, նա բացահայտել է հայ անվանի բանաստեղծ Պարույր Սեւակին: Ու Սեւակի որոշ բանաստեղծություններ կարդալուց, ուսումնասիրելուց հետո, որոշում է կայացրել անպայման թարգմանել: Գրքի թարգմանիչներից գրող, բանաստեղծուհի Ագապի Մկրտչյանը պատմում է. «Մի օր պարոն Ազատ Օրդուխանյանը զանգահարեց ինձ: Սեւակ թարգմանելու առաջարկին այո ասացի, բայց այդ ժամանակ չգիտեի, թե այդ «այո»-ն ինչ մեծ պատասխանատվություն էր, չնայած թարգմանության փորձը կար: Շուրջ երկու տարի իմ ազատ ժամանակը տրամադրել եմ այս գործին»: Ազատ Օրդուխանյանն էլ հավաստիացնում է. «Մեր գործը միայն միջնորդի դերն էր: Երկու թարգմանիչները միասին աշխատել են թե՛ Բոխումում, թե՛ Վիսբադենում: Երբ արդեն գիրքը պատրաստ էր տպագրության, հրատարակչությունը պայման դրեց, որ 1000 օրինակից 200-ը պետք է առնենք, դրանից 30-ը մենք վերցրեցինք, մնացածը՝ Բոխումի գրողների միությունը»:
Փետրվարի 19-ին գրքի շնորհադեսը տեղի ունեցավ Փոթսդամում` Լեփսիուսի տանը, որը տարիներ արդեն հայկական շնչով է լցված: Ավելի վաղ թարգմանության հեղինակներն այն ներկայացրել են Գերմանիայի եւ Հայաստանի տարբեր քաղաքներում: Բեռլինում նրանց ելույթը հուզումնառատ էր: Երաժշտական կատարումներով հանդես եկան երգիչ, դերասան Ստեփան Գանտրալյանը եւ թավջութակահարուհի Քրիստիանե Կոնրադը: «Հրաշալի միջոցառում էր: Պարույր Սեւակ հասկանալ, ընկալել եւ թարգմանել ու հասցնել այլ ազգի, այլ մշակույթի, մեծ գործ է: Այս ամենի համար շնորհակալություն եմ հայտնում թարգմանիչներին եւ Շիլեր հրատարակչությանը»,- մեզ հետ զրույցում նշեց պարոն Աշոտ Սմբատյանը:
Կարդացեք նաև
ԳԱՅԱՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Արվեստագիտությունների թեկնածու
«Առավոտ» օրաթերթ
26.02.2016
Հաճելի երևույթ է, երբ մեր մշակույթը տարածվում է աշխարհում, բայց միևնույնն է պոեզիան բնագրով կարդալու հաճույքն ուրիշ է: Հուսանք, որ տիկին թարգմանիչները գերազանց են թարգմանել, Սևակին սևակաբար են ներկայացրել…
ՄՕԼՕԴԵՑ Սևակ անունով հային, պատկերացնում եք, եթե շատ Սևակ, Հովհաննես, Վահան և այլ գրողների ու բանաստեղխների անունով հայերն էսպես իրենց դրսևորեին, մեր գրականությունն ինչքան կտարախվեր աշխարհում: