Լրահոս
Օրվա լրահոսը

Համերգ ցեխերի մեջ. էլիտար բեմերից հետո աշխարհահռչակ գյումրեցին կնվագի իր քաղաքի ամենաաղքատ թաղամասում (Ֆոտոշարք)

Փետրվար 26,2016 23:15

Գյումրու «Ֆանտաններ» կոչվող տնակային թաղամասը աշխարհի ամենալքված, ամենաթշվառ ու ամենացեխոտ վայրն է. այստեղ մարդիկ ապրում են համարյա թե բաց երկնքի տակ. ջարդուխուրդ եղած կտուրներով փտած, ժանգոտած, իրենց դարն ապրած տնակներում՝ պայքարելով եղանակի քմահաճույքների ու մոտակա դաշտերից տնակ ներխուժող առնետների դեմ: Ու այս թաղամասում երեխաներ են մեծանում՝սոված, կիսամերկ, որոնք, բնականաբար, չգիտեն ինչ է տունը: Այս թաղամասում վաղը համերգ կտա աշխարհահռչակ ջազ դաշնակահար, գյումրեցի Տիգրան Համասյանը: Ինչպես հայտնի է՝ լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը Գյումրու անօթևանների համար 13 բնակարան ձեռք բերելու համար սկսել էր բարեգործական միջոցառումների համալիր ծրագիր, որի իրագործման համար անհրաժեշտ է հավաքել 120 հազար ֆունտ:

Այս ակցիային անդրադարձել էր նաեւ AL Jazeera միջազգային հեռուստաընկերությունը, այնուհետ BBC-ն, CNN-ը : Իսկ վաղը մեր մատնանշած թաղամասի Սավոյան փողոցի 227/269 տնակի բակում համերգ կտա Տիգրան Համասյանը: Գյումրի կայցելեն աշխարհի ամենահեղինակավոր լրատվամիջոցներն ու Տիգրան Համասյանի երկրպագուները՝ Իրանից, Ռուսաստանից, Թուրքիայից…Մի խոսքով, վաղը աշխարհը կտեղափոխվի Գյումրի: Երկրաշարժից հետո դեռ 27 տարի թշվառության ճիրաններում գտնվող այս քաղաքը՝ իր ցեխոտ փողոցներով ու մարդկային տարրական պայմաններից զուրկ տնակներով կհայտնվի աշխարհի ուշադրության կենտրոնում:

Nune_1 12765773_944244085661316_903236982_o 12765820_944244082327983_1331352470_o 12768050_944244058994652_131336398_o 12776690_944244075661317_2103268329_o 12788037_976208099099725_1619361817_n 12789976_944244078994650_1524420181_o

Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու դրամատիկական թատրոնի պրոդյուսեր, համերգի կազմակերպչական հարցերով պատասխանատու Տիգրան Վիրաբյանն ասաց. «Գիտեք որ Տիգրան Համասյան երաժշտի հանդեպ հետարքրքությունը մեծ է ոչ միայն Գյումրիում, ոչ միայն Երեւանում, այլ Հայաստանի սահմաններից դուրս, եւ Հայկ Բարսեղյանը ինձ տեղեկացրեց, որ համերգով հետաքրքրված են ոչ միայն Հայաստանում, այլ շատ մարդիկ են եղել, որոնք զանգահարել են Հայկին, տեղեկացել համերգի վայրի մասին: Եվ նույնիսկ մարդիկ կան, որոնք գալիս են Ռուսաստանից համերգին մասնակցելու, գալիս են Պարսկաստանից, որովհետեւ հաճախ չի լինում հնարավորություն իրենց երկրներում մասնակից դառնալու նման համերգային ծրագրի:

Ինչ խոսք, Տիգրան Համասյան երաժշտից բացի նրանց Գյումրի է բերում ակցիայի հանդեպ հետարքրքությունը, հետաքրքրությունը համերգի ձեւաչափի հանդեպ: Պիտի ընդունենք, որ սա իր ձեւաչափով յուրօրինակ համերգ է, ու այն հետաքրքրություն է առաջացրել Հայաստանի սահմաններից դուրս: Ինչպես գիտեք, Հայկ Բարսեղյանի կազմակերպած այս մեծ, ծավալուն, համալիր ծրագրին նաեւ միջազգային լրատվամիջոցները մեծ արձագանք տվեցին, եւ լրատվամիջոցներից շատերը վաղը կլինեն Գյումրիում, կունենան հարցազրույցներ Հայկի ու այն մարդկանց հետո, որոնք պատասխանատու են այս ամեն ինչի համար:

