«Մեր Ատլանտիդան». այսպես է կոչվում ռեժիսոր Արթուր Սուքիասյանի առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմը, որի փակ ցուցադրությունն այսօր տեղի ունեցավ «Ակումբ»-ում (“The Club”):
Հայոց ցեղասպանության ծանր հետևանքները ներկայացնող «Մեր Ատլանտիդան» հայ-ֆրանս-թուրքական համատեղ արտադրություն է։ 83 րոպե տևողությամբ ֆիլմը նկարահանվել է 2014-ին, Հայաստանում և Թուրքիայում։
Ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Արթուր Սուքիասյանն է, օպերատորը՝ Թամմամ Համզան, երաժշտության հեղինակը՝ Վարդան Հարությունյանը, գրաֆիկ դիզայները՝ Սերգեյ Նավասարդյանը:
«Մեր Ատլանտիդան» Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող հայկական մանկատան՝ «Քամփ Արմեն» անունով հայտնի ամառային ճամբարի մասին է, որը 1960-ական թվականներին կառուցել են հայ որբերը, և որը հետագայում խլվեց թուրքական իշխանությունների կողմից: Բարեբախտաբար, նախորդ տարվա հոկտեմբերին այն վերադարձվեց հայ համայնքին: Ներկայումս կիսաքանդ, գրեթե ավերակի վերածված շինությունը ժամանակին եղել է չքավոր ու որբ հայ երեխաների ամառային ճամբարը, որտեղ 1500 հայ մանուկներ կարողացել են պահպանել իրենց ինքնությունը:
Կարդացեք նաև
Հայտնի է, որ այստեղ են մեծացել նաև 2007 թ. Թուրքիայում սպանված հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքը և նրա կինը՝ Ռաքել Դինքը:
Ի դեպ, ռեժիսորը «Մեր Ատլանտիդան» անվանումը Հրանտ Դինքի՝ «Ակօսում» տպագրված հոդվածներից մեկից է վերցրել, որտեղ Դինքը գրել է. «Ճամբարը մեր տունն էր, մեր ամեն ինչը, մեր Ատլանտիդան»:
Ա. Սուքիասյանի բնութագրմամբ՝ ֆիլմը ճամփորդություն է ճամբարի անցյալի և ներկայի միջև, և ցույց է տալիս, թե ինչպես երեք տասնամյակ անց ճամբարի սաները փորձում են չկորցնել դրա մասին իրենց հիշողությունները: Նրանք մտովի տեղափոխվում են անցյալ, վերհիշում ճամբարում անցկացրած իրենց տարիները: Ամեն հերոս իր հիշողություններն ունի:
Այդ հիշողություններից բացի, ֆիլմում անդրադարձ կա նաև Ստամբուլում այսօր ապրող հայերի մտահոգություններին: Հերոսներից մեկի՝ Կարապետի խոսքով՝ թվում է, թե թուրքական կառավարության ներկայիս քաղաքականությունը բաց է, բայց «նորեն փայտը ձեռքն է, և երբեմն այդ փայտն անկյունեն կցուցնե ու կհիշեցնե՝ բարի կեցիր»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