Տիգրան Համասյանը իր համերգով եւս մեկ անգամ մեծ ուշադրություն սեւեռեց խնդիրին, ուշադրություն սեւեռեց երկար ու ձիգ տարիներ ձգվող այս պատմությանը. վստահ կարող եմ ասել, որ երբեւիցե նման մասշտաբային լուսաբանում չէր ունեցել, միշտ խնդրի մասին խոսվել էր ներսից, քաղաքում, երկրի սահմաններում, բայց հիմա խնդրի մասին խոսում է միջազգային մամուլը, որը շատ կարեւոր է լուծմանը հասնելու համար: Եվ Հայկի կողմից կազմակերպած համերգը Տիգրան Համասյանի հետ եւս մեկ անգամ առիթ կտա, որ խնդիրը բարձրաձայնվի ոչ միայն Հայաստանում, այլ Հայաստանի սահմաններից դուրս, եւ դրանով իսկ մենք կօգնենք այդ գումարը հավաքելու ու օր առաջ այդ խնդրին լուծում տալու»:

Համերգի կազմակերպիչները անօթեւանության խնդիրն ավելի տեսանելի դարձնելու համար, դիմել են յուրօրինակ, կարելի է ասել խորամանկ մեթոդի, ավտոմեքենայով համերգի եկող այցելուները վաղը չեն կարողան իրենց տրանսպորտային միջոցով հասնել համերգային տարածք. նրանք կարող են կայանել համերգային տարածքից մոտ 200 մետր հեռավորության վրա:

Ըստ Տիգրան Վիրաբյանի, նպատակն այն է, որ համերգի մասնակիցները քայլեն այդ թաղամասի քարքարոտ, ցեխոտ տարածքներում ու սեփական կաշվի վրա զգան, թե ինչ է նշանակում ապրել այդ ծայրամասային թաղամասում: «Դեռ 21-րդ դարում, ցավոք սրտի, մենք ունենք մարդիկ, որոնք ապրում են տնակային ավաններում, որոնց համար սեփական տնակ հասնելը մեծ բարդություն է, որովհետեւ այդ ճանապարհները քանդված են, փոսի ու ցեխաջրի մեջ լցված են, նույնիսկ սեփական տուն ելումուտ անելը պրոբլեմատիկ է»:

Ըստ մեր զրուցակցի, ամենամեծ, ամենահեղինակավոր համերգասրահներից հետո Տիգրան Համասյանը վաղը ելույթ կունենա Գյումրու ամենաանմխիթար թաղամասում՝ ցեխերի մեջ: Տիգրան Վիրաբյանի ասելով, ընտրել են այնպիսի մի տնակի բակը, որը մեծ է ու կկարողանան մեծ թվով մարդկանց հյուրընկալել: Այնտեղ տեղադրել են գերհզոր ձայնային ժամանակակից տեխնիկա, որը հնարավորություն կտա դրսում, համերգային տարածքում ու թաղի ցանկացած անկյունում ունկնդրել Տիգրան Համասյանի պրոֆեսիոնալ երաժշտության ձայնը:

Տիգրան Վիրաբյանը նաեւ ոչ պակաս կարեւոր է համարում այն հանգամանքը, որ «Շիրակ» հանրային հեռուստաընկերությունը նկարահանելու ու ուղիղ հեռարձակելու է համերգը ու պատրաստ է իր յութուբյան ալիքը տրամադրել բոլոր նրանց, որոնք ցանկություն ունեն հեռարձակել ու դիտել համերգը: Փաստորեն,այն մարդիկ, որոնք հնարավորություն չեն ունենա ներկա գտնվելու համերգին, կարող են դիտել առցանց, սա եւս կօգնի մարդկանց հետաքրքրությունը հրավիրել խնդրին ու օր առաջ հայթայթել նախատեսված գումարը:

Ի դեպ, վաղը համերգի տարածքում կտեղադրվի արկղ, մարդիկ կարող են դրամահավաքին մասնակցել այս տարբերակով:

Լուսանկարները՝ Տիգրան Վիրաբյանի ու Aravot.am-ի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Armen says:

    Հարգելի հոտվածագիր,

    Կարդում եմ Ձեր հոտվածը ու այն տպավորությունը է մոտս մնում, որ դրսի մարդիկ, հյուրերն են մեղավոր, որ մեր հայրենակիցները այդ վիճակում են ապրում ու հիմա պիտի արագ համերգից հետո փող հավաքեն ու այդ հարցը լուծեն/իրենց “մեխքը” քամեն:
    Իմ կարծիքով դա ոչ թե դրսի փողից է կախված, այլ ներսինի նամուսից:

  2. Ամոթ էն պետությանը,որ երկրաշարժից հետո մարդիկ դեռ 27 տարի թշվառության ճիրաններում պիտի գտնվեն,իսկ ոմանք ճոխության մեջ հղփանան:Հազար ամոթ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29